Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ՈՒ ԳՐԱԳԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՐՎԻ

 

Օրերս աշխատանքային այցով Գերմանիայում էր Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ: Ներկայացնում ենք մեր զրույցը:

-Տիկին Ղարախանյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ձեր այցը:

-ՀԱԵ Գերմանիայի հայոց առաջնորդարանի, մասնավորապես՝ եպիսկոպոս Սերովբէ Իսախանյանի հրավերով գտնվում էինք Գերմանիայում՝ բանախոսելու նպատակով: Ինձ հետ էր նաև ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, որը շարունակել է իր հանդիպումները նաև Ֆրանկֆուրտ քաղաքում: Այցելել ենք տեղի եկեղեցական և ոչ եկեղեցական համայնքներ: Գերմանիայում կա պաշտոնապես գրանցված 16 հայկական համայնք:

-Այսինքն՝ հայեր ունեցող ո՞չ բոլոր բնակավայրերում կան հայկական համայնքներ:

-Այո, Գերմանիայում կան շատ բնակավայրեր, որտեղ հայեր կան, բայց պաշտոնապես գրանցված չեն որպես համայնքներ: Օրինակ՝ Ռոստոկը, որտեղ շատ հայեր են ապրում, բայց համայնք չի ձևավորվել:

-Իսկ ի՞նչ է պետք դրա համար:

- Համայնքը մոբիլիզացնող և ուղղորդող, համակարգող ուժ է հարկավոր, աշխատանք պետք է կատարել, նաև ֆինանսական միջոցներ են պետք:

-Փաստորեն, այդ բնակավայրերում ապրող հայերը ինքնությունից կամաց-կամաց հեռանում են:

-Արդեն մարգինալացվում են: Ես կասեի՝ Սփյուռքի հետ 30 տարի ճիշտ աշխատանք չի տարվել Հայաստանում ու Արցախում:Այդ աշխատանքներում պետք է առանցքային լիներ ուղղորդող գաղափարական կողմը, մասնավորապես Սփյուռքի՝ որպես էթնոպաշտպան կառույցի հայապահպան դերի ձևավորումը:

-Ձեր առաջին տպավորությունը դա՞ էր:

-Սփյուռքի հետ տարիներ շարունակ շփում է ստեղծվել միայն դրամահավաքների ժամանակ, ինչը շատ վիրավորական է: Մինչդեռ աշխատանք պետք է տարվեր փոխհամաձայնեցված, համակարգված, կոնկրետ հայեցակարգերով: Մենք Սփյուռքը ուզում ենք տեսնել հավաքական և ինչ-որ աջակցություն ակնկալել նրանից: Իրականում հավաքական վարքագիծ, նկատի ունեմ բարոյապես և նյութապես աջակցող, պետք է դրսևորենք նաև մենք: Յուրաքանչյուր աշխատանք լիակատար է, հասնում է իր վերջնանպատակին, եթե կա հետադարձ կապ: ՀԱԵ-ն է, որ կարողանում է հայկական համայնքները այս կամ այն չափով հեռու պահել հիբրիդային երևույթներից, նպաստել հայկականության պահպանմանը: Որտեղ եկեղեցի չկա, մարգինալացման և ասիմիլացման վտանգն առկախ է: Եվ հենց այդտեղ գրանցված համայնք չունենք: Իհարկե, 44-օրյա պատերազմի ժամանակ եղավ Սփյուռքի մոբիլիզացիա, և Գերմանիայի հայ համայնքը մեծ ներդրում ունեցավ: Այդ նույն համայնքը 44-օրյայից հետո մոտ 60 հազար եվրոյի աջակցություն է ցուցաբերել Արցախին, հիմնականում՝ կրթամշակութային համակարգին, վերականգնողական կենտրոնին, Շուշիի 4 գյուղերին: Հիմա դժվարությամբ է գումար հավաքվում. Արցախի ներկայիս վիճակը և այս անորոշությունը խանգարում են: Մարդկանց մոտ աղճատված է հավատի և վստահության զգացումը: Բայց չնայած համայնքը հարուստ չէ, որոշել է ջրատաքացուցիչների՝ մեր ներկայացրած ծրագրին օժանդակել: Աջակցություն կլինի նաև «Երկարօյա դպրոց», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման ծրագրերին, Մարտունու արհեստագործական ուսումնարանի վերանորոգված լսարանների կահույքի ձեռքբերմանը:IT և էլեյտրաէներգետիկայի ոլորտի երկու երիտասարդներ առցանց կապով կդասախոսեն Արցախի պետական համալսարանի և «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի ուսանողների համար:

-Ո՞ր համայնքներում եք եղել և ի՞նչ թեմաներով եք բանախոսել:

-Հանդիպումները սկսել ենք Շտուտգարդի համայնքից, ապա մեկնել ենք Քյոլն, Հանաու, Բրեմեն, Մյունխեն, վերջին կանգառը եղել է Բեռլինը: Ազատուհի Սիմոնյանը եղել է նաև Ֆրանկֆուրտում: Հանդիպումներ ենք ունեցել համայնքային կենտրոններում, որտեղ սովորաբար ինչ-որ միջոցառումների նպատակով հայերը հավաքվում են: Ազատուհի Սիմոնյանը ներկայացրել է Արցախի մարդկային, նյութական կորուստները և շինարարական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսական այն ծրագրերը, որոնք միտված են Արցախի վերականգնմանը: Իսկ ես ներկայացրել եմ կրթամշակութային կյանքը, ոլորտի կորուստներն ու կրած հարվածները և ինչպես ենք տեսնում համակարգի զարգացումը: Ներկայացրել եմ նաև Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականությունը կրթական դաշտում, թե հայատյաց ինչ աշխատանքներ է տանում աճող սերնդի հետ, ինչպիսի պատմագիտական զեղծարարություն է սկսել հատկապես պատմամշակութային ժառանգությունը, մեր եկեղեցիների աղվանացման և բռնայուրացման մեջ: Ես նաև տվել եմ այդ ամենը հավաստող յութուբյան հաղորդումների հասցեները: Բանախոսությունս հայերենով էր, որն, ինչպես ասացի, ուղեկցվում էր տեսասահիկներով՝ գերմաներեն թարգմանությամբ:

-Ուրիշ էլ ի՞նչ հանդիպումներ կառանձնացնեիք:

-Հանդիպում ենք ունեցել Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հետ: Կարող է, զարմանաք, Կենտրոնական խորհրդի ատենապետը ազգությամբ գերմանացի Ջոնաթան Շպանենբերգն է: Նրա համակրանքը հայերի նկատմամբ մանկությունից է: Ծնողները դասավանդել են Լիբանանում՝ հայկական դպրոցում, և նա մեծացել է հայկական միջավայրում: Ատենապետը մեծ աշխատանքներ է տանում Բունդեսթագի հետ: Արցախին ոչ միայն ֆինանսապես աջակցող, այլև քաղաքական որոշ ուղերձներ հենց Շպանենբերգն է տանում Բունդեսթագ: Ծրագրեր ենք իրականացնելու ոչ միայն Արցախի հարցը Բունդեսթագում խորքային ներկայացնելու, այլև մեր կրթական համակարգին աջակցելու ուղղությամբ:

Մենք հանդիպել ենք Բունդեսթագի նախկին պատգամավորների, նաև՝ Գերմանիայում ՀՀ   դեսպանի և ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպանի հետ: Ես ընդգծել եմ Արցախի պատմամշակութային ժառանգության մոնիթորինգի համար անկախ փորձագիտական կառույցների ստեղծման և այդ խմբերի՝ Արցախ այցելության անհրաժեշտությունը:

Գերմանիայում կան անհատներ, ովքեր Արցախի ինքնորոշման հարցը մանրամասն ուսումնասիրել են, և գրքի տեսքով ներկայացրել: Օրինակ, Համբուրգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լյուխտենհարդտը, որը գիրք է հրատարակել, որտեղ իրավական ասպեկտներով ներկայացնում է արցախցիների ինքնորոշման իրավունքը և պնդում, որ այս ժողովուրդը պետք է ինքնորոշման ճանապարհով փրկի իր երկիրը:

Հարցազրույց ենք տվել գերմանախոս հայկական «Քանթյան» թերթին, որն այդ երկրի արտգործնախարարությունում էլ են ընթերցում, Եվրախորհրդարանում էլ: Ես ներկայացրել եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես վերազգային կազմակերպություն, որն ունի ՄԱԿ-ի գլխավոր մանդատը, ոչ միայն չեզոք, այլ կողմնակալ դիրքորոշում ունի Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ, և որպես գրավյալ տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքներ առաջադրող, չի կատարում իր աշխատանքը: Գերմանիայի նախկին պատգամավորների հետ ես հիմնականում խոսել եմ մեր պատմամշակութային ժառանգության քաղաքակրթական արժեքի մասին: Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը՝ որպես նախաքրիստոնեական շրջանի պատմամշակութային հուշարձան, Միրիկի դամբարանադաշտը և այլ հուշարձաններ, որոնք, ըստ էության, միայն հայկական ժառանգություն չեն, այլև՝ համաշխարհային քաղաքակրթական, և Եվրոպան պետք է շահագրգռված լինի դրանք պաշտպանելու գործում, այդ արժեքները փրկելով ու պահպանելով նաև քաղաքակրթական խնդիրներ ենք լուծում: Եվ եթե Եվրոպան շրջանցի, այդ ուղտը նրա դռանն էլ է չոքելու մի օր:

Մեր՝ Քյոլնում եղած ժամանակ գումարվել էր ՀԱԵ Գերմանիայի թեմի տարեկան պատգամավորական ժողովը, որին ներկա ենք եղել: Այն տարեկան հաշվետվություն է, որտեղ ներկայացվում է համայնքներում կատարված աշխատանքները: Այնտեղ կային և՛ իրաքահայեր, և՛ պոլսահայեր: Ցավոք, Գերմանիայում այսօր կան պոլսահայեր, որոնց համար հայերեն խոսելը դժվարություն է:

Այդ վեց համայնքներում հասկացել ենք, որ հոգևոր հովիվիներն են համակարգում ամբողջ աշխատանքը: Նրանք պատրաստ են աշխատել մեզ հետ, պարզապես նրանց հետ պետք է աշխատանք տարվի, միասնական հայրենիքի գաղափարը գեներացնելու ուղղությամբ: Երբեմն էլ մենք պետք է ինչ-որ հարցով աջակցենք: Բրեմենի համայնքի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհին դիմեց ինձ, և ես խոստացա մեթոդական գրականությամբ օգնել: Կիրակնօրյա դպրոցների թիվն էլ շատ քիչ է, ոչ բոլոր համայնքներն ունեն, Բեռլինում, Մյունխենում կան: Գործում են ազգային պարի, մարզական խմբակներ:

-Ամփոփելով ձեր տպավորությունները:

-Ես երկու զգացողություն եմ ունեցել մեր հանդիպումների ժամանակ: Մի դեպքում զգացել եմ մեր հատվածական, բեկորային և հուզական լինելը, մյուս դեպքում, սփյուռքի՝ որպես մեր հավաքականության ու միասնության պահպանման ներգործուն ազդեցությունը: Պարադոքսալ բան եմ ասում, բայց Սփյուռքը, որպես անդրազգային ցանց, ինքնության ակտուալացման հզոր ռեսուրս ունի, պարզապես պետք է ճիշտ ու գրագետ աշխատանք տարվի:

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ