Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ծանր շնչառություն

 

ՄԵԾ ՀՈՐԻՆՈՂԸ


Ես հաճույքով թռչուններ եմ հորինում,
որպեսզի արդարացնեմ երկնքում բնակվելու որոշումս՝
անբեկանելի ու ինքնամեծար,
հորինում եմ տուն, որ ԵՐԿԻՐՍ չմնա դրսում,
ճանապարհներ եմ հորինում, որ առատորեն ծաղկի կարոտս,
և ինձ երբեք չլքի բոլոր
հեռացումներից վերադառնալու ցանկությունը,
հետո էլ պարապությունից ցավ եմ հորինում,
որ հասկանամ գնդակահարության պատի տակ կանգնածի վերջին խոսքը
և ինքնասպանություն գործելուց առաջ
համարձակվեմ նայել բոլոր ինքնասպանվածների դատարկ աչքերին
ու կարողանամ լռել...
Հորինում եմ քաղաք, որ ամեն օր, իբրև հանապազօր հաց,
նրա բնակիչների առաջ շաղտամ-տարածեմ
նորաօծ ստի շողշողուն փշրանքները,
հորինում եմ ծիծաղ, որպեսզի ինձ չչարչարեն
մխիթարողների աճապարող հոտերը՝ անընդհատ թանձրացող,
և ինձ ուրախացնելու համար չհայտարարեն
բոլոր ժամանակների ծաղրածուների հանրահավաք...
ծաղիկներ եմ հորինում,
որպեսզի մեղուները
չմոլորվեն անծանոթ ծառերի խորքերում ու ծաղիկների մեջ,
հորինում եմ բառեր, որ չխելագարվեն պոետներն ու կանայք...
և ծառեր եմ հորինում՝
նրա ճյուղերին բույն հյուսող թռչունների բերկրանքը վայելելու համար...
ես շարունակում եմ ծովեր հորինել,
որպեսզի ԾՈՎԻՑԾՈՎ ԵՐԿԻՐՍ տեղավորեմ կողքին...


ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ՍՏԵՐ
ԿԱՄ՝ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ


Ես անտրտունջ ու ձրի բաժանում եմ
իմ հորինած ստերը հազարերանգ ու գեղապատկեր,
ես բոլորին համոզում եմ, որ կարող են գնալ որտեղ ուզում են,
որովհետև վերջապես վերսկսվել են
առատ ձյան ու սելավների պատճառով
անորոշ ժամանակով հետաձգված թռիչքները...
Իսկ գեղեցկությունը վաղուց կորցրած այն միայնակ կինը,
տեսնու՞մ եք, արդեն ծիծաղում է,
որովհետև նրա ականջին ընդամենը փսփսացել եմ,
որ ինքը ամենագեղեցիկն է իր նմանների մեջ...
Նայե՛ք, ինչպես են ուրախ պար բռնել ահել ու ջահել հարբեցողները,
նրանց էլ հիշեցրել եմ, որ օրեր շարունակ, օրեր շարունակ
երկնքից առատորեն թափվելու է քաղցրահամ գինի,
և որ ՏԵՐՆ է ինձ հանձնարարել հնազանդ առաջնորդել
բոլոր թշվառների, փարիսեցիների, լքվածների ու հալածվածների
անծայրածիր հոտերը...
Իսկ ոսկեխճուճ մանչուկներին ու կապուտաչ աղջնակներին պատմել եմ,
որ Ձմեռ պապը իր հետ բերելու է խաղալիքներ՝
աննկարագրելի գեղեցիկ ու զարմանահրաշ,
և խաղաղություն՝ իր հսկայական պարկի մեջ ապահով տեղավորած,
չնայած լավ գիտեմ, որ փոքրիկները ամբողջ գիշեր չեն քնելու,
որպեսզի տեսնեն, թե ինչ տեսք ու գույն ունի
ցրտաշունչ երկրներից բերած այդ խաղաղությունը...


ԱՎԱՐՏՎԱԾ ԽԱՂԵՐ


Ես վերջապես ավարտեցի իմ ամենավերջին խաղը...
և չեմ ուզում հիշել,
որ տանուլ եմ տվել ինքս ինձ հանդիպելու չծերացող ցնծությունը
և ում եմ նվիրել ծովերում թաքցրած մարգագետիններս՝
մեղրաողող ու անիրական...
ում եմ հանձնել դիմակներս՝
տարբեր տափաստաններից ու քարանձավներից բերած,
և ում հետ է հեռացել
օրերիս հոտը գել ու գազանից պաշտպանող
այնքա՛ն հավատարիմ իմ ցեղայինը...
Վերադառնում եմ...
ամեն ինչ կորցրած, ամեն ինչ հանձնած,
ամեն ինչ թողած դատարկ դահլիճներում,
վերադառնում եմ,
որովհետև ոչ մի ճանապարհ չի ուզում հիշել,
որ միշտ էլ ինքն է ինձ բերել ինձ մոտ,
որովհետև անծանոթ մեկը մտերիմներիս ու ընկերներիս
հաճախ առանց ինձ հրավիրում է թաքուն ընթրիքի
և մատուցում է քաղցր ուտեստներ՝
հեռու երկրների այգիներից ու շուկաներից բերած...
Վերադառնում եմ...
ի՞նչ տարբերություն... այստե՞ղ, թե՞ այնտեղ... այնտեղ ու այստեղ...
խաբված ամբոխի նույն ցնծությունն է ու նույն ծափերը...
Ափսո՛ս է եզը...


ՀԱՅԱՍՏԱՆ


Ամեն օր մեկը վախճանվում է
ծերության թափանցիկ ու խարխուլ պատերի տակ...
ամենուր ընկած են
Ավետյաց երկիր տանող ճանապարհներից ուշացածների
պատառոտված կոշիկներն ու արևախանձ շորերը,
իսկ վերջին պատերազմում զարկվածների փոքրիկները
քաղաքի անբնակիչ բակերում ու փողոցներում
շարունակում են իրենց եզակի կռիվ-կռիվ խաղը...
մի ուրիշ պատերազմից վերադարձածներն էլ
երկրի սարերում ու ձորերում,
դաշտերում ու երկնքում, անձրևների ու ձյան տակ
անկանգ փնտրում են աճյունները
իրենց նահատակված զավակների...
և համոզում են, որ եռագլուխ վիշապ է
երկրի դարպասների առաջ սուտմեռուկի տվող,
անտեր մնացած խաղաղությունը...
որ մեռնողները վախենում են բաց թողնել ապրողների ձեռքը...
գլոր-գլոր է, գլոր-գլոր է, գլոր-գլոր է...
ոչ մեկը այդպես էլ չի գուշակելու,
թե ով է կորցրել մի ժամանակ այքան լուսեղեն ու համեղ
ԵՐԿԻՐԸ...


ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ


Չգիտեմ դեռ ինչքան եմ այսպես վազելու ես իմ ետևից,
չնայած վաղուց էլ հասկացել եմ,
որ ապրելը չարչարանք է անմիտ ու խղճահարույց...
որ պապս էլ է այդպես ինձ նման աճապարել ինքն իր ետևից,
պապիս իմաստասեր պապն էլ,
ուշունցատու հայրս,
մեր հարևան-ազգակից Երվանդը, Իսահակը,
Ավետիսն էլ...
և մի օր էլ հոգնած, այդպես էլ իրենց չտեսած,
դուրս են եկել տնից ու տղամարդավարի որոշել երբեք չվերադառնալ...
իսկ ես շարունակում եմ վազել
ծանոթ-անծանոթ բնակավայրերի ամուլ ու պճնված փողոցներով,
դաշտերով ու այգիներով զառամյալ անորոշության
և ճաքճքած անապատով անկանգառ պառավող ժամանակի...
հոգեհանգիստ է... թաղում է...
և կողակից արահետներին
ու ծխածածկ ճանապարհներին
հարազատների գերեզմանաքարերը շալակած մարդիկ են,
և ես ամենուր, հանդիպած ցանկացած մեկին
մանրամասն պատմում եմ վերջին կործանարար պատերազմից,
և թքած, որ էլ հավատացող չկա
իմ այդ արցունքաշատ ու չհորինված պատմություններին,
և ոչ մեկը, ոչ մեկը չի գուշակում,
որ ուսապարկիս մեջ ոչինչ չկա՝
այնտեղ խնամքով տեղավորած ԵՐԿՐԻՍ մասունքներից բացի...


ՔԱՈՍ


Իմ բեզարած ու ամեն ինչից ձանձրացած քաղաքը
էլ ոչինչ թաքցնելու ցանկություն չունի
և ամենուր, նույնիսկ պատահական անցորդներին պատմում է,
որ վաղուց չի հանդիպել
իր ափերի մեջ հազվագյուտ ծաղիկներ աճեցնող,
մթնած աչքերով միայնակ կանանց,
որ կիսամութ զբոսայգիների ծերացած ծառերի տակ
պարմանիները վախեցած չեն համբուրում թթվաշ պռոշները
ժամանակից շուտ հասունացած պարմանուհիների,
և ոչ մեկը օրերը չի զարդարում պատերազմից բերած
շատերին անհասկանալի գեղեցիկ նկարներով...
որ մի ժամանակ
միայն կանանց մասին բարբաջող պարապ տղամարդիկ
զավթել են քաղաքական գետնատնակներն ու խրամատները...
և ամեն օր հայտնվում է նոր ՓՐԿԻՉԸ՝
թքած ունենալով, որ իրենից առաջ արդեն եկել էին իր նման ուրիշները...
Հիմա չասե՞մ, ներիր ինձ, հարազատս,
որ չտեսա քեզ, երբ
ճոճկան կացարանս պաշտպանում էիր
փարիսեցիների ներխուժումներից անկեղծ ու դավադիր,
երբ ամուր փակում էիր դարպասներդ
ամուլ քարոզներով ժամանած քաղցրախոս առաքյալների առաջ,
և ներում էիր ինձ, երբ փողոցներում հարբած հայհոյում էի
գիշերները քնած շներին գնդակահարող որսորդներին,
և քեզ այնքա՛ն հեշտ մոռանում էի օտար բնակավայրերի
անանցյալ ննջարաններում...
և քեզ թողնում էի մենակ,
երբ մաքրամաքուր մարմինդ անխնա հոշոտում էին
հենց իմ տնկած ու մեծացրած ծառերի
անտարբեր հեռուներում...

                                                                                                                                               ՆՈՐԵԿ