Logo
Print this page

Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Մարտունիում

 

Մարտունու Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում այսօր՝ նոյեմբերի 18-ին, տեղի է ունեցել Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը: Ծրագրում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների հայտնի գործիքային ստեղծագործություններ, մեծամասամբ մենանվագներ՝ նվագախմբի տարբեր երաժշտական գործիքների նվագակցությամբ: Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի տնօրեն Աշոտ Սարկիսյանի խոսքով՝ շրջկենտրոն Մարտունիում կայացած համերգով մեկնարկում են դաս-համերգների նոր շարք: «Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանրակրթական դպրոցներում իրականացնում է «Ազգային մշակույթը դպրոցում» խորագրով դաս-համերգների ծրագիրը, որը նպատակ ունի վերաարժևորել ազգային նվագարանների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, ազգային ինքնության, հայկական հարուստ մշակութային ժառանգության պահպանման գործում: Դաս-համերգների միջոցով աշակերտներին մատուցվում են մաքրամաքուր հայկական մեղեդիներ՝ զուգահեռ ծանոթացնելով նրանց երաժշտական գործիքների պատմությանն ու նշանակությանը»,-ասաց Ա. Սարկիսյանը՝ հավաստիացնելով, որ ծրագիրը շարունակական է լինելու ինչպես Մարտունու, այնպես էլ՝ Հանրապետության մյուս շրջանների հանրակրթական դպրոցներում: Ըստ նվագախմբի տնօրենի՝ Մարտունու մշակույթի պալատում ունեցած իրենց համերգը նույնպես ազգային նվագարանների ուսումնասիրման յուրօրինակ ցուցադրական դաս է: «Նվագախումբը ստանձնել է ազգայինը կրողի, պահպանողի և տարածողի առաքելությունը: Համերգային ծրագրում մի առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայրենիքի գաղափարը վերարտադրված ազգային երաժշտությամբ։ Ներկայացվող նվագներում կա և՛ կարոտի խոստովանություն, և՛ վերադարձի խոստում»,-ընդգծեց նվագախմբի տնօրենը: Արցախի ազգային նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյան), ի թիվս այլ կատարումների, Մարտունու երաժշտասեր հանրությանն է ներկայացրել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի Լյուդվիգ Դուրյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլ անվանի երգահանների ստեղծագործություններ, ինչպես նաև հայ աշուղական երգարվեստի նմուշներ:

 

ԱԱ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.