ԿԱՄԻԼԱ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍՏԻՊԵՑ ԻՆՁ ԼՌԵԼ
Հարցազրույց բանաստեղծուհի Կամիլա Երկանյան-Քեշիշյանի հետ
-Վերջին շրջանում բանաստեղծուհի Կամիլան, կարծես, կա՛մ որոնումների մեջ էր, կա՛մ պոետական խմորումների։ Նկատի ունեմ, որ «Ծաղկած ցավ» ժողովածուից հետո նոր գործեր չեք հրատարակել։
- Թվում է` պատերազմի ընթացքում ասելիքը ժամանակավրեպ է դառնում, քանի դեռ թաց է մեր վերքը, իսկ պետք է խոսելու փոխարեն հավաքվել ու գործի դնել բոլոր ուժերը վերածննդի համար. ապրում ենք անորոշության, ցավի, տառապանքի հասցեներում՝ անձնապես ինձ համար ինչ - որ բան ասելը դառնում է մի տեսակ անիմաստ։ Չե՞ք նկատել, թե ինչքան շատ է աղմուկը, ու երբեմն ուզում ես հեռու փախչել...
Իրավացի եք, այո՜։ Պատերազմը ստիպեց ինձ լռել, գուցե երկար, հեռանալ ինձնից՝ նորից ինձ գտնելու համար ու բաբախել տառապանքի բաց երակի վրա, սակայն այդ լռությունը պարտվածի կամ հանձնվողի լռություն չէ բնավ, և ոչ էլ միմիայն պոետական հետպատերազմյան խմորումների առիթ կամ ժամանակ։ Ավելին է, որը հնարավոր չէ թարգմանել... Անանձնական և անձնական ապրումների հսկայական կշիռ պարունակող հույզեր ու մտորումներ, Հայրենիքի անդամահատություն, ընկերների, բարեկամների կորուստ և այլն, որոնք նախ պետք է «մարսել», այն էլ եթե ստացվի։ Հույզեր, որոնք էլ ոչ մի կերպ չեն տեղավորվում ոչ մի սցենարում. կարելի է միայն որոշ պատկեր ստանալ, ոչ ավելին։ Կարծում եմ, այս հարցի պատասխանը գտնեք նաև «Պատերազմի երգեր» բանաստեղծություններիս շարքում, որը Կամիլա բանաստեղծուհու ամբողջապես ապրված կյանքն է, որով նա ապրել ու շարունակում է ապրել՝ հանուն Արցախի, հանուն Հայրենիքի... Ես ինձ պոկված սիրտ եմ զգում առանց Արցախի ամբողջական գոյության, ինչպես հավանաբար շատ ու շատ հայորդիներ, եւ ընկալելի չէ Հայրենիքը այլապես...
Հետաքրքիրն այն է, որ «Ծաղկած ցավ» բանաստեղծություններիս ժողովածուում կան այնպիսի բանաստեղծություններ, որոնք, կարծես, հենց այս օրերի մասին են, որտեղ նկարագրված պատկերներում տեսնում եմ ներկան... իսկ գիրքը գրվել էր ավելի վաղ։ Ասում են, որ բանաստեղծները զգում են գալիքը մի ուրիշ զգայարանով՝ սրտի ամենախոր արմատով. միգուցե... «Ծաղկած ցավ» գրքից հետո, ես ինձ գտա «Պատերազմի երգեր», և էլի մի շարք բանաստեղծական շարքերում, որոնք նույնպես շարունակվում են հրապարակվել հայրենի ու Սփյուռքի մամուլում, մինչև հաջորդ գրքիս ծնունդը։ Տեսնենք։ Շտապելու բան չկա, պետք է կարողանանք սովորել ապրել...
- Ձեր բանաստեղծությունների հերոսը նաև պայքարող տեսակ է։ Նրա պայքարը դե՞մ է, թե՞ հանուն ...
-Այո՜, պայքարի տեսակ է միանշանակ, քանզի եթե չկա պայքար՝ չկա և կյանք։ Պայքարը պիտի լինի հանուն վեհ գաղափարի, քանզի ի վերջո արդար պայքարի երակներում եռացողը սիրո ուժն է։ Միայն սիրելով կարելի է պայքարել և այդ պայքարը օծել ամենագեղեցիկ նվաճումներով։ Իսկ այդ նվաճումները, ըստ իս, անանձնական բնույթ պիտի կրեն. ծանոթ ֆիլմի խոսքով՝ «բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի»... իսկ մենք, ցավոք, շա՛տ ենք հեռացել ինքներս մեզնից ու երբեմն թվում է, կորցրել ենք լսելու, տեսնելու, զգալու, գիտակցելու մարդկային ամենատարրական կարողությունները։ Պայքարի տեսակները շատ են, մարտիկը իր զենքով է պայքարում ու պաշտպանում հայրենի հողը, արվեստագետը պայքարի իր դաշտն ունի՝ իր ուրույն զենքը. ազգային մշակույթի սահմաններն անաղարտ պահելու, պահպանելու գիտակցությամբ, հատկապես՝ համաշխարհայնացման այս թոհուբոհում. գրողը իր գրչով, նկարիչը վրձնով, ու այսպես ամեն Աստծո օր, շատ անգամ նույնիսկ՝ անխոս։ Այլապես, անկարելի է պատկերացնել, թե ում և ինչի համար են նահատակվում Տղերքը, եթե պիտի չկարողանանք այդքանից հետո ամուր եւ մաքրամաքուր պահել Հայրենիքի և՛ ֆիզիկական, և՛ մշակութային սահմանները... Այսօրվա տարատեսակ եթերները նույնպես մաքրման կարիք ունեն։ Համոզված եմ, որ բոլոր տեսակի պատերազմները պիտի հաղթանակենք նախ և առաջ ինքնամաքրման հույժ կարևոր ու արդեն ուշացած գործընթացով։ Բայց ինչպես ասում են՝ երբեք ուշ չէ...
Իսկ դա նշանակում է լույս սփռել շուրջբոլորը, մնալ ամուր կառչած սեփական Կենաց Ծառի արմատից, հասկանալ, թե ո՞վ է հայը, մարդկային ինչպիսի՞ տեսակ է նա, ի՞նչ է տվել աշխարհին ու դեռ ի՞նչ պետք է անի, որպեսզի գալիք սերունդներին իրական ժառանգությունը կարողանա փոխանցել՝ ուժեղի հոգեբանությամբ ու հավատով։ Սա պոետական ոգորում չէ բնավ, այլ հին իմաստություն, որին պետք է վերադառնանք բոլորս, դուրս գալով անիրական այս իրականությունից։ Հետևաբար պայքարել հանուն այս ամենի։
-Դուք զբաղվում եք նաև երաժշտությամբ ու նկարչությամբ. ի՞նչ նորություններ ունեք, ի՞նչ եք հաջողել։
-Վերջին երեք տարիների անկանխատեսելի տարբեր ճգնաժամերի բերած դժվարություններով, անկեղծ ասած, սպասելիքս մեծ չէր։ Նախ՝ Լիբանանի տնտեսական անկումը, հետո նաև՝ ամբողջ աշխարհը տակն ու վրա արած համավարակը և Արցախի պատերազմը, որոնք, բնականաբար, իրենց սև գործն արեցին մեր կյանքում։ Հուսով եմ, որ առաջիկայում այն, ինչ մտահղացել եմ, կապված իմ երաժշտական ստեղծագործական գործունեության հետ, կարելի կլինի իրագործել նաև ի տես հանդիսականի։
-Ի՞նչ ծրագրեր ու մտահղացումներ ունեք՝ կապված Արցախի հետ։
-Արցախի հետ կապված նոր մարտահրավերներ կան։ Ես փայփայում եմ այն հույսը, որ ժամանակը իրեն շատ սպասել չի տա, իսկ մինչ այդ, բանաստեղծություններս՝ Արցախի իմ սիրելի ընթերցողին, ընկերներիս, բարեկամներիս ու բոլոր ծանոթ ու անծանոթ հարազատներիս...
-Թվում է ՝ պատերազմը շատերին է հաղթել, իսկ՝ Ձե՞զ։
-Եթե գրում եմ, նվագում եմ և ամենակարևորը՝ չեմ կորցրել սիրելու աստվածային ունակությունը, նշանակում է, որ պատերազմն ինձ չի՜ հաղթել, նույնիսկ եթե կշռենք անկշռելի այն ցավն ու տառապանքը, որոնք ապրում են ինձ հետ, իմ մեջ...
Այստեղ էլի անելիք ունենք, այն էլ շատ մեծ։ Տղերքը մեր ուսերին Հայրենիք են դրել, որ վերջապես ազգովի մեկընդմիշտ սթափվենք, որ կարողանանք մաքուր աչքերով նայել իրենց ու ինքներս մեզ։ Իրականում հեռու եմ կոչերից, բայց ի սրտե կուզենայի տեսնել մեզ վերածնված, զուլալ ու պայծառ գիտակցությամբ ու նվիրումով, իսկ դրա համար միայն մեկ բան է հարկավոր՝ սովորել սիրել...
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
ԿԱՄԻԼԱ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԳԵՐ
Նուիրում եմ բոլոր ժամանակների նահատակ Տղաներին...
ՄԻՆՉ ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ՄԵՂԱՒՈՐԻՆ՝
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՏԽՈՒ՛Ր ՀԵՌԱՑԱՒ...
Ա
ՇՈՒՇԻ
Լիզում է լեզուս դառը մի հետք.
Քեզանից յետոյ օրերը կարճացել են,
Եւ երեխաները էլ չեն խաղում
Լուսամուտիս տակ։
Ես վախենում եմ կապոյտ աչքերի
Սեւ յուշերից,
Որ ռումբի պէս պայթում են հատ - հատ
Մեր բակի անտուն ճամփեքին...
Բ
Տղամարդիկ հեռանում են՝
փողոցները դատարկւում
Ու ընկնում են քաղաքից ցած.
Կանայք հաւաքում են նրանց ստուերները
Եւ շապիկ կարում տաքանալու համար...
Տղամարդիկ հեռանում են՝
ժամանակը կանգնում
Ու գլորւում է կեանքից ցած,
Կանայք հաւաքում են անտուն օրերը
էլի մի քիչ չապրելու համար...
Գ
Դու զոհուեցիր,
Ես դեռ ապրում եմ.
Դու կը ծնուես կրկին,
Ես՝ էլ չեմ լինի.
Փշալարերին կախուած
Բանաստեղծութիւններս՝ քեզ...
Դ
Հողը ծծում է արիւնդ,
Իսկ բառերը մեռնում են
Ծառերի պէս կանգնած.
Մեր սրտերը նայում են մեզ
Լոյսի աչքերով,
Որից թափւում են
Թաց երազներ...
Կար ժամանակ,
Երբ մեր շուրթերը
Արշալոյսի դարպասներ էին,
Եւ կանաչ էր բոյրը
Անկշռութեան...
Ծծում է հողը արիւնդ
Եւ բառերը մեռնում են
Ծառերի պէս կանգնած.
Իսկ մեր սրտերը
Դաշնամուրի ստեղնաշարին հանգչող
Աստծոյ արցունքն են,
Որից անդին ՝
Էլ ոչ ոք
Սաղմոս չի երգում
Փրկութեան համար...
Ե
Վերցրու գիշերը,
Սրբիր լոյսի փեշերով
Ու ես կը գրեմ
Ամենագեղեցիկ բալլադը
Պատերազմի մասին...
Զ
Կանայք ծնւում եմ երջանկութեան համար,
Բայց տղամարդիկ անվե՛րջ հեռանում են.
Եւ ամէն մթնշաղի
Կանայք տուն են տանում
Բուռ – բուռ ծաղկած Հայրենիք...
Է
Այսօր ես կանգնեմ սահմանին՝
Դու մի քիչ քնիր,
Հայրենիք...
Թ
...եկայ, որ քեզ համար ջուր բերեմ,
Բայց հողաթմբի վրայ
Արդէն աճել էին ծաղիկներ...
Ժ
Ես քո ձեռքերն եմ,
Որ մնացել են քեզանից հետո
Ապրելու համար...
Ես քո ոտքերն եմ՝
Հենակները Հայրենիքիդ.
Ես քո աչքերն եմ,
Որ տանում են մեզ՝ մեզնից,
Երբ այլեւս ոչ մի կերպ
Չի լինում ապրել...
ԺԱ
Ես գեղեցիկ եմ,
Բայց դրսում պատերազմ է...
ԺԲ
Ոչ ոք այդպէս ինձ չսիրեց
Ինչպէս դու՝
Զոհուեցիր իմ գրկում,
Որ ապրի Հայրենիքը...
Ոչ ոք չսիրեց ինձ այնպէս
Ինչպէս դու՝
Քո գնալուց հետո
Ես ոտաբոբիկ եմ քայլում,
Որ չմսի հողը...
ԺԴ
Կանայք գիտեն իրենց տաքացնել
մրսած քամիներով,
եւ դեղահաբերի պէս կուլ տալ
չասուած բառերը,
նրանք հանել են
խօստովանութեան հնամաշ շորերը
եւ հագել ազատութիւն՝
ձեռքերը տանելով դէպի արեւ...
այդ ո՞վ է լալիս
գիշերուայ լեզուի տակ դնելով
տխրութեան ջերմաչափը.
կան քաղաքներ,
որի պատուհանները միշտ բաց են,
որովհետեւ այնտեղ
կանայք մերկ են գնում մեռնելու...
ժԵ
Աւազներէն խաղալիքներ կը շինենք՝
մեր ձեռքերը անձեւ են
չքմեղանքի համար
ու մեզմէ կը փչէ տարօրինա՛կ եղանակ.
ինծմէ քայլ մը անդին
բռնութեան լեզուն կը ներծծէ
երկրին մարմինը,
իսկ մենք կը շարունակենք խաղալ
չարդարացուած երջանկութիւն...