ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հարցազրույց Արցախի
գիտական կենտրոնի տնօրեն
Անյուտա ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Տիկին Սարգսյան, Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է։ Ո՞րն է օրվա խորհուրդը։
-Սկսած 2002 թվականից` Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման Գիտության օրը, որի նպատակն է ընդգծել գիտության կարևոր դերը հասարակության կյանքում, իրազեկել քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնել գիտության ոլորտում աջակցությունը, խրախուսել ազգային և միջազգային համերաշխությունը՝ տարբեր երկրների գիտական նվաճումների փոխանակման համար, համախմբել գիտության շուրջ համաշխարհային հանրությանը։ Օրը հաստատվել է 1999 թվականին՝ Բուդապեշտում՝ Համաշխարհային գիտական կոնֆերանսում: Իսկ 2001 թվականին այն պաշտոնապես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2002 թվականից։ Օրվա կապակցությամբ մեզ մոտ՝ Կենտրոնում, միջոցառումների շարք է նախատեսված՝ կոնկրետ մեր աշխատակազմի համար։
- Արցախի գիտական մտքի զարգացման օջախ է հանդիսանում Գիտական կենտրոնը։ Որքանո՞վ է հաջողվում հասարակության ուշադրությունն ուղղել դեպի գիտությունը։ Գիտության բնագավառում ի՞նչ հիմնախնդիրներ են առկա…
- Հարկ է նշել, որ Արցախի գիտական կենտրոնն իր կանոնադրության համաձայն իրականացնում է Արցախի գիտական հաստատություններում և կազմակերպություններում աշխատող գիտական և գիտատեխնիկական մասնագետներին իր կազմում միավորելու գործընթաց, ինչպես նաև նպաստում է Արցախում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանը, կարևորագույն գիտաարտադրական հիմնախնդիրների առաջադրմանն ու դրանց լուծմանը, որոնք կոչված են նպաստելու տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը: Այս նպատակով Գիտական կենտրոնում մշակվում և կյանքի են կոչվում մի շարք տարբեր ծրագրեր: Որպես գիտական օջախ՝ մշտապես ձգտում ենք գիտության դերն ու նշանակությունը հասարակությանը ներկայացնել հասկանալի, հետաքրքիր և հասանելի տեղեկատվությամբ։ Առանձնահատուկ տեղ ենք հատկացնում երիտասարդ սերնդին՝ փորձելով գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների թիվն ավելացնել հասարակության մեջ։
- Իսկ, ընդհանուր առմամբ, գո՞հ եք գիտության մեջ երիտասարդության ներգրավվածությունից։ Ի՞նչ փուլերով է անցնում երիտասարդը գիտական աստիճան ստանալու համար։
- Արցախի Գիտական կենտրոնում մեծ տեղ է հատկացվում գիտական աշխատանքներին երիտասարդության ներգրավմանը և նրանց ունակությունների բացահայտմանը: Ուշագրավ է այն փաստը, որ Կենտրոնի աշխատակիցները հիմնականում երիտասարդներ են: Գործունեության տասնհինգ տարիների ընթացքում Արցախի գիտական օջախի գիտաշխատողները մասնակցել են տասնյակ գիտական ծրագրերի մրցույթների, որոնք շահելու արդյունքում իրականացվել են կիրառական նշանակության նախագծեր։ Ծրագրերի հաղթողների ու մրցանակների մասին հրապարակվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մի շարք հեղինակավոր ամսագրերում։ Կենտրոնի երիտասարդ գիտաշխատողները բազմիցս մասնակցել ու մասնակցում են միջազգային գիտաժողովների:
Այսուհանդերձ՝ անհանգստանալու տեղիք է տալիս գիտության բնագավառում երիտասարդների ներգրավվածության նվազման միտումը, որի խորքային պատճառներն առանձին վերլուծության խնդիր է։
Գիտնականի որակավորումը ֆորմալ ձևով հաստատվում է գիտական աստիճանով և գիտական կոչումով: Ինչպես աստիճանների, այնպես էլ կոչումների շնորհումը վերահսկվում է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) կողմից սահմանված ընթացակարգով:
- Գիտության և գիտնականների հանդեպ ցուցաբերվող պետական աջակցությունից գո՞հ եք։
- Պետություն-գիտություն կապը շատ կարևոր է, և եթե կա այդ կապը և հստակ ձևակերպված է տեսլականը, ավելի արդյունավետ է լինում աշխատանքը։ Գիտությունը և կրթված մարդն են յուրաքանչյուր պետության դեմքը:
Գիտությամբ զբաղվելը կարելի է խրախուսել դրամաշնորհների միջոցով: Ժամանակակից աշխարհում որևէ երկրի գիտություն մեկուսացված չի կարող զարգանալ, այստեղ կարևորվում է համագործակցության նշանակությունը։ Անշուշտ, կարևոր եմ համարում նաև պետական հոգածությունը գիտության նկատմամբ, քանի որ դրամաշնորհային ծրագրերը չեն կարող լուծել պետության զարգացման խնդիրը, բայց կարող են հզորացնել գիտական խմբերը, որոնք էլ պետպատվերով՝ անվտանգության ապահովմանը համապատասխան ծրագրեր կիրագործեն:
Կարծում եմ, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ պետությունն ու գիտությունը համընթաց զարգանան։ Հասկանում ենք, որ հետպատերազմյան իրավիճակում բավական դժվար է միանգամից ավելացնել ներդրումները գիտության բնագավառում։ Սակայն եթե դա չարվի, ունենալու ենք ոչ թե զարգացում, այլ, ընդհակառակը, անկում։ Եթե ուզում ենք ունենալ հզոր պետություն, պիտի ունենանք զարգացած գիտություն, իսկ գիտություն ունենալու համար պետք է ավելացնենք ֆինանսավորումը։
Մեր տարածաշրջանում գոյատևելու համար պարզապես պարտավոր ենք ունենալ հզոր պետություն՝ իր զարգացած գիտությամբ։
- Ներկայում քանի՞ գիտական հետազոտություն է կատարվում Արցախի գիտական կենտրոնում և դրանցից քանի՞սը կկիրառվի երկրի տնտեսության մեջ։
- 2022թ. իրականացվում է 19 գիտական ծրագիր, որոնցից 12-ը՝ ԱՀ պետբյուջեից ֆինանսավորվող, 5-ը՝ ՀՀ Գիտության կոմիտեի կողմից, մեկը՝ ԱՆՍԵՖ-ի, և մեկ ինկուբացիոն ծրագիր։
Ժամանակակից գիտական հետազոտություններն իրականացվում են 3 հիմնական ուղղությամբ. ֆունդամենտալ (արմատական) գիտական հետազոտություններ, որը առարկայի խորը և բազմակողմանի հետազոտությունն է՝ նոր հիմնավոր գիտելիքների ստացման, ինչպես նաև դիտարկվող երևույթների օրինաչափությունների բացահայտման նպատակով, որի արդյունքները անմիջականորեն չեն օգտագործվում արդյունաբերական նպատակներով։
Կիրառական գիտական հետազոտություններ, որոնց արդյունքը նոր տեխնոլոգիաների ստեղծումն ու կատարելագործումն է։
Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումներ. այստեղ գիտությունը միանում է արտադրությանը՝ դրանով ապահովելով այդ նախագծերի ինչպես գիտական, այնպես էլ տեխնիկական և ինժեներական մշակումները։ Այս առումով պետք է նշենք, որ առկա է գիտություն - արտադրություն կապը` ի դեմս Արցախի գիտական կենտրոնում առկա մի շարք տեխնոլոգիաների, իսկ սպառողի կողմից մեծ պահանջարկ վայելող Նարինե+ ֆունկցիոնալ կաթնամթերքի արտադրությունը, ինչպես գիտեք, մեկնարկել է ընթացիկ տարվա փետրվարից:
Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել մեր գիտնականներին ու գիտաշխատողներին՝ Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթել հաջողություններ, համարձակ գաղափարներ և դրանց իրականացում` ի շահ մեր երկրի զարգացման։ Չափազանցություն չէ այն միտքը, որ երկրի ապագան գիտնականների ձեռքում է։
Հարցազրույցը վարեց
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ