ՀՈՒՆՎԱՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ
Արցախի Հանրապետության ԳԹԿ կողմից հայտարարվել է, որ դեկտեմբերի 15-ից սկսվում է 2023թ. բուհերի ընդունելության համար հունվար ամսին նախատեսվող միասնական քննությունների հայտագրման գործընթացը: Դիմորդը միասնական քննությունների դիմում-հայտը լրացնելու նպատակով պետք է դիմի ԱՀ ԳԹԿ: Առավելագույն երկու միասնական քննություն նա պետք է հանձնի ՀՀ տարածքում ձևավորված քննական կենտրոնում: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԳԹԿ կենտրոնի տնօրեն Յուրի ՔԱՐԱՄՅԱՆԻՆ:
- Պարոն Քարամյան, բուհերի ընդունելության քննությունները, որ սովորաբար հունիսին են մեկնարկում, հիմա հունվարին է լինելու՝ ուսումնական գործընթացին զուգընթաց: Ի՞նչ նպատակ ունի դա:
-ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2023թ. միասնական քննությունները կանցկացվեն երեք փուլով: Առաջին փուլը կանցկացվի հունվար ամսին: Երկրորդ և երրորդ փուլերը՝ հունիս և հուլիս ամիսներին: Մեզ մոտ՝ Արցախում, ինչպես միշտ, անցկացվելու են ամռանը՝ երկու փուլով: Արցախի դիմորդների համար առաջին փուլը պարտադիր չէ, բայց մենք հնարավորություն ենք ստեղծում ցանկացողների համար հայտագրվել և մասնակցել միասնական քննությունների առաջին փուլին, որը կանցկացվի հունվար ամսում ՀՀ-ում /նախնական պայմանավորվածությամբ՝ Գորիս քաղաքում/: Եթե ստացած միավորներն իրենց բավարարեն, ապա դրանք կպահպանվեն ընդունելության համար: Իսկ եթե՝ ոչ, դիմորդները կարող են տվյալ առարկաներից հանձնել հունիս ամսում, ընդունելության համար կվերցվի ամենաբարձր գնահատականը:
-Փաստորեն ԱՀ կառավարությունը չի կրկնօրինակել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Եվ տեսնում ենք, որ Դուք էլ համամիտ եք դրան: Ինչո՞վ եք դա հիմնավորում:
-Դա արևմտյան ոճ է և դիմորդներին ներգրավելու միջոց, երբ նրանք կարող են մի քանի անգամ հանձնել ընդունելության քննություն: Ես դրանում խնդիր չեմ տեսնում, եթե քննությունը լինի միայն ընդունելության մասով, և ավարտական մասը չլինի: Միասնական քննության թեստում կա նաև ավարտական մաս /դրա համար էլ կոչվում է միասնական քննություն/, դիմորդը միաժամանակ հանձնում է և՜ ավարտական, և՜ ընդունելության քննություն: Ենթադրենք 12-րդ դասարանցին հունվարին հանձնում է միասնական քննություն և ստացած միավորներն իրեն բավարարում են: Նա արդեն ընդունելության քննություն չի հանձնելու: Ես միշտ շեշտում եմ, որ մեր ուսումնական գործընթացի ամենավատ կողմն այն է, որ երեխաները սովորում են քննության համար և ոչ թե գիտելիք ստանալու: Երբ նա արդեն բուհ ընդունված համարվի, կշարունակի՞ երկրորդ կիսամյակում ուսումը, չէ՞ որ նա, սահմանված օրենքի համաձայն, պետք է համապատասխան առարկաներից նշված ժամաքանակով դասապրոցեսի մասնակցի և տարեկան գնահատական ունենա ատեստատում: Ընդհանրապես, մեր նպատակն է, որ դպրոցի գնահատականն ավելի արժևորվի: Ես չեմ կիսում հունվարին միասնական քննություն հանձնելու որոշումը: Հունվարին հանձնվող միասնական քննությունները ստեղծելու են մի շարք խոչընդոտներ: Առաջին՝ կխաթարվի դպրոցի ուսումնական գործընթացը: Երկրորդը կմատնանշեի տեխնիկական խոչընդոտները: Առաջին փուլի միասնական քննություններն անցկացվելու են հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը, ըստ նախնական պլանավորման՝ շաբաթ և կիրակի օրերին: Քննական կենտրոնները դպրոցներն են: Շաբաթ-կիրակի օրերին, ճիշտ է, դպրոցներում դասեր չեն ընթանում, բայց քննությունների անցկացման համար մարզադահլիճն են վերցնում: Այն պետք է կահավորվի, սեղան-նստարաններ բերվեն, իսկ քննությունից հետո դրանք նորից տարվեն իրենց տեղերը դասապրոցեսի համար: Էլ չեմ խոսում ձմռան պայմաններում մարզադահլիճի բավարար ջեռուցումն ապահովելու մասին: Ինձ կարող են հակաճառել՝ իսկ ինչպե՞ս են ֆիզկուլտուրայի դասերն անցկացվում: Բայց դրանք նույնը չեն: Ֆիզկուլտուրայի դասերին երեխան ամբողջ ժամանակ շարժման մեջ է լինում և չի մրսում: Նույնը չի կարելի ասել քննության դեպքում. 18-20 աստիճանի ջերմությունը երեք ժամ նստած մարդու համար բավարար չէ: Պատկերացնո՞ւմ եք, ինչ աղմուկ է առաջանալու դահլիճում. դիմորդներն անընդհատ ներսուդուրս են անելու: Նստելու են վերարկուներով, բաճկոններով, անհարմարավետ վիճակ է լինելու: Երեխայի ուղեղը նման պայմաններում ինչպե՞ս կաշխատի: Կկարողանա՞ կենտրոնանալ: Արցախում ուրիշ խոչընդոտներ էլ կառաջանան՝ էլեկտրականության խափանում, ճանապարհների դժվարություն: Բացի դրանից, ինկասացիայի հարց էլ կլինի: Յուրաքանչյուր քննության համար տվյալ օրը վաղ առավոտյան թեստերը պետք է բերված լինեն Երևանից, քննությունը ավարտելուց անմիջապես հետո պատասխանների ձևաթղթերը վերադարձվեն Երևան: Ավելորդ մեծ ծախսեր, որ ես անիմաստ եմ համարում:
-Դուք ձեր այդ առաջարկությունները ներկայացրե՞լ եք ՀՀ համապատասխան կառույցին:
-Իհարկե: Կանխատեսվող խոչընդոտների մասին իրենց էլ եմ ասել: Ինձ թվում է, որ ՀՀ-ում էլ են հասկացել, որ հունվարին անցկացնելն արդյունավետ չէ և որոշ լրատվամիջոցներով լսում ենք, որ դա փորձնական քննություն է: Երբ միասնական քննությունները նոր էին ներդրվել, մենք փորձնական անց էինք կացնում: Քննության արդյունքները երկրորդական էին մեզ համար և չէին մտցվում դասամատյան: Հիմա ինչ որ պիտի կատարվի հունվարին, փորձնական քննություն չէ, այլ իրական: Իսկ յուրաքանչյուր քննություն սթրես է երեխայի համար: Դիմորդն էլ պետք է երկու քննության համար հունվարին մուծի յուրաքանչյուրի համար 4500 դրամ, իսկ հունիսին մասնակցելու դեպքում` 1500-ական դրամ: Ավելի ճիշտն այն է, որ երեխաները երկրորդ կիսամյակում պատրաստվեն, կրկնություն անեն, ամռանը հանգիստ պայմաններում հանձնեն: Դրական ստացած բոլոր դիմորդներն ընդունվում են, ինչո՞ւ ավելորդ լարվածություն ստեղծել: Բայց գլխավորն այն է, որ հունվարին միասնական քննություն հանձնելը պարտադիր չէ, այլ՝ ըստ ցանկության:
- Իսկ նո՞ւյն թեստերն են լինելու հունվարին և հունիսին:
-Իհարկե՝ ոչ: Եվ տարաձայնություններ են առաջանալու: Մրցույթի կազմակերպումը նույն թեստի հիման վրա պետք է լինի: Իսկ հիմա տարբեր պայմաններում է լինելու: Դա ճիշտ չէ:
- Պարոն Քարամյան, դիմորդները հայտագրվում են, բայց մասնագիտությունների և քննությունների ցանկը մինչև հիմա չեն հաստատվել:
- Հայաստանում դրանք սեպտեմբերի 14-ին են հաստատվել: Մեզ մոտ էլ է սեպտեմբերին պատրաստ եղել, մշակել, քննարկել ենք ԿԳՄՍ փոխնախարարի հետ, որը հիմա նախարարի պաշտոնակատարն է: Բայց, չգիտես ինչու, դա մշտապես մեզ մոտ ուշացնում են:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ