ՇՈՒՇԻԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ
Արցախի Հանրապետության Բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը ստեղծվել է 2022թ. մայիսի 30-ին՝ ԱՀ նախագահի հրամանագրով։ 15 անդամներից կազմված խորհրդի առջև խնդիր է դրվել բացահայտել, ցանկագրել այն բոլոր հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում։ Խորհրդի աշխատանքները համակարգող, «Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ դա ինքնին մեծ խնդիր էր, քանի որ բացի պետականից, բազմաթիվ մասնավոր հավաքածուներ կային բռնազավթված տարածքներում։ Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում են մնացել ոչ միայն արվեստի գործերը, այլ նաև դրանց ցանկերը, կատալոգները և մյուս փաստաթղթերը։
Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում ներկայացվել են Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների մի մասը։ Թվային պատկերը հետևյալն է՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարան՝ 648 ցուցանմուշ, Սամվել Թավադյանի արվեստանոց- ցուցասրահի հավաքածու՝ 168 ցուցանմուշ, Շուշիի արվեստի կենտրոնի հավաքածու՝ 66 ցուցանմուշ, Շուշիի քանդակի միջազգային պուրակի հավաքածու՝ 51 ցուցանմուշ, Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու՝ 37 ցուցանմուշ, Նարեկացի արվեստի միության հավաքածու՝ 36 ցուցանմուշ, Արտակ Պողոսյանի արվեստանոց-ցուցասրահի հավաքածու՝ 20 ցուցանմուշ։
«Փաստացի այս պահին ապացուցողական հիմքով ունենք հավաքագրած 1026 գեղարվեստի գործերի նմուշներ, որոնք մնացել են Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում։ Հայերեն, ռուսերեն ու անգլերեն ներկայացվել է հավաքածուների նկարագրությունը, առկայության դեպքում կցվել են լուսանկարները։ Յուրաքանչյուր հավաքածուի համար կազմվել են հետևյալ ձևաչափով ցանկեր՝ առարկայի անվանումը, նույնականացման համար անհրաժեշտ տվյալները, արվեստի գործի չափերը և այն նյութը, որից պատրաստված է։ Ցանկերի հիման վրա ստեղծվել են շնորհանդեսային նյութեր և տեսանյութեր։ Սրանք պաշտոնական տվյալներ են, այսուհետ պետք է օգտագործվեն այն անվանումներն ու ձևակերպումները, որոնք հրապարակվում են»,- ընդգծեց Ս. Շահվերդյանը։
Խորհրդի նախագահ, ԱՀ նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, կարևորելով կատարված աշխատանքը, նշել է, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ կազմված ցուցակների մասին իրազեկել հայկական և արտասահմանյան լսարաններին. «Առնվազն յուրաքանչյուր ոք իր շրջանակներում՝ Հայաստանում և արտասահմանում, պետք է հնարավորինս տարածի այս նյութերը, որպեսզի թեման պարբերաբար «թեժ» պահենք, ներկայացնենք, թե ինչ ենք կորցրել, ինչ կա վտանգված և ինչ կարող ենք կորցնել ապագայում, եթե մեր աշխատանքը պատշաճ չկատարենք, և միջազգային հանրությունը, միջազգային կառույցները պատշաճ կանխարգելիչ միջոցներ կձեռնարկեն, իսկ կանխարգելումը ենթադրում է նաև նախորդ դեպքերի պատժում»։
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, խորհրդի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում և այլ վայրերում նման շնորհանդեսներ կազմակերպելու համար։ Նաև ավելացրել է, որ Մարդու իրավունքների միջազգային դատարանում արդեն երկու գործ կա, որոնցից մեկը վերաբերում է Հադրութի Սբ Հարություն եկեղեցուն, մյուսը՝ Քարին տակի Սբ Աստվածածին եկեղեցու պղծման և վանդալիզմի դեպքերին։
Այսօրվա դրությամբ բացահայտվել է Շուշիում մնացած թանգարանային և գեղարվեստի գործերի 13 հավաքածու։ Դրանք են՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի, Շուշի քաղաքի պատմության պետական թանգարանի, Շուշիի երկրաբանության պետական թանգարանի, Շուշիի պատկերասրահի, Շուշի քաղաքի քանդակի միջազգային ՊՈԱԿ-ի, Շուշիի արվեստի կենտրոնի ցուցասրահի, Շուշիի դրամագիտության թանգարանի հավաքածուները, Արցախյան գորգի թանգարանի հավաքածուի մի մասը, ինչպես նաև՝ Նարեկացի արվեստի միության, Սամվել Թավադյանի, Արտակ Պողոսյանի, Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահների հավաքածուները և Դուշման Վարդանի տուն-թանգարանի հավաքածուն։
Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ