Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Արցախում. խնդիրներն ու զարգացման հեռանկարները մեկ ընկերության օրինակով

 

Ի՞նչ առանձնահատկություններ, խնդիրներ ու զարգացման հնարավորություններ  ունի այսօր Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը,  ինչպիսի՞նն է   հետաքրքրությունն աշխարհում այժմ առաջատար ու հեռանկարային այս ճյուղի նկատամամբ: Այս  հարցերի շուրջ զրուցել ենք Ստեփանակերտում գործող «Կապիտալ Սոֆթ» ՍՊ ընկերության   հիմնադիր -տնօրեն Արթուր Մնացականյանի հետ:

-Պարոն Մնացականյան,  ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճ, զարգացման միտումներ նկատելի՞ են:

-Ոլորտում, բնականաբար, զարգացման ու հետաքրքրության աճի միտում կա: Օրինակ,  Արցախի պետական  համալսարանում, որտեղ ես դասավանդում եմ,  եթե  5-6 տարի առաջ  ունեինք միջինը 10-տոկոսանոց  արդյունք, երբ սովորողները աշխատում էին արդեն որպես ծրագրավորող, ապա այսօր այդ ցուցանիշն  աճել է՝  հասնելով մինչև 20, իսկ որոշ կուրսերում նույնիսկ՝ 30 տոկոսի:   ՏՏ  ոլորտի մասնագետ դառնալու համար պետք է համբերատար  երկար ճանապարհ անցնել, հաճախել նախատեսված դասընթացներին, փուլ առ փուլ  հաղթահարել  բոլոր դժվարությունները:  Ավելի շատ խոսվում է այս ոլորտում  մեծ գումարներ վաստակելու  մասին, սակայն չի բարձրաձայնվում դժվարությունների մասին: Լինում են դեպքեր, երբ գայթակղվելով բարձր   աշխատավարձով, հաճախում են դասընթացների, բայց ընթացքում հանդիպելով դժվարությունների, հիասթափվում են և չեն շարունակում:

Փորձը ցույց է տալիս, որ  մասնագետների պահանջարկը շարունակ աճում է: Այստեղ պետք է նշել, որ խոսքը վերաբերվում է փորձառու ծրագրավորողների պահանջարկին, այլ ոչ թե  դասընթացները նոր ավարտածներին: Մենք պետք է կարողանանք ապահովել մասնագետների պատրաստման,  բնականոն զարգացման տեմպերը: Անելիքներ ունենք  լայն համագործակցության տիրույթներ ստեղծելու ուղղությամբ:

-Ի՞ նչ ուղի է անցել Ձեր հիմնադրած ընկերությունը:

- «Կապիտալ Սոֆթ»-ը  ստեղծվել է 2017 թվականին:  Դրա համար  հիմք  է   հանդիսացել ծրագրավորման ոլորտում դասընթացների կազմակերպումը: Նախնական շրջանում կազմակերպել ենք 6 -ամսյա  դասընթացներ, այնուհետև փորձեցինք ստեղծել տեղական ԱյԹի ընկերություն, որ կհիմնադրվի և կգործի  Արցախում: Սկզբնական շրջանում մենք բավականին խնդիրներ ունեինք, որովհետև դասընթացներից միանգամից անցանք ընկերության պարտավորություններին: Սկզբնական շրջանում, փորձի բացակայությամբ պայմանավորված, մեզ որոշ  նախագծեր  չէին տրամադրում:  Յուրաքանչյուր  նախագծի դեպքում, հատկապես, եթե պատվիրատուն արտերկրից  է, պահանջվում է տեխնիկական հարցազրույց, որը  6 -ամսյա դասընթացներ ավարտածը կամ մեկ տարվա  փորձ ունեցող  աշխատակիցը չի կարող անցնել:  Արդեն 2018 թվականից մենք սկսեցինք զբաղվել պետական ապարատի որոշ գործառույթների էլեկտրոնային համակարգի ստեղծմամբ՝  ավտոմատացմամբ։

Վերցնում էինք նույնիսկ ոչ շահավետ  պրոյեկտները, դրանով փորձելով ցույց տալ, որ մեզ կարելի է վստահել, մենք կարող ենք  այն իրականացնել:

-Արտերկրից պատվերներ ստանու՞մ եք արդեն:  Դրա հետ մեկտեղ հաջողվու՞մ է  բավարարել մասնագիտական պահանջարկը:

-Արտասահմանյան գործընկերների հետ աշխատում ենք 2019 թվականից: Պատերազմից հետո, չնայած ստեղծված որոշակի դժվարին իրավիճակին,  մեզ հաջողվեց նոր գործընկերներ ներգրավել  և ավելի լայն ծավալով շարունակել աշխատանքը: Նորից կազմակերպեցինք դասընթացներ, որի արդյունքում թիմին միացավ ևս 10 աշխատակից:  Աշխատակիցների ընդգրկման և մասնագետների պատրաստման գործընթացում շատ կարևոր է փորձի փոխանակումը, որը եթե իրականացվում է բարձր մակարդակով, ապա մասնակիցը դասընթացների փուլից ավելի արագ ու հեշտ է անցնում աշխատանքի: Արդեն երկրորդ տարին է այդ ամենը հաջող իրականացնում ենք: Նախատեսում ենք 2023թ. կազմակերպել հերթական դասընթացները: Վերջնարդյունքում  առավել բարձր ցուցանիշներ գրանցած մասնակիցներին կրկին  հնարավորություն ենք տալու անցնել փորձաշրջան  և աշխատել  մեր  ընկերությունում:   Սկզբնական շրջանում նորեկները որոշակի աշխատանքներ են կատարում, որի դիմաց վարձատրվում են, սակայն այդ փուլում դեռևս լիարժեք չի ընդգրկվում նախագծերի իրագործմանը: Դրա  համար անհրաժեշտ է դասընթացների  ժամանակ ստացած  գործնական գիտելիքները կրկնապատկել. հատկացնում ենք ևս  6 ամիս կամ 1 տարի, որպեսզի համոզվենք, որ նա, որպես մասնագետ, կարող է լուծել  իր առջև դրված խնդիրը: Մեծ նախագծերում  ընդգրկվելու և աշխատելու համար շատ կարևոր է թիմային մտածելակերպը, պատասխանատվության գիտակցումն ու աշխատանքը:

-Այսօր ի՞նչ խնդիրների եք առնչվում:

-Առաջնային խնդիրներից մեկը էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներն են:  Խնդիրը կլուծվի գեներատորի  ձեռքբերման դեպքում: Այդ ուղղությամբ արդեն  աշխատանքներ ենք տանում: Դոլարի փոխարժեքի նվազումը նույնպես առաջացնում է խնդիրներ, տարբեր ընկերությունների համար տարբեր բարդության աստիճանի։

 Հաջորդ ամենամեծ խնդիրը պետության  և ՏՏ ոլորտի  մասնավոր հատվածի համագործակցության ցածր մակարդակն է: Զարգացման անհրաժեշտության մասին շատ է խոսվում, սակայն դրա համար նաև հստակ քայլեր պիտի ձեռնարկվեն: Համագործակցության մակարդակի բարձրացման դեպքում մեր հաջողությունները կարող ենք եռապատկել։
  -Արցախում ՏՏ ոլորտի զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-ՏՏ ոլորտի զարգացումը և այդ  հասարակության կայացումը կարևորագույն խթան է հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության, արտադրողականության բարձրացման և  ենթակառուցվածքների զարգացման համար: Հետևաբար այդ ամենը կարող ենք փորձել նաև մենք, ուղղակի անհրաժեշտ են պատասխանատու անձինք, որոնք  կկարողանան աստիճանաբար զարգացնել այս ճյուղը։

Միանգամից մեծ արդյունքներ չենք գրանցի, բայց ունենք այդ ներուժը, ուղղակի պետք է այն նպատակային և ճիշտ օգտագործենք։ Քանի որ այս պահին մենք չունենք մեծ ԱյԹի համայնք, դժվար է այդ ամենը պատկերացնել: Շատ դեպքերում մենք ներկայացնում ենք  ինչ-որ երկրի հաջողություններ այս ոլորտում, բայց երբեք ուշադրություն չենք դարձնում այդ հաջողության գրանցման ժամկետներին և ծախսված ռեսուրսների վրա։

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, կարծում եմ, որ ՏՏ ոլորտն  այն եզակի հնարավորություններից է, որ մենք կարող ենք օգտագործել հաջողություններ գրանցելու համար։

 Անի Մանգասարյան