Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽԻ ՊՈԵԶԻԱՆ՝ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

Շնորհանդես 

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ հանդիպում գրող, թարգմանչուհի Ագապի Մկրտչյանի հետ: Կայացել է նաև վերջերս լույս ընծայված գերմաներեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը, որտեղ ընդգրկված են Արցախում ապրող ու ստեղծագործող 16 հեղինակներ։

Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը գրքի լույս ընծայումը համարեց երևույթ, թարգմանությունը՝ կրկնակի, քանի որ արցախցի ստեղծագործողները թարգմանությամբ ներկայացվում են գերմանացի և այլազգի ընթերցողներին։

Ագապի Մկրտչյանը ծնվել է Կոտայքի Գեղաշեն գյուղում։ Ավարտել է միջնակարգը, սովորել Երևանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում (գերմաներեն), ապա ուսումը շարունակել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։ Հետո վերադարձ՝ Երևան, աշխատել է Բրյուսովի անվան համալսարանում, ապա գեղագիտական կենտրոնում, 7 տարի հետո տեղափոխվել Գերմանիա` Վիսբադեն, այնտեղ 33 տարի դասավանդել միջնակարգ դպրոցում։

Ստեղծագործել է սկզբում հայերեն, հետագայում` գերմաներեն։ Առաջին գիրքը կոչվում է «Իմ երկրորդ կեսը», երկրորդը՝ «Այն ճերմակ երեկոյին», որն իր մեջ կենսագրական տարրեր է պարունակում։ Երրորդ գիրքն արդեն պատրաստ է տպագրության։ Այս գրքերի թեմատիկան օտարության մեջ ապրողի կարոտի ու սիրո ապրումներն են, ցավը հայրենի երկրի ճակատագրի հանդեպ։ Ագապին գրում է նաև հեքիաթներ։

Թարգմանչական գործը սկսել է Պարույր Սևակի գրքով, որը լույս է տեսել 2016-ին, Գերմանիայում` «Ու ծակում հոգիս» խորագրով։ Երկրորդ գիրքը կոչվում է «Հայաստանի սիրտը», որն իր մեջ ամփոփում է ժամանակակից հայ պոետներին։ Երրորդ` Թումանյանի հեքիաթների ժողովածուն (թարգմանաբար) հետաքրքիր ձևավորմամբ նկարազարդել են գերմանական և հայկական դպրոցների աշակերտները։

Տառացիորեն օրերս Մկրտչյանի թարգմանությամբ լույս է տեսել «Կապույտը շոյում է մտքիս թևերը» գիրքը, որն իր մեջ ամփոփում է Արցախում ապրող հայտնի ու սկսնակ ստեղծագործողների գործեր։ «Արցախի գրողը գերմանացի ընթերցողին ներկայանում է իր ցավով, կորստով, սիրով ու ճակատագրով,- ասում է Ագապին,- արցախցի գրողի մտածելակերպը կապված է իր երկրի ճակատագրի հետ։ Ի դեպ, գրքի վերջաբանը գրել է Թեսսա Հոֆմանը, ով ներկայացրել է Արցախի համառոտ պատմությունը, որպեսզի գերմանացի ընթերցողը կարողանա ճիշտ ու խորքով ընկալել Արցախում ծնված պոեզիան»։

Իսկ թե ինչ տպավորությամբ է գնալու Արցախից, թարգմանչուհին պատասխանեց, որ երկրորդ անգամ այստեղ, որ այս այցին, ճանապարհին, ոնց որ վերքի միջով անցներ, բայց եկավ, տեսավ, որ արցախցին ապրում, աշխատում, ժպտում է, Արցախը կա… «Կգա ժամանակ, երկիրը մեջքը կշտկի…Գերմանիայի հայ համայնքի հետ իմ կապը սերտ է, այնտեղ սպասում են իմ վերադարձին, իմ տարած լուրերին, տպավորություններին»։ «Կապույտը շոյում է մտքիս թևերը» գարնանը ներկայացվելու է Լայպցիգի գրքի տոնավաճառին։

 Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ