[ARM]     [RUS]     [ENG]

Շուշիից Գյումրի

Հարցազրույց  արձակագիր Լիլիթ Մկրտչյանի հետ

 -  Ձեր նախավերջին՝ «10950 օր ժաժք» գրքում,  հետերկրաշարժյան դժվարին կյանքի  նկարագրություններ  են, հիշողություններ  ու ապրումներ: Տարիներ անց,  7  դեկտեմբերի, ժամը 11:41, և Դուք՝  օրվա մեջ,  ժամացույցի առաջ:

- Մեր կյանքում կան թվեր, որ դաջվում են հիշողության մեջ, ցավոք, ավելի շատ վատ իրադարձություններով պայմանավորված։ Ապրիլի 24, սեպտեմբերի 27, նոյեմբերի 9… Դեկտեմբերի 7- ը այդ սև թվերից մեկն է, նաև ժամացույցը, որին անկախ քեզանից հետևում ես ու հոգոց հանում, երբ անցնում է «վտանգի ժամը»:

-Նախորդ զրույցներում նշել էիք, որ Գյումրիում  դեռ կան  մարդիկ, որոնք շարունակում են ապրել  վագոն-տնակներում: Տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվո՞ւմ է, թե՞...

- Դեռ շատերն են ապրում տնակներում, ավա՜ղ, դա արդեն հոգս չի համարվում: Մեզ մոտ ընդունված է գեղեցիկ փաթեթավորել մարդկային դժվարությունները և  դժբախտությունները։ Չնայած որ Գյումրին սկսում է շնչել ու կյանքը եռում է զբոսաշրջիկների ժպիտների մեջ, բայց ողբերգությունը, որը բոլորի ընտանիքներում սև հուշ է դեռ, ստվերի պես ապրում է մեզ հետ, մեր տներում:

-Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Գյումրիում են հաստատվել նաև տեղահանված արցախցիներ, նաև մարդիկ, ում Դուք ճանաչում եք, ինչպե՞ս են ապրում նրանք:

- Գյումրի են տեղափոխվել մեր թատրոնի աշխատակիցներից 3-ը, իսկ հիմնականում վերաբնակիչները նորից հետ են վերադարձել: Գյումրին խասյաթով նման է Շուշիին, գուցե դա մի փոքր հեշտացնում է համակերպվելը:

-Տարիներ առաջ  Գյումրիից տեղափոխվեցիք Արցախ, բնակություն հաստատեցիք Շուշիում: Պատերազմից հետո կրկին Գյումրիում եք, դիմանու՞մ եք:

-2014 թվականին եմ Շուշի տեղափոխվել՝ Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի հրավերով: Հարմարվելը երևի հանձնվելու առաջին քայլն է: Շուշիի հանձնմանը չեմ հարմարվում, ծննդավայր վերադառնալը միշտ էլ հեշտ է, բայց ոչ այսքան կորուստներով:

- Դուք ևս առանձնահատուկ  ներդրում  ունեցաք Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի կայացման գործում: Ձեր ստեղծագործությունները ևս բեմադրվեցին: Թատրոնն այսօր էլ շարունակում է գործել, սակայն այլ կարգավիճակով: Շարունակվո՞ւմ է  համագործակցությունը: Ի՞նչ նորություններ ունեք:

- Շարունակում եմ աշխատել Շուշիի թատրոնում: Պատերազմն ինձ թատրոնում նաև դերասան դարձրեց: Քանի որ հիմա թատրոնը շրջիկ կարգավիճակում է գործում և շատ ավելի դժվար է կազմակերպչական աշխատանքները, կան ներկայացումներ, որտեղ ես էլ եմ մասնակցություն ունենում: Պատվի խնդիր է հիմա պահել թատրոնը, որը Շուշիինն է, դրա կարևորությունը գուցե լիովին չեն հասկանում պատկան մարմինները, բայց թատրոնի տնօրենի և աշխատակիցներիս հստակ որոշումն է, որ Շուշիի թատրոնը «չենք հանձնի»: Լինելով շրջիկ թատրոն, հյուրախաղերով և ներկայացումների քանակով չենք զիջում գործող թատրոններին: Թատրոնն  ամեն ինչ կորցրեց պատերազմում, բայց կարճ ժամանակում վերականգնել ենք տիկնիկային հինգ ներկայացում: Այսօր արդեն նոր ներկայացում ենք բեմադրում, որը շուտով կշրջի Արցախում և ՀՀ քաղաքներում:

-Պատերազմից մեկ տարի անց  Գյումրիում կայացավ  Ձեր   «Մայլիցմայլա» գրքի շնորհանդեսը, որը նախատեսված էր Շուշիում անցկացնելըԳրքի բոլոր պատմվածքները Գյումրիի մասին են: Ի՞նչ գրել այսօր:

-Այսօր գրելը շատ հեշտ է, ամեն օրը էմոցիաների պիկ է, բայց մի տեսակ կորել է գրելու իմաստը:

Անի Մանգասարյան