ԱՐՑԱԽԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱՊՐԱԿՏԻԿ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՈՒՄ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկել է «Երկրաբանությունը զարգացող աշխարհում. Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» գիտապրակտիկ աշխատաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի և Հանրապետական երկրաբանական ֆոնդի հիմնադրման 85-ամյակներին։
Եռօրյա Գիտապրակտիկ աշխատաժողովին հրավիրվել և մասնակցում է Արցախի գիտական կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Անյուտա Սարգսյանի գլխավորությամբ։ Նրա տեղեկացմամբ՝ աշխատաժողովի նպատակը գիտակրթամշակութային կիրառական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման շարունակական գործընթացի հզորացումն ու բարելավումն է։
Աշխատաժողովին ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես է եկել նաև Արցախի գիտական կենտրոնի ղեկավարը։ «85-ը պատկառելի տարիք է՝ ինչպես Երկրաբանական թանգարանի, այնպես էլ Հանրապետական երկրաբանական ֆոնդի համար», - իր խոսքում նշել է Անյուտա Սարգսյանը։ Նրա համոզմամբ՝ երկրաբանական թանգարանը կարևոր դեր է խաղացել երկրաբանության զարգացման, կադրերի պատրաստման, հանրապետության միներալային հումքի ուսումնասիրության և օգտագործման բնագավառում ձեռք բերված նվաճումների ցուցադրման գործում: Ըստ Ա. Սարգսյանի՝ նաև անգնահատելի է Հանրապետական երկրաբանական ֆոնդի դերն առկա և պարբերաբար թարմացվող ահռելի քանակությամբ երկրաբանական տեղեկությունների հաշվառման ու վերլուծության աշխատանքներով։
Աշխատաժողովի զեկույցները նվիրված են երկրաբանությանը, լեռնային գործին, հանքարդյունաբերությանը, բնօգտագործմանը, թանգարանային և արխիվային գործին, հուշարձանների պահպանությանը, գեոէկոլոգիային, գեոպարկերին և երկրաբանական տուրիզմին:
Գիտապրակտիկ աշխատաժողովի շրջանակներում նախատեսվում է հուշագրերի ստորագրում, շնորհակալագրերի և պատվոգրերի հանձնում։
Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, ՀՀ տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հանրապետական երկրաբանական ֆոնդը։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ