ԵՐԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ
Մի ժամանակ մեր քաղաքում շատերն էին կիթառ նվագում, իսկ կիթառ նվագող երիտասարդը, հազվադեպ՝ նաև աղջիկը, հավաքույթի սիրտն ու հոգին էր դառնում: Նրանցից լավագույններին, կարծում եմ, ավագ սերունդը կհիշի՝ Գենադի Բարխուդարով, Գենադի Աստվածատրյան, Օլեգ Փիրումյան, Վլադիմիր Արզումանյան...
Բայց դա անցյալում էր: Արդեն երկար ժամանակ է՝ քաղաքում կիթառահարների կարելի է մատների վրա հաշվել: Մեր քաղաքում անցած հարյուրամյակի 50-ականներին արմատավորված կիթառ նվագելու ավանդույթը, որը սկիզբ առավ աշխարհում էլեկտրական կիթառի զանգվածային տարածման ալիքի հետ, այսօր, կարծես, կորցրել է իր հմայքը:
Այդուհանդերձ, վերջերս դեռահասների շրջանում նկատվող կիթառ նվագելու միտումը հաճելիորեն զարմացրեց: Քաղաքի մանկական երաժշտական հաստատությունների՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի և Գյուրջյան արվեստի դպրոցի երաժշտական բաժնի տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին կիթառի դասարանի համար դիմորդների թիվը կտրուկ աճել է: Երկու դպրոցներում էլ հաստատում են, որ չունեն բավարար թվով ուսուցիչներ: Արդեն երկու տարի է՝ կիթառի դասարանի համար հայտեր չեն ընդունվում, հայտնում է երաժշտական դպրոցի ուսմասվար Գ. Գրիգորյանը: Մասնավորապես, իրենց դպրոցում կիթառի դասարանում սովորում է 19 աշակերտ, որոնց դասավանդում է ընդամենը երկու ուսուցիչ: Նրա խոսքով՝ այս մասնագիտությամբ ուսուցիչների պակասի պատճառով որոշում ընդունվեց առայժմ նոր աշակերտներ չընդունել: Նույն պատկերն է նաև արվեստի դպրոցում, որտեղ 14 աշակերտին բաժին է ընկնում մեկ ուսուցիչ: Մշակույթի տանը մասնավոր հիմունքներով պարապում է մեկ ուսուցիչ 10 աշակերտի հետ: Երաժշտական դպրոցների պոտենցիալ աշակերտների ծնողները պատրաստ են անգամ ավելացնել իրենց կողմից վճարվող գումարի չափը, նշում է Գ. Գրիգորյանը, ծնողների խնդրանքը դպրոցը չի կարող բավարարել նույն պատճառով՝ ուսուցիչներ չկան:
Մենք հետաքրքրվեցինք՝ որքան ուսանողներ են սովորում Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում՝ միակ մասնագիտացված հաստատությունը, որը երաժշտական տարբեր ոլորտների մասնագետներ է պատրաստում։ Պարզվեց՝ բոլոր չորս կուրսերում սովորում է ընդամենը երկու ուսանող, որոնցից մեկն էլ հրավիրվել է դասավանդելու երաժշտական դպրոցում:
Այս մասնագիտության հանդեպ պահանջարկը մեծ է, իսկ առաջարկը խիստ հետ է մնում` ուսուցիչների սակավության պատճառով։ Ինչո՞ւ և ե՞րբ մեր քաղաքում նման բաց առաջացավ։ Հարցն ավելորդ չէ։ Այո, մեր երկիրը ծանր ժամանակներ է ապրում, սակայն նման իրավիճակում ևս, ես կասեի՝ հատկապես նման իրավիճակում, մշակույթը պետք է զարգանա, իսկ ձևավորված ավանդույթները պետք է ոչ միայն պահպանվեն, այլև բազմապատկվեն։
Հարցի պատասխանը գտնելու նպատակով զրուցեցինք ինչպես դասավանդող, այնպես էլ մանկավարժական գործունեությամբ չզբաղվող, քաղաքում հայտնի կիթառահարների հետ։Գագիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ. հայտնի կիթառահար, ով երկար ժամանակ նվագել է «Ղարաբաղ» էստրադային և ջազ-նվագախմբերում: Երաժիշտը համաձայն է` այս տարիների ընթացքում առաջացած մասնագետների պակասը մեծ է։ Այստեղ, առաջին հերթին, իր ազդեցությունն է ունեցել Արցախյան առաջին պատերազմին հաջորդած շրջանը, երբ աշխատավարձն այնքան չնչին էր, որ դժվար էր անգամ օրվա հացը վաստակել։ Այն ժամանակ լավագույն մասնագետները հեռացան երկրից, շատերը ստիպված էին փոխել մասնագիտությունը։ Ուսուցիչներ գրեթե չմնացին, իսկ նրանք, ովքեր կայացան այս ասպարեզում, շատ առումներով պարտական են իրենք իրենց՝ երկարատև պարապմունքների, ինքնակրթության հանդեպ իրենց անսպառ ձգտման շնորհիվ։ Արդյունքում նրա լավագույն աշակերտներն ուսումը շարունակեցին Երևանի կոնսերվատորիայում՝ գերազանցությամբ ավարտելով բուհը։
Սակայն դրանով այս փուլում խնդիրը լուծում չստացավ։ Հասնելով մեծ վարպետության՝ այս երիտասարդ տաղանդավոր երաժիշտներն իրենց չեն տեսնում մանկավարժական ասպարեզում, թեև խոստովանում են, որ ոլորտում առկա մասնագետների մեծ պակաս կա, նոր կադրեր պատրաստելն ուղղակի անհրաժեշտ է։Ռոբերտ Մելքումյան. Գ. Առաքելյանի շնորհալի աշակերտներից է, գերազանցությամբ ավարտել է կոնսերվատորիան, աշխատում է Արցախի ջազ-նվագախմբում, խոստովանում է, որ քանի դեռ երիտասարդ է, ցանկանում է երաժշտական վարպետության մեջ ավելի մեծ բարձունքների հասնել, կատարելագործել այն, հղկել, զբաղվել կոմպոզիցիայով, ստեղծել երաժշտություն։ Եթե երիտասարդ տարիքում չանես, էլ ե՞րբ կկարողանաս զբաղվել դրանով: Հարցնում է նա ու ինքն էլ պատասխանում՝ հիմա, և հնարավորինս շատ ժամանակ հատկացնելով այդ գործին։ Նրա կարծիքով՝ մանկավարժական գործունեությամբ պիտի զբաղվեն նրանք, ովքեր կարող են լավագույնս դրսևորել իրենց այդ ասպարեզում։ Զրուցակցիս հիշեցնում եմ, որ քաղաքում այսօր կիթառ դասավանդող ուսուցիչների մեծ պակաս կա, սովորել ցանկացողները շատ են, բայց սովորեցնող չկա։ Թվերն ինքնին խոսուն են՝ մեկ ուսուցիչ աշխատում է երաժշտական քոլեջում, մեկը՝ արվեստի դպրոցում, երկուսը՝ երաժշտական դպրոցում, մեկը՝ Մշակույթի տանը։ Ռոբերտը համաձայնում է. այս սակավ ուժերը բավարար չեն պահանջարկը լիովին բավարարելու համար։ Բայց ելք միշտ կա, համոզված է նա. կիթառ նվագելու մեծ ցանկության դեպքում կարելի է զբաղվել նաև ինքնակրթությամբ։ Համացանցն այսօր բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում, որոնց միջոցով կարելի է ինքնուրույն հաղթահարել դժվարությունները՝ ցանկություն ու կամք ունենալու դեպքում։ Ռոբերտն ինքն այդպես է սկսել. մինչև 16 տարեկանն, ընդհանրապես, կիթառի մասին չի մտածել: Մի անգամ ընկերոջ մոտ էլեկտրական կիթառ տեսավ, պարզապես փորձեց նվագել, նրան այնքան դուր եկավ, որ նույն օրը, տուն գալով, ծնողներին խնդրեց գնել այդ երաժշտական գործիքից։ Ծնողները գնեցին դասական կիթառ։ Ռոբերտը 2 տարի պարապեց ինքնուրույն` օգտագործելով համացանցի հնարավորությունները։ Ապա դասական կիթառը փոխարինեց էլեկտրականով և հասկացավ, որ ուսուցչի կարիք ունի։ Գերազանցությամբ ավարտեց կոնսերվատորիան, բայց դրանով չբավարարվեց։ Ռոբերտը մտադիր է կատարելագործել վարպետությունը` այս անգամ Եվրոպայում, ինչի համար էլ սովորել է անգլերեն՝ հաղթահարելով ևս մեկ խոչընդոտ։ Իսկ գլխավոր պատճառը, որ կիթառ նվագել ցանկացողներից շատերն այդպես էլ մինչև վերջ չեն սովորում, իսկ քոլեջ ընդունվում են շատ քչերը, նա տեսնում է գործիքի հանդեպ ոչ լուրջ, մակերեսային վերաբերմունքի և այն բանի մեջ, որ սովորել ցանկացողների ճնշող մեծամասնությունն իր նպատակի համար ջանք թափելու ցանկություն չունի։ Ռոբերտն ու նրա ուսուցիչ Գ. Առաքելյանը համոզված են, որ եթե հաջողվի փոխել մեր հասարակության մեջ գերիշխող մակերեսային վերաբերմունքը ոչ միայն տվյալ գործիքի, այլև երաժշտության, մշակույթի հանդեպ ընդհանրապես, ապա իրավիճակը կփոխվի, քոլեջում սովորողների թիվը կավելանա, և խնդիրն ինքնըստինքյան կլուծվի։
Թեմայի շուրջ զրույցն ավարտելով` Գ. Առաքելյանն օրինակ բերեց վոկալ արվեստի ոլորտում տիրող իրավիճակը, որտեղ սովորող ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ ընդունելության ժամանակ խիստ բծախնդիր ընտրություն է կատարվում, որի արդյունքում մնում են լավագույնները։ Երաժշտական բոլոր մասնագիտություններից մեր հասարակության մեջ գնահատված են միայն վոկալիստները, հավաստում է նա։ Գ. Առաքելյանի համոզմամբ` եթե երաժշտական բոլոր մասնագիտությունների հանդեպ նման վերաբերմունք լիներ, ծնողներն իրենք կցանկանային իրենց խոստումնալից երեխաներին մինչև վերջ կրթություն տալ, իրենք կօգնեն հաջողությունների հասնել երաժշտական վարպետության հասնելու դժվարին գործում, ինչից կշահեն և՛ ծնողներն իրենց երեխաների հետ, և՛ հասարակությունը՝ ստանալով բարձրակարգ երաժիշտներ։
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ