ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ՏԱՂԱՆԴՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Արսեն Գրիգորյանն արցախցի երիտասարդ տաղանդավոր երաժիշտներից է։ Գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, զուգահեռաբար մասնակցել է բազմաթիվ մրցույթների՝ գրավելով մրցանակային տեղեր: Մասնակցել է աշխարհահռչակ մասնագետների վարպետաց դասերին։ 2018-ին նրան հրավիրեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ որպես մենակատար, իսկ այժմ աշխատում է նույն նվագախմբում՝ որպես փողայինների կոնցերտմայստեր, 2019-ից՝ Երևանի կոնսերվատորիայի կլարնետի դասախոս։ Արսենը վարպետաց դասեր է անցկացնում Ստեփանակերտի երաժշտական քոլեջի շնորհաշատ կլարնետահարների հետ, համագործակցում է Արցախի պետական կամերային նվագախմբի հետ։ Օրերս կայացած համերգին Արսեն Գրիգորյանը մենակատարում էր Մոցարտի կլարնետի և նվագախմբի համար Կոնցերտում։ Օգտվելով առիթից, նրան հրավիրեցի հարցազրույցի։
-Արսեն, շնորհաշատ երիտասարդներ շատ կան, բայց քչերին է հաջողվում հասնել մեծ արդյունքների։ Ո՞րն է քո հաջողությունների գրավականը։
-Իհարկե, այս գործում տաղանդը մեծ նշանակություն ունի։ Բայց նաև աշխատասիրությունն է կարևոր դեր խաղում։ Ինչո՞ւ։ Արցախցիների մեջ շատ կան շնորհաշատ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, բայց նրանցից շատերը աշխատասեր չեն, ուստի՝ ասպարեզում չեն երևում։ Կարևորում եմ սերը, ցանկությունը, ձգտումը, աշխատասիրությունը՝ Աստծո շնորհած տաղանդը հասցնելու առավելագույնի։ Արցախցի տաղանդավոր սկսնակ երաժիշտներին խորհուրդ կտամ առաջնորդվել հենց այդ սկզբունքներով։ Ես էլ չեմ միանգամից հասել այս արդյունքներին։ Ամենօրյա քրտնաջան աշխատանքով, ինձանից ավելի լավ երաժիշտների հետ շփվելով, կատարելագործելով վարպետությունս, հասել եմ իմ նպատակին։
-Փաստորեն, ապրում և աշխատում ես Երևանում, բայց կապը Արցախի հետ պահում ես։ Ի՞նչ տեղ է գրավում Արցախը քո ստեղծագործական կյանքում։
-Այնպես եմ կազմակերպում, որ Արցախի հետ կապը կարողանամ լիարժեք պահել։ Այս անգամ երկու օր համերգից շուտ եկա, որպեսզի հասցնեմ քոլեջի ուսանողների հետ վարպետության դասեր անցկացնել։ Ձգտում եմ տարվա կտրվածքով 3-4 անգամ գալ՝ վարպետության դասեր անցկացնելու, կամերային նվագախմբի համերգներին, փառատոներին մասնակցելու։ Ուսանողներիս հետ մշտական կապ եմ պահպանում՝ այս կամ այն խորհուրդը տալու, նոտաներ ուղարկելու համար։ Ֆիզիկապես Արցախում չեմ, բայց գիտեմ՝ ում ինչ է պետք և ինչով կարող եմ օգնել։
-Նախախնամությունը, ըստ քեզ, նշանակություն ունի՞ երաժշտի, ընդհանրապես, արտիստի կյանքում։
-Անշուշտ, ճակատագիրը, նախախնամությունն իր դերն է խաղում մեր կյանքում։ Իմ բախտը բերել է այն առումով, որ երաժիշտների ընտանիքում եմ ծնվել, որ առաջին իմ ուսուցիչը իմ հայրն է եղել։ Մինչև հիմա ես նրա խորհուրդներով ու խրատներով եմ շարժվում։ Նա է դաստիարակել իմ մեջ ճաշակ, սեր երաժշտության հանդեպ, ճշտապահություն, աշխատասիրություն, պարապելու ձևեր։ Այնուամենայնիվ, դու այդ ամենը ճիշտ պետք է օգտագործես։ Հասկանալի է, հաջողությունը ցանկացած մարդու չի խանգարում, բայց դա էլ է փոփոխական։ Մեկ անգամ, երկու անգամ բախտդ բերեց, բա հետո՞։ Պետք է միշտ աշխատես քեզ վրա, որ հաջողությունն էլ երես չթեքի։ Անհրաժեշտ է հենվել քո իսկ ուժերին, որովհետև երբ դուրս ես գալիս բեմ, կանգնում դեմ առ դեմ հանդիսատեսի հետ։ Պետք է այնքան լավ իմանաս նյութը, որ հուզմունքդ չխանգարի այդ մի քանի րոպեում լավագույնս ներկայացնելու ստեղծագործությունը։ Ունեցել եմ լավ դասատուներ, վարպետաց դասեր լավագույն կլարնետահարների հետ։ Անշուշտ, այդ ամենը դրական ազդեցություն է ունեցել։ Հաջողությունը հենց դա է, որ ճակատագիրը հնարավորություն է տալիս նման մարդկանց հետ շատ շփվել։ Բայց, եթե ուզում ես միշտ բարձր պահել նշաձողը, պետք է մշտապես աշխատել։
-Ինչպե՞ս է անցնում օրդ։
-Առավոտից մինչև կեսօր նվագախմբում փորձերի եմ, ապա՝ գնում եմ կոնսերվատորիա՝ ուսանողներիս հետ պարապելու։ Նաև որպես իլյուստրատոր նվագում եմ ուսանողների համար։ Այն օրերին, երբ դասեր չունեմ, շրջում ենք՝ Գյումրիից մինչև Արցախ՝ վարպետության դասեր, վերապատրաստման կուրսեր անցկացնելու համար։ Զուգահեռ հասցնում ենք համերգներ տալ Երևանում։ Նվագում եմ նաև «Ասոնանս» ժամանակակից դասական երաժշտության անսամբլում, որն, ի դեպ, ողջ Անդրկովկասում միակն է իր բովանդակությամբ ու առաքելությամբ։ Խմբի ղեկավարն է կոնսերվատորիայի դասախոս, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը։ Սանկտ-Պետերբուրգից նոր եմ եկել, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերի էի մեկնել։ Միանգամից ժամանեցի Արցախ՝ մեր նվագախմբի հետ նվագելու։
-Միայն դասակա՞ն երաժշտություն ես նվագում։ Ինչո՞վ է պայմանավորված քո սերը դասականի հանդեպ։
- Լսում եմ ցանկացած երաժշտություն։ Կարող եմ նվագել և՛ ջազ, և՛ այլ ոճում, եթե հրավեր ունեմ։ Բայց իմը դասական երաժշտությունն է, քանի որ ավելի հոգեհարազատ է։ Պարզությունը, մաքրությունն այնքան շատ է դասականում, որ կեղծիքի տեղ չի թողնում։ Երբ նվագում ես, առօրյայից կտրվում ես, ուրիշ աշխարհում ես հայտնվում։ Մաթեմատիկական ճշգրտությամբ է գրված ամեն մի նոտա, ֆրազա, ամեն ինչ պարզ, խորիմաստ, իդեալական է։ Դարեր են անցնում, բայց ինքը միշտ արդիական է մնում։ Դրանից բարձր արվեստ ես չգիտեմ։ Մեկ բառով կարելի է բնութագրել՝ կատարելություն։
-Ամանորի շեմին ի՞նչ կցանկանայիր քո հասակակիցներին, ծնողներին, ժողովրդին։
-Մեր երկրին խաղաղություն եմ ցանկանում։ Մեր ժողովուրդը ուժեղ կամքի տեր է։ Ամեն արհավիրքի կարող է դիմանալ, դիմադրել։ Սիրում եմ իմ ժողովրդին՝ տաղանդավոր, աշխատասեր, արվեստասեր։ Խաղաղություն լինի, մնացած ամեն ինչը կստեղծվի։ Կցանկանայի, որ մշակույթը մեր օրերում ավելի գնահատված լիներ։ Ի վերջո, հայ ազգը մշակույթով է աշխարհի հետ խոսում։ Դարեր են անցնում, պատերազմներ են տեղի ունենում, վերջում, եթե խոսելու տեղ է մնում, մշակույթի լեզվով են խոսում։
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ