[ARM]     [RUS]     [ENG]

Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների գործերի ցուցահանդեսը՝ Ստեփանակերտում

 
 Ստեփանակերտի պատկերասրահում՝ այսօր դեկտեմբերի 2-ին, կազմակերպվել է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ «Վերածնունդ» խորագրով: Հանրությանը ներկայացվեցին քոլեջի ուսանողների նոր գաղափարներն ու գործերը՝ գրաֆիկական գծանկարներ, կոմպոզիցիոն աշխատանքներ, գորգեր, կարպետներ, գոբելեններ և այլն՝ ընդհանուր առմամբ շուրջ 170 աշխատանք: Միջոցառման սկզբում օրհնության խոսք ասաց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը: Ցուցահանդեսը բացեցին քոլեջի «Հագուստի մոդելավորում և դիզայն» բաժնի ուսանողները ՝ ներկայացնելով իրենց պատրաստած տարազները: Շուշիի հումանիտար քոլեջի գործունեությունն ու ցուցահանդեսը կարևորել և արժևորել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը: Արցախյան երրորդ պատերազմից հետո քոլեջն իր գործունեությունը ծավալում է մայրաքաղաք Ստեփանակերտում։ Տնօրեն Արա Հայրապետյանի խոսքով՝ նախկինում մանկավարժական թեքումով դպրոցն այսօր նոր ուղղվածություն ունի. բացվել են ժամանակի պահանջներին համապատասխան բաժիններ։ Ուսանողները մասնագիտանում են «Դիզայն», «Հագուստի մոդելավորում և դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» բաժիններում: Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջը իրավահաջորդն է Շուշիի ռեալական ուսումնարանի, որը 1920 թվականին փակվելուց հետո դարձել էր Շուշիի մանկավարժական ուսումնարան։
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ