Logo
Print this page

«Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում». գիտագործնական համաժողով Ստեփանակերտում

 

 Նոյեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովը, որը կազմակերպվել է ԱՀ Ազգային ժողովի, ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից: Գիտագործնական համաժողովի ընթացքում Արցախյան հիմնախնդրի տարբեր ասպեկտների շուրջ թեմաներով զեկուցումներով են ներկայացել Արցախի և ՀՀ գիտավերլուծական, հասարակական, քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում՝ Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանի խոսքով՝ գիտագործնական համաժողովը միտված է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո արդի քաղաքական գործընթացների հոլովույթում Արցախի հիմնախնդրի անաչառ ու հիմնավոր քննարկմանն ու համապատասխան եզրահանգումների կայացմանը: «Հանրության շրջանում գերակշռող են դարձել մտահոգություններն ու երբեմն նաև հուսահատությունը ու իրավիճակի թվացյալ անելանելի տրամադրությունները: Ստեղծված պայմաններում առավել մեծ է հայ քաղաքական գործիչների ու մտավորականության դերը հանրությանն անվտանգ ու ճիշտ ճանապարհով առաջնորդելու և դրանով իսկ բազում փորձություններ հաղթահարած մեր հայրենիքի պահպանումն ու պաշտպանությունը երաշխավորելու գործում: Ի վերջո մեր պատմության հերոսական էջերը մեզ մատնացույց են անում, որ անգամ ծայրահեղ իրավիճակներում, եթե մենք մեր մեջ ուժ ենք գտել, ինքնակազմակերպվել ու դիմակայել, ապա արձանագրել ենք հաջողություններ, իսկ այդ ամենն առավելապես պայմանավորված է եղել նաև հայ մտավոր ներուժի մեկտեղմամբ ու ճիշտ ուղղորդմամբ»,- նշել է Վահրամ Բալայանը՝ հույս հայտնելով, որ ներկայացված տեսակետների և առաջարկություների քննարկումների արդյունքները և ընդունված եզրակացությունները կարևոր ուղերձ կդառնան դեպի նոր վերածննդի ու ազգային պետականության ամրապնդմանն ուղղված գաղափարի իրագործման ճանապարհին:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից գիտաժողովի մասնակիցներին հղված ողջույնի խոսքը ներկայացրել է Նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը: «Կարևորում եմ համաժողովի խորագիրը և վստահ եմ, որ այն կարող է ծառայել որպես արդի աշխարհաքաղաքական գործընթացների քննարկման, համապատասխան ելքերի ու լուծումների առաջարկման բովանդակային հարթակ: Արցախն առանցքային տեղ ունի տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման և մայր Հայաստանի անվտանգության ու զարգացման հարցերում: Ուստի կարևոր է ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը դիտարկել տարածաշրջանային և համահայկական լայն համատեքստերում: Ստեղծված միջազգային և տարածաշրջանային իրողությունների պայմաններում Արցախի հանրապետության օրակարգային հարցերի կենտրոնում շարունակում է առանցքային մնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային հանրության կողմից ճանաչման հարցը»,- ասված է ԱՀ նախագահի ուղերձում:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորելով համաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը, համոզմունք է հայտնել, որ այն հետաքրքիր քննարկումների և եզրահանգումների հարթակ կհանդիսանա, ինչը հնարավորություն կընձեռի քննելու ձեռքբերումներն ու թերացումները ներկայիս մարտահրավերները գիտագործնական հարթության վրա ուսումնասիրելու և համապատասխան գնահատականեր ու առաջարկներ հավաքագրելու համար: «Հակամատրության կարգավորումը, տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի զտման նպատակով իրականացրած գործողությունները»,- Ա. Թովմասյանը:

ԱՀ պետական նախարարի ողջույնի խոսքը փոխանցել է պետնախարարի խորհրդական Նարինե Աղաբալյանը: «Արցախի շուրջ ընթացող բարդ աշխարհաքաղաքական զարգացումներում, երբ առերեսվում ենք լրջագույն մարտահրավերների, նման համաժողովի անցկացումը Ստեփանակերտում առանձնահատուկ կարևորություն ունի:Արցախի սուբյետկայնությունը, անվտանգությունն ու սոցիալ-տնտեսական զարգացումը բացարձակ արժեքներ են հանդիսանում: Մեր նպատակն է ապահովել Արցախի՝ որպես լիարժեք սուբյեկտի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում, հասնելու միջազգային մեխանիզմներով ապահոված անվտանգության Արցախի համար»,-մասնավորապես ասված է պետնախարարի խոսքում: ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի խոսքով՝ քննարկվելիք հարցերը չեն կարող ոչ մեկին անտարբեր թողնել, քանի որ Արցախը կանգնած է ներքին ու արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների առջև: «Կրթական համակարգը, գիտության ոլորտը առաջիններից են, որոնք առաջին հարվածն են ընդունում իրավիճակի ցանկացած դրսևորման դեպքում: Ասօր ևս Արցախի ժողովրդի անվտանգության, ազգային ինքնության, ազգային արժեքների, պետականության պաշտպանության երաշխիքներն են հայ զինվորը, գիտնական -մտավորականների սուր միտքը և գրիչը, հմուտ դիվանագետը, անձնվեր պետական գործիչը: Միայն այդ գաղափարները կարևորելով մենք կարող ենք կրկին հաղթանակներ կերտել»,- նշել է Հասմիկ Մինասյանը: Բացման արարողությունից հետո գիտաժողովը շարունակվել է թեմատիկ զեկուցումներով:

Տաթևիկ Աղաջանյան

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.