ՍԻՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ, ՈՐ ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում Արցախի պետական կամերային նվագախումբը` Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, երաժշտասեր հասարակության համար հանդես եկավ տարվա իր վերջին համերգով: Համերգին հնչեցին թե՛ նոր և թե՛ բազմիցս կատարված ու սիրված ստեղծագործություններ, այդ թվում Տիգրան Մանսուրյանի` հայկական ֆիլմերի համար գրված երաժշտական կոմպոզիցիաներ, Կոմիտաս-Ասլամազյանի «Վաղարշապատի պար»-ը: Մաեստրո Մուրադյանը հաճախ է հրավիրում Հայաստանից հայտնի երաժիշտներ` նպատակ ունենալով ծանոթացնել արցախցի հանդիսատեսին տաղանդավոր այդ կատարողների հետ: Վերջին տարիներին նվագախմբի համերգներին հաճախ է հանդես գալիս Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, արցախցի տաղանդավոր երաժիշտ, կլարնետահար Արսեն Գրիգորյանը: Այս անգամ էլ նա մեծ վարպետությամբ արցախյան բեմում կատարեց Մոցարտի Կոնցերտը` կլարնետի և նվագախմբի համար: Երգչուհի Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց Շնորհալու «Նոր ծաղիկ» շարականը, Խաչատուր Ավետիսյանի «Բալենի», Ալեքսեյ Հեքիմյանի «Արագիլ» երգերը։ Համերգն այս, ընդգծեց Գևորգ Մուրադյանը, նվագախմբի շնորհավորանքն էր գալիք Ամանորի կապակցությամբ։ Կոմիտասի «Վաղարշապատի պար»-ով, մաեսրտո Մուրադյանը կոչ արեց բեմից. «Եկեք սիրենք միմյանց, որ հաղթահարենք այսօր մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և առաջ գնանք»: