«ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ. ՎԻՐԱՎՈՐ ԹԱՂԱՎԱՐԴ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
Նոյեմբերի 17-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի դպրոցում կայացավ Արցախում հայտնի իրավաբան, ծագումով թաղավարդցի Վլադիմիր Հովսեփյանի «Հայրենականչ. վիրավոր Թաղավարդ» գրքի շնորհանդեսը: Գրքի խմբագիրն է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջիյանը: Գիրքը ներկայացրել է համագյուղացի Ռուդիկ Բադասյանը: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, գյուղի բնակիչներ:
«Հայրենականչ. վիրավոր Թաղավարդ»-ը գյուղի պատմությանն առնչվող արխիվային փաստաթղթերի 10 տարվա ուսումնասիրման արդյունք է, խոստովանում է գրքի հեղինակ Վ. Հովսեփյանը` ներկայացնելով աշխատություն գրելու մտահղացումը:
-Պատմությունը մեծ ուսուցիչ է ազգերի, ժողովուրդների, պետությունների համար, և պատմության դասերը միշտ էլ ուսանելի են,- շեշտում է հեղինակը: -Այն ժողովուրդները, ովքեր չեն ուսանում պատմության դասերը, դատապարտված են կործանման: Պատմությունը չար խաղ խաղաց մեր երկրի նկատմամբ: 2020 թվականին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հայ ժողովուրդն իր պատմական տարածքից կորցրեց մի խոշոր հատված: Պատերազմի հետևանքով կիսվեց Արցախի հինավուրց գյուղերից մեկը` Մարտունու շրջանի Թաղավարդը: Նրա բարձրադիր մասը մնաց թշնամու հսկողության տակ: Վաղուց կար ցանկություն` իմ ծննդավայրի մասին նման գիրք գրելու: Հավաքել եմ բազնաթիվ նյութեր, ուսումնասիրել, պատերազմն էլ արագացրեց, որպեսզի թղթին հանձնեմ այս հինավուրց գյուղի պատմությունը: Լավ եմ գրել թե վատ, գնահատականը կտա ընթերցողը: Իհարկե, գիրքը զերծ չէ թերություններից: Բոլոր առաջարկները, դիտողությունները հաշվի կառնենք` հետագայում գիրքը վերահրատարակելու ժամանակ: Շուրջ 10 տարի զբաղվել եմ այդ գործով: Օգտվել եմ բազմաթիվ աղբյուրներից, եղել եմ Էջմիածնի, Հայաստանի Հանրապետության ազգային, Արցախի Հանրապետության պետական, Մարտունու շրջանային և գյուղական արխիվներում: Մասնագիտական և գեղարվեստական բազմաթիվ գրականություն եմ օգտագործել»:
Հեղինակը համոզված է, որ իր հայրենի գյուղն ու մեր կորցրած բոլոր բնակավայրերն ամբողջությամբ կազատագրվեն, և այդ ժամանակ կգրի նոր գիրք «Վերադարձ. լուսավոր Թաղավարդ»:
- «Հայրենականչ. վիրավոր Թաղավարդ» աշխատությունը,- ընդգծում է գրքի խմբագիր Մ. Հաջյանը,- Վլադիմիր Հովսեփյանի կողմից հայրենի գյուղին և, առհասարակ, Արցախ աշխարհին նվիրված գեղեցիկ, հիշարժան մի կոթող է, որը սերունդների համար սեղանի գիրք կդառնա: Նման գրքեր այլ գյուղերի մասին դարձյալ տպագրվել են, շնորհակալություն այդ գրքերի հեղինակներին: Գտնում եմ, որ դրանք խիստ անհրաժեշտ են, որովհետև հայոց պատմությունը ինչ-ինչ հանգամանքների` քաղաքական, ռազմական, բնական աղետների բերումով ներկայացված է աղճատված, խեղաթյուրված: Որովհետև միշտ չէ, որ աղբյուրները հնարավոր էր ուսումնասիրել, հետազոտել: Միշտ չէ, որ այդ աղբյուրները պահպանվել են: Հաճախ դրանք ոչնչացվել են օտար ասպատակությունների ժամանակ: Արցախյան երրորդ պատերազմում ևս մեծ թվով թանգարաններ, արխիվներ, հուշակոթողներ, նյութական և ոչ նյութական արժեքներ են ոչնչացվել, որը կրկնությունն է այն աղետների, որոնք տեղի են ունեցել նախորդ դարերում: Վլադիմիր Հովսեփյանը կարողացել է հնարավորինս հավաքագրել բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են գյուղի պատմությունը լիարժեք ներկայացնելու` իր հերոսականությամբ ու ողբերգականությամբ, նաև իր քնարական շնչով: Կարծում եմ` գիրքը ստացվել է հեղինակի համառ, տքնաջան ուսումնասիրությունների շնորհիվ: Ոչ միայն Վլադիմիր Հովսեփյանի, այլ նաև ինձ համար այն հարազատ գիրք է դարձել:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ