ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ ՏԱՐԲԵՐ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Ադրբեջանը ոչ միայն իր կողմից Արցախի օկուպացրած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությունն է «աղվանացնում», սեփականաշնորհում կամ ոչնչացնում՝ հայկական հետքն այնտեղից ջնջելու համար, պաշարման մեջ առել Արցախում ապրող բնակչությանը՝ ցեղասպանելու նպատակով, այլև շարունակում է յուրացնել Արցախի տարածքները փաստաթղթային մեթոդով:
Պատմաբան, հուշարձանագետ, ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ, փաստավավերագրության միջազգային ակադեմիայի դոկտոր Սլավա Սարգսյանը «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասաց, որ հիմա Ադրբեջանը վարում է հայկական տեղանունների աղավաղման, ձևափոխման հատուկ քաղաքականություն: Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ին է ներկայացվել նախկին ԼՂԻՄ-ի ու Արցախի Հանրապետության բնակավայրերի անունները, որոնք գրեթե ձևափոխված են 100 տոկոսով: Դրանց մի մասը աղավաղել են կամայական ձևով, մի զգալի մասն էլ թարգմանել են հայկական անուններից: Այսպես, Նորագյուղը դարձրել են Թազա բինա, Խնձրիստանը՝ Ալմալի/թեպետ խնձորի հետ ոչ մի կապ չունի/, Խանցքը՝ Խանյերի, Մեհտիշենը՝ Մեհթիբեյլի, Խնածախը՝ Խան յուրդու, Դրմբոնը՝ Հեյվալի, Պողոսագոմերը՝ Դևեդաշի, Տոնաշենը՝ Տեփեքենդ, Մատաղիսը՝ Սոգովշան,Կարմիր գյուղը՝ Ղըզըլ օբա, Գառնաքարը՝ Չորմանլու, Առաջաձորը՝ Դովշանլի, Հաթերքը՝ Հասանղիս, Վաղուհասը՝ Ղոզլու, Գետավանը՝ Քյորփա Ղոզլու, Հարությունագոմերը՝ Ղըզըլ ղայա և այսպես շարունակ:
««Google»-ում հայկական բնակավայրերի անունները որոնելու դեպքում բերելու է ադրբեջանական աղավաղված տարբերակը»,- ասում է Ս. Սարգսյանը: Նա այժմ զբաղված է այդ բոլոր անվանումներն ուղղելով՝ պատմական հիմքերով: «Ես հիմնավորումներով, աղբյուրներով ճշտում եմ ամեն մի գյուղի անունը, յուրաքանչյուրի համար մի կեսէջանոց ապացույցներ եմ բերում: Նշում եմ աղբյուրները, թե որ դարում որտեղ ենք հանդիպում, ստուգաբանում եմ, թե ինչու է այդպես կոչվում»,-ասաց մեր զրուցակիցը: Ներկայացրեց, որ բնակավայրերի աղավաղումների մի մասն էլ խանական ժամանակաշրջանից և 19-րդ դարից է գալիս: Ինչո՞ւ են ազերիները Խանքենդի կոչում Ստեփանակերտ քաղաքը: Ըստ Ս. Սարգսյանի ապացույցների՝ նրանք դա կապում են խան՝ տիրակալ հասկացության, այսինքն՝ մարդու հետ: Նա ապացուցում է, որ դա խանի հետ ոչ մի կապ չունի: Նախնական անվանումը եղել է Հանաշեն կամ Հանաշին: Մարտունին էլ նախկինում Հանաշեն է կոչվել: «Մենք ունենք Հանաշեն անունով մի քանի տեղանուններ: «Հան»՝ նշանակում է քերծ, ժայռ: Այնտեղ, որտեղ ժայռ կա, հան-ով տեղանուններ կան: Մարտունիում Ճարտարի ժայռն է, Շուշիում՝ Շուշվա քերծը/ ի դեպ, Հունոտն էլ ձևափոխված Հանոտն է/: Տարածաշրջանում ռուսների հայտնվելուց հետո Հան-ը դարձավ Խան, քանի որ այդ լեզվում չկա Հ տառը: Ռուսները գրել են Խանաշեն, իսկ թուրք-թաթարներն էլ շեն-ը դարձրել են քենդ»: Այն, որ Խանքենդի անվանումը մտացածին է և ոչ մի կապ չունի խանի հետ, Ս. Սարգսյանը բերում է նաև հետևյալ փաստը: Անգլիացի ճանապարհորդը, որը Հնդկաստանից եկել էր այստեղ, 1824թ. գիրք է տպագրել Լոնդոնում, որտեղ գրել է. «Տեսա մի քաղաք/գյուղերի համեմատ քաղաքատիպ է եղել/, որտեղ գտնվում է ռուսական զորքը, որը կոչվում է Խանախին»: «Հանաշինը աղավաղվելով կարող էր դառնալ Խանախին, բայց ոչ՝ Խանքենդի»,-մեկնաբանում է Ս. Սարգսյանը: Որ Խանքենդին ոչ մի կապ չունի խան-ի հետ, Ս. Սարգսյանը բացատրում է՝ Ստամբուլի արխիվից պատճենած և Բաքվում պահվող մի փաստաթուղթ կա, որում ներկայացվում է, որ Շուշիից փախած Իբրահիմ խանը Շուշիում հաստատված պարսից Աղամամեդշահի սպանվելուց հետո վերադառնալով՝ իր մի քանի խանապատկան սեփականությունները վերականգնելու նպատակով ցուցակ է ներկայացրել հայ տանուտերերին, որում չի նշել Խանքենդի կոչված բնակավայրը: Այնպես որ, ադրբեջանցիների հորջորջած Խանքենդին ոչ մի կապ չունի խանի հետ, այլ հան՝ լեռ արմատի ռուսերեն արտաբերումն է:
Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի նկատմամբ զեղծարարությունները միայն տեղանունները ձևափոխելով և ադրբեջանականացնելով չեն սահմանափակվում: Կատարել են նաև այլ հանցագործություններ: Նախկին ԼՂԻՄ-ի և Արցախի Հանրապետության տարածքներն ու բնակավայրերը վարչական նոր բաժանման են ենթարկել: Այսպես՝ Մարտակերտի շրջանի մի մասը Միրբաշիրի շրջանի մեջ են ընդգրկվել, մի մասը՝ Գերանբոյի, մի մասը դարձրել Քյալբաջարի շրջան: Այսինքն՝ Ղարաբաղի շրջանները, ըստ իրենց, չկան:
Ս. Սարգսյանը հիշեցնում է, որ, ընդհանրապես, տեղանունները չեն թարգմանվում այս կամ այն ազգի տեսանկյունից: Անունը ինչպես հնչում է այդ տեղաբնիկ ժողովրդի լեզվով, բոլոր լեզուներով պետք է այդպես գրվի:
Տեղանունների գծով Հայաստանում և Արցախում բացառիկ մասնագետ Ս. Սարգսյանը գիտության խրամատում իր ճակատամարտն է մղում ադրբեջանական զեղծարարությունների դեմ` այդ ավելի քան 4000 հայկական տեղանունները ապացույցներով ճշգրտելով, պատմական հենքի բերելով և ՄԱԿ-ին ներկայացնելով: «Պետք է ակադեմիական մեթոդներով հակահարված տանք զեղծարարներին, որոնք գիտակցաբար աղավաղում են ամեն ինչ՝ սկսած Արցախ-Ղարաբաղ տեղանունից, մինչև ամենափոքր աշխարհագրական անվանումը: Աղավաղում են մեր հայեցի տեղանունները, որպեսզի հիմքեր ունենան ասելու, որ սա իրենց հայրենիքն է»,-ասում է Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ բավականաչափ տեղանունների ճշգրտումներն արդեն կատարված են և որոնց ավարտից հետո կհրատարակվեն գրքի տեսքով մի շարք լեզուներով: Բացի նրանից, որ այս նյութերը ՄԱԿ-ին ուղարկելու գործով է զբաղված, իրականացնում է նաև այլ աշխատանքներ: Ինչպես ասաց նա՝ արդեն, տպագրության ընթացքում է «Արցախի ամրոցները» 1030-էջանոց գիրքը, պատրաստ է տպագրության «Արցախի վանքերը» ծավալուն՝ 752-էջանոց գիրքը, ռուսերենով՝ «Очерки из истории Арцаха. С 18-го до начала 20-го века»։ Արդեն տպագրված «Արցախի բնակավայրերը» գիրքը հիմա թարգմանվում է ռուսերեն և անգլերեն: Տեղեկացրեց, որ Ադրբեջանի այդ աղավաղումների ճշգրտումներն անելուն զուգընթաց պատրաստվում է դրա վերաբերյալ հրատարակել եռալեզու գիրք, որում ընդգրկված կլինեն ԼՂԻՄ-ի, Արցախի Հանրապետության տարածքից մինչև Բաքու, Լենքորան, Ղազախ, Սյունիք, Նախիջևան ադրբեջանցիների կատարած զեղծարարությունները:
Նկատենք, որ Ս. Սարգսյանն արդեն երեք տասնամյակ է այդ գործով է զբաղված: Կարելի է ասել, միայնակ մի ամբողջ ինստիտուտի գործ է կատարում: Ցավոք, ադրբեջանական զեղծարարությունները բացահայտելու և աշխարհին ներկայացնելու փորձերը մեզանում առանձին նվիրյաներ են կատարել և համակարգված բնույթ չի կրել, ինչպես հարևան Ադրբեջանում, որտեղ դեռ խորհրդային տարիներից նրանց «վայ-գիտնականները» պետական ամենաբարձր հովանավորչությամբ, հակահայ քաղաքականություն են տանում. լծված են Արցախի վերաբերյալ պատմական փաստերը աղավաղելու գործին՝ ղեկավարվելով մեկ կետից և միասնական գաղափարաբանությամբ:
Գոնե հիմա, երբ դանակն արդեն ոսկորին է հասել, մենք էլ գործենք համակարգված կերպով: Թուրքը միշտ վախենում է հայի «ետին խելքից»: Հուսանք, որ վերջապես այն եկել է:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ