Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐ ՍԵՐՄԱՆԵԼ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՆԴԵՊ

Դժվար կացությունն էլ է մարդու համար. ի հայտ են գալիս պայքարելու, ստեղծագործելու ուժեր: Վիճակից դուրս գալու քայլեր են ձեռնարկվում, հոգիդ լուսավորվում է և ելքը գտնվում է: Քիչ չեն դեպքերը, երբ վերագտնվում է ուժերի կիրառման մի նոր աշխարհ, որը դառնում է ոգեշնչման աղբյուր: Նման լույս բացվեց Տողի արվեստի դպրոցի կիրառական արվեստի դասատու Սվետլանա Խաչատրյանի կյանքում:

Ստեփանակերտցի տիկին Սվետլանան, ճակատագրի բերումով, ընտանիքով ապրել է Չարենցավանում, աշխատել տարբեր գործարաններում և, ի վերջո, իր մասնագիտությանն առնչվող աշխատանքի անցել գործիքաշինության գործարանի մետաղագործական բյուրոյում` որպես կոնստրուկտոր: «Որտեղ աշխատել եմ, մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ պարտականություններին. անգամ ուսումնասիրել եմ գործի հետ առնչվող տարբեր օղակներում կատարվող աշխատանքների մանրուքները, որպեսզի արված գործս ու ասած խոսքս տեղին լինի»,- շեշտում է տիկին Սվետլանան:

Նա աշխատեց մինչև 1993թ., երբ գործարանի տնօրինությունը, ելնելով երկրում ստեղծված ծանր վիճակից, տուն ուղարկեց աշխատողների մեծ մասին` այն հույսով, որ երկրի վիճակը կկայունանա: Բայց ավա՜ղ…

2004 թվականին ցավալի կորուստ ունեցավ ընտանիքը` վաղաժամ մահացավ Սվետլանայի ամուսինը: Տիկին Սվետլանան, համաձայն նախկինում կայացրած իրենց երկուսի որոշմանը, կյանքը շարունակեց հարազատ քաղաքում:

Այդ ծանր կորստից հետո տիկին Սվետլանային իրեն վերագտնելու դժվար ճանապարհ էր սպասում: Մեծ դեր խաղացին երեխաները, հատկապես՝ աղջիկը, որն ավարտել էր ԱրՊՀ-ն և ապրում ու աշխատում էր Ստեփանակերտում: Մասնագիտությամբ աշխատանք գտնելն անհնարին էր: Պետք էր նոր էջից սկսել: Մի քանի աշխատավայր փոխելուց հետո հասկացավ, որ իրեն հոգեհարազատ է այն, ինչով սիրով և մեծ հաջողությամբ զբաղվում էր դպրոցական տարիներին: Շատ լավ ասեղնագործում էր, բավականին հաջող կարուձևով էր զբաղվում: Դա ժառանգել էր մայրիկից: Մի քանի դասեր վերցրեց գոբելենի դասատուի մոտ, գորգագործական արտադրամաս հաճախեց և հմտորեն սկսեց գոբելեն, կարպետ ու գորգ գործել, որից հետո կիրառական արվեստի դասատուի աշխատանք ստանալու ակնկալիքով դիմեց Տողի արվեստի դպրոցի տնօրենին:

2012-ից առայսօր տիկին Սվետլանան աշխատում է Տողի արվեստի դպրոցում: Նա մեծ սիրով և նվիրումով սկսեց երեխաներին սովորեցնել տարբեր արհեստներ` ասեղնագործություն, շյուղագործություն, գոբելեն, կարպետագործություն, գորգագործություն, կարուձև: Եվ, ինչպես ինքն է հատկանշում, նպատակն էր` բուն առարկայի հետ մեկտեղ սովորեցնել մտածել հայկական գորգերին, կարպետներին բնորոշ ավանդական գույների, զարդանախշերի համակարգում և ներդաշնակ համադրել դրանք: «Դասերն անցկացնում էի, կարելի է ասել, տնային մթնոլորտում: Ինձ դրսևորում էի ավելի շուտ որպես ավագ ընկեր, քան դասատու` օգնելով, հորդորելով ավելի շատ աշխատանք ներդնել, բացատրելով, որ միայն դրա շնորհիվ է հնարավոր հասնել բարձրարժեք գործերի: Շնորհքով երեխաներ էին, խոսքս էլ լսում էին, և միասնական այս աշխատանքի շնորհիվ հասնում էինք շոշափելի արդյունքների: Արցախում անցկացվող բոլոր հանրապետական մրցույթներում, իսկ Հայաստանում` որոշ, կիրառական արվեստի անվանակարգերում իմ աշակերտները գրավում էին միայն մրցանակային տեղեր»,- հիշում է տիկին Սվետլանան: Նա կարևորեց ընձեռված հնարավորությունը, երբ դպրոցին նվիրեցին Հրազդան Թոքմաջյանի «Մարաշի ասեղնագործություն» գիրքը, որը շատ տպավորեց բոլորին: Դասատուն հայտնվեց աշակերտի դերում, սովորեց ասեղնագործության բավականին դժվար այդ ձևը` զուգահեռ սովորեցնելով աշակերտներին: Մարաշի ասեղնագործությամբ երեխաները մեծ հմտությամբ գործեցին սփռոցներ, բարձիկների երեսներ, պանոներ, պայուսակներ և այլն: Երբ հյուրեր էին հաճախում դպրոց, հիանում էին երեխաների այդ գործերով և հաճախ գնում էին դրանք, երբեմն էլ դպրոցն էր նվիրում: Տիկին Սվետլանան նշեց, որ երկու աշակերտների մոտ սերը դեպի կիրառական արվեստ գերակայեց, և նրանք ընդունվեցին Շուշիի հումանիտար քոլեջի ժողովրդական արհեստների բաժինը: Այս փաստը շատ ուրախացրեց նրան, քանի որ մեծ հույս կար, որ կլուծվի դպրոցը տեղացի մասնագետներով համալրելու խնդիրը, ինչը շատ կարևոր էր, քանի որ ասպարեզում մասնագետների մեծ պակաս կա:  Շնորհալի այդ երիտասարդ աղջիկներից մեկն ավարտեց քոլեջը, մյուսը հասցրեց սովորել միայն մեկ տարի, սկսվեց 44-օրյա պատերազմը:

Տիկին Սվետլանան մեծ ցավով է հիշում Տողի արվեստի դպրոցում թողած գույքը, երեխաների կատարած աշխատանքները`ազգագրական և այլ պարերի համար դպրոցի ուժերով կարած զգեստները, որոնց վրա իր և աշակերտների ջանքերով է ասեղնագործվել հայկական զարդանախշեր:

Պատերազմից հետո Տողի արվեստի դպրոցն արագ կողմնորոշվեց իր անելիքների մեջ, և իր գործունեությունը վերսկսեց ինչպես Ստեփանակերտում` դասավանդելով մայրաքաղաքում ապաստանած իրենց աշակերտներին, այնպես էլ Ասկերանի և Մարտակերտի շրջանների մի քանի գյուղերի դպրոցներում` հավատարիմ մնալով իր`գյուղական միջավայրում երեխաների գեղագիտական դաստիարակություն իրականացնելու առաքելությանը: Տիկին Սվետլանան ցավով է նշում, որ պատերազմից հետո երեխաների հետաքրքրությունը կիրառական արվեստի հանդեպ մարել է, սակայն անգամ ստեղծված իրավիճակում նա շարունակում է դասավանդել և սեր սերմանել արվեստի հայ ժողովրդի հարուստ և յուրօրինակ այս ճյուղի հանդեպ:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ