[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԱՆԱԿԻ, ՍԵՐՆԴԻ ԵՎ ԻՄ ՄԱՍԻՆ...

«Թեպետ ես վկայում եմ իմ անձի մասին,
Իմ վկայությունը ճշմարիտ է»։
                                 Հովհաննեսի ավետարան, Գլուխ ը

Ով աստ­վա­ծա­յին մղու­մով գրիչ է վերց­նում, նրան կանգ­նեց­նելն, այլևս, անհ­նար է դառ­նում, հատ­կա­պես, երբ Աստ­ված մի պտ­ղունց «թա­նաք» է կա­թեց­նում այդ գր­չի ծայ­րին... Խոս­քը օժտ­ված­նե­րի ու շնոր­հա­լի­նե­րի մա­սին է, նրանց մա­սին, ո­րոնք ոչ միայն գի­տեն խոս­քի գի­նը, այլև զո­րու­թյու­նը. «Երբ խառն է դա­րը, նույն արճ­ճից են ձու­լում ի­մա­ցիր՝ գն­դակն ու տա­ռը» /Գ. Է­մին/։ Խոս­քի զո­րու­թյան նվի­րյալ «մշակ­նե­րից է» Նվարդ Ա­վա­գյա­նը, ո­րը գրե­թե 4 տաս­նա­մյակ «Խոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ» թեր­թին ո­գի ու ա­վիշ նե­րար­կող, սե­փա­կան խոսք ու ձե­ռա­գիրն ու­նե­ցող, իր ու­րույն աշ­խարհն ու­նե­ցող ու այդ աշ­խար­հում Ա­վա­գյա­նա­կան կո­լո­րիտ ստեղ­ծող հանձ­նա­ռու-ան­ձն­վեր­նե­րից է՝ ուխ­տյա­լը Հայ­րե­նիք գա­ղա­փա­րի ու դա­վա­նան­քի։
«Խոր­հր­դա­յին Ղա­րա­բա­ղը» երկ­րորդ օ­ջախ դար­ձավ բա­նաս­տեղծ, լրագ­րող-հրա­պա­րա­կա­խոս Նվարդ Ա­վա­գյա­նի հա­մար։ Ա­հա թե ին­չու նրա հու­շե­րը՝ ըմ­բոստ, հա­ճախ ի­րա­րա­մերժ զգա­ցում­ներ ծնող, դաս­դա­սում­ներ ու կեռ­ման­ներ ու­նե­ցող, խմ­բագ­րու­թյան «խո­հա­նո­ցի» սևն ու սպի­տա­կը խնամքով քողարկող, միա­ժա­մա­նակ տա­քուկ, ձգող, խո­հե­րի, մտո­րում­նե­րի տե­ղիք տվող, իսկ ա­մե­նա­կարևո­րը՝ ի­րենց մեջ ու­սա­նե­լի Մեծ դա­սեր են պա­րու­նա­կում... Ըն­դա­մե­նը 4 տա­րի Գարդ­մա­նից աշ­խար­հում ու­սուց­չա­վա­րե­լուց հե­տո՝ 1966թ. տի­կին Նվար­դը ոտք դրեց խմ­բագ­րու­թյուն, ե­կավ ու մնաց, մնաց, որ «վրձ­նի» սե­փա­կան լրագ­րո­ղա­կան աշ­խար­հը ու այդ Ա­վա­գյա­նա­կան աշ­խար­հում հայ­րե­նի ե­զերքն իր դեմքն ու դի­մա­գիծն ու­նե­նա՝ նաև նրա «ներ­կապ­նա­կի» գույ­նե­րով։
... Իսկ հի­մա Նվարդ Ա­վա­գյա­նի հու­շե­րը՝ ա­մեն­քի ու ա­մեն ին­չի մա­սին՝ հեր­թով.
- Տու՛ն եմ վե­րա­դար­ձել։ Ապ­րում եմ Ստե­փա­նա­կեր­տում։ Դի­մում եմ մար­զա­յին թեր­թի խմ­բագ­րին։ Հով­հան­նես Ար­զու­մա­նյանն է։ Ա­սում է՝ ա­զատ հաս­տիք չկա։ Ապ­րի­լից, ա­սում է, թեր­թի ձևա­չա­փը փոխ­վե­լու է, նոր հաս­տիք­ներ են լի­նե­լու, այն ժա­մա­նակ՝ խնդ­րեմ։ Չա­փա­ծո ան­տիպ ժո­ղո­վա­ծու­նե­րիցս մե­կը տա­նում եմ գրող­նե­րի միու­թյան քար­տու­ղար Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի մոտ։ Ըն­թեր­ցե­լը վեր­ջաց­նե­լուց հե­տո ա­սում է՝ շնորհ­քով աղ­ջիկ ես, ա­րի քեզ թեր­թի խմ­բագ­րու­թյուն ու­ղար­կեմ, վս­տահ եմ, քո տեղն այն­տեղ է։ Ա­սում եմ՝ ար­դեն դի­մել եմ, տեղ չկա։ Ժպ­տում է.«Ես լավ ըն­կեր ու­նեմ այն­տեղ՝ բա­նաս­տեղծ Բոգ­դան Ջա­նյա­նը, կօգ­նի, կհա­մո­զի... Ինքս զան­գել խմ­բագ­րին չեմ ու­զում, դա ա­վե­լի շուտ կա­րող է վնաս տալ, քան օ­գուտ... »։ Ո­չինչ չի ա­վե­լաց­նում, ես էլ չեմ հա­մար­ձակ­վում հարց­նել՝ ին­չու՞։ Լսածս վե­րագ­րում եմ մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին... Հե­տո կի­մա­նամ, որ դա այդ­պես չէ, կամ այն­քան էլ այդ­պես չէ։
Ջա­նյա­նի հետ խմ­բագ­րի մոտ ենք։ Նա ճա­նա­չում է ինձ, հի­շում մեր­ժու­մը։ Լավ, ա­սում է Բոգ­դան Շա­մի­րո­վի­չին, ար­տա­հաս­տի­քա­յին թղ­թակ­ցի կար­գա­վի­ճա­կով թող աշ­խա­տի՝ միայն հո­նո­րար ստա­նա­լով, կձգ­տեմ հուն­վա­րին հար­ցը հիմ­նո­վին լու­ծե­լու հա­մար մի բան մտա­ծել։ Ինձ շր­ջան­ներ են ու­ղար­կում՝ ծայ­րա­մա­սա­յին գյու­ղե­րից վեր­լու­ծա­կան հոդ­ված­ներ, ակ­նարկ­ներ «բե­րե­լու»։ Նոր բա­ռեր եմ սո­վո­րում՝ լե­տուչ­կա, մետ­րան­պաժ, ցի­ցե­րո... Թռուց­կա­ժո­ղով­նե­րին գո­վում են գրածս։ Ու­րախ եմ ա­ռա­ջին հեր­թին նրա­նով, որ հու­սա­խաբ չեմ ա­նում ինձ հա­մար բա­րե­խո­սած եր­կու ազ­նիվ մտա­վո­րա­կան­նե­րին։

Աշ­խա­տում եմ նա­մակ­նե­րի բաժ­նում, հե­տո՝ մշա­կույ­թի, դպ­րո­ցա­կան, հե­տո... Կարճ ա­սած՝ կու­սակ­ցա­կան և գյու­ղատն­տե­սա­կան բա­ժին­նե­րից բա­ցի՝ հա­մա­րյա ա­մեն տեղ էլ աշ­խա­տել եմ։ Նույ­նիսկ՝ քար­տու­ղա­րու­թյու­նում։ Խմ­բագ­րին ինքս եմ խնդ­րում, որ մի տա­րով ինձ այն­տեղ ու­ղար­կի։ Զար­մա­նում է՝ ին­չի՞դ է պետք, բեղմ­նա­վոր գրիչ ու­նես, իսկ այն­տեղ աշ­խա­տան­քի մեծ մա­սը տեխ­նի­կա­կան է, ա­զատ ժա­մա­նակն էլ՝ քիչ։ Ա­սում եմ՝ ու­զում եմ տես­նել ինչ­պես է ստեղծ­վում թեր­թը, ճա­նա­չել եմ ու­զում ամ­բողջ շղ­թան, անհ­րա­ժեշ­տու­թյուն ծա­գե­լու դեպ­քում կա­րո­ղա­նալ աշ­խա­տել ցան­կա­ցած օ­ղա­կում։ Դա դուր է գա­լիս նրան, հա­մա­ձայն­ում է։
Քար­տու­ղա­րու­թյան պե­տը Լազր Գաս­պա­րյանն է, նրա տե­ղա­կալ­նե­րը՝ Էլ­լա Ստե­փա­նյանն ու ա­վե­լի ուշ՝ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը։ Իս­պե­տը /ա­ռա­կա­գիր Իս­րա­յել Պետ­րո­սյան/ թարգ­մա­նիչն է։ Իսկ ո՞վ եմ ես։ Ին­չո՞վ եմ զբաղ­վում։ Ա­մեն ին­չով ու կոնկ­րետ ոչն­չով։ Կա­րո­ղա­ցա­ծին չափ օգ­նում եմ բո­լո­րին։ Քար­տու­ղա­րու­թյա­նը կից գրա­կան աշ­խա­տող եմ, մա­կե­տա­վո­րող եմ, տե­լե­տայ­պի նյու­թերն ըն­թեր­ցող եմ, հույժ անհ­րա­ժեշտ պա­հե­րին երկ­րորդ թարգ­մա­նիչ եմ՝ թարգ­մա­նում եմ ՏԱՍՍ-ի և ԱՊՆ-ի նյու­թե­րից։ Այ­սինքն՝ ա­նում եմ այն, ինչ ա­սում են։ Կարևորն այն չէ, թե ինչ եմ ա­նում, կարևորն այն է՝ ինչ­պե՜ս ես ա­նում։ Ես իմ գոր­ծը լավ եմ ա­նում։ Այն­քան՝ որ և՛ պետն է գոհ, և՛ «հա­րա­քաշ» ըն­կեր­ներս։
Խմ­բագ­րու­թյու­նում աշ­խա­տող «պիիտ­նե­րիս»՝ Գուր­գեն Գաբ­րիե­լյա­նին, Հրա­չյա Բեգ­լա­րյա­նին, մի ըն­թաց­քում՝ Վազ­գեն Օ­վյա­նին /ե­կավ ռա­դիո­յից, հե­տո նո­րից վե­րա­դար­ձավ իր լե­գեն­դար «Մա­խաթ»-ի մոտ/, տո­ղե­րիս հե­ղի­նա­կին, ա­վե­լա­ցել է ևս մե­կը՝ Վար­դան Հա­կո­բյա­նը։ «Արևե­րես» հա­նե­լու բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը բո­լորս սո­վո­րա­բար Գուր­գեն Գաբ­րիե­լյա­նի աշ­խա­տա­սե­նյա­կում ենք հա­վաք­վում-ըն­թեր­ցում։ Գուր­գենն ան­կեղ­ծո­րեն ու­րա­խա­նում է յու­րա­քան­չյուր լավ գոր­ծի հա­մար՝ ի­րե­նը լի­նի, թե ու­րի­շի­նը։ Գնա­լով բա­ցա­հայ­տում եմ, որ տա­ղան­դա­վոր մար­դու նրա տե­սա­կը շատ հե­տաքր­քիր է, նույ­նիսկ մի քիչ էլ բա­ցա­ռիկ. տա­ղան­դա­վոր է ա­մեն ին­չում, թող ներ­վի ա­սել՝ և լա­վի մեջ, և վա­տի /ո՛ր մեկ մահ­կա­նա­ցուն կա­րող է պն­դել, թե ին­քը ո­տից գլուխ կա­տա­րյալ է/։ Գուր­գե­նը պար­զա­պես ա­վե­լի «թանձր» է իր դրա­կան ու բա­ցա­սա­կան լից­քե­րով, քան մենք՝ մնա­ցյալս։ Վար­դանն էլ հա­խուռն բնա­վո­րու­թյուն ու­նի։ Հու­զախ­ռով պա­հին նման է բա­շը քա­մուն տվող մուս­տան­գի։ Չզար­մա­ցա, երբ քա­նի տա­րի անց նրա աշ­խա­տա­սե­նյա­կում... տա­սից ա­վե­լի նժույգ­նե­րի քան­դակ­ներ տե­սա։ Ըն­դա­մե­նը հա­մոզ­վե­ցի ըն­կա­լում­նե­րիս անս­խա­լու­թյան մեջ։ Հո­գե­բան­ներն էլ են հաս­տա­տում, որ սո­վո­րա­բար մարդ ի­րեն շր­ջա­պա­տում է իր էու­թյա­նը հա­րիր-հա­մա­հունչ ի­րե­րով...
Տա­րին անց­նում է տա­րու հետևից, մի օր էլ հան­կարծ զգում եմ, որ ինձ ան­հան­գս­տաց­նող հան­գա­մանք կա։ Ինք­նըս­տին­քյան դա­սա­վոր­վել է այն­պես, որ աշ­խա­տան­քա­յին կո­լեկ­տի­վում ա­ռա­վե­լա­պես մտեր­մու­թյուն եմ ա­նում այն մարդ­կանց հետ, ո­րոնց հան­դեպ խմ­բա­գի­րը կար­ծես թե ներ­քուստ այն­քան էլ բա­րե­հաճ չէ։ Չեմ ու­զում հա­վա­տալ, բայց գնա­լով ա­վե­լի եմ հա­մոզ­վում դրա­նում։ Այդ ի­րա­վի­ճա­կից էլ օգտ­վե­լով՝ լրագ­րո­ղի ա­մե­նօ­րյա լար­ված աշ­խա­տան­քից մեկ-եր­կու գլուխ պա­հող­ներ փոր­ձում են, որ­քան ինձ թվում է, ե­թե նոր սեպ էլ չխ­րել «կող­մե­րի» հա­րա­բե­րու­թյուն­նե­րի միջև, գո­նե խո­րաց­նել ե­ղա­ծը։ Զգում եմ, որ գնա­լով հայ­տն­վե­լու եմ ան­տե­սա­նե­լի ինչ-որ «Սկիլ­լա­յի ու Քա­րիբ­դի­սի» ա­րան­քում... Իսկ այդ­պես մարդ քա­նի՞ տա­րի կա­րող է դի­մա­նալ։ Ես դի­մա­ցա։

/Շա­րու­նա­կե­լի/

Պատրաստեց
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ