[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՄԱԴԵՈՒՍ՚ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

P1050661.jpgԵրկար ընդմիջումից հետո Արցախում նորից կկազմակերպվի պատանի երաժիշտների ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոնը: Մենք շատ լավ ենք հիշում, թե պատերազմից հետո ինչպիսի ոգևորությամբ ավերված Ստեփանակերտում, բայց հաղթանակած Արցախում անցկացվեց ՙԱմադեուս՚-ի անդրանիկ մրցույթ-փառատոնը։ Եվ ահա, տարիներ անց, ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոնի հիմնադիր-հովանավորն ու նախագահը՝ Բելգիայում ապրող 80-ամյա հայ ջութակահար Հովհաննես Անաստասյանը, ցանկացավ վերականգնել այդ հրաշալի ավանդույթը: 
Այսպիսով՝ ս. թ. հոկտեմբերի 17-23-ը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կանցկացվի ՙԱմադեուսի՚ հերթական` 5-րդ փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 17-ին, իսկ գալա համերգն ու փակումը` հոկտեմբերի 23-ին:
Միջոցառման անցկացման կարգի ու բովանդակության հետ  ծանոթացնելու նպատակով Հ. Անաստասյանն ու նախարարության արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժնի պետ Լ. Սարգսյանը ՙԵրևան՚ հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում հանդիպեցին լրագրողների հետ: 
Ինչպես հայտնի է, այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրով ամբողջ աշխարհում նշվում է ուշմիջնադարյան հայ սիրերգակ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը: Արցախն անմասն չմնաց աշխարհով մեկ անցկացվող հայ մեծանուն աշուղին նվիրված միջոցառումներից. որոշվեց ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոնն այս տարի նվիրել Սայաթ-Նովային, ասաց նախարարության ներկայացուցիչը։ 
Մրցանակային ֆոնդը նախատեսված էր 4 հազար ԱՄՆ դոլար, սակայն մասնակիցների մեծ քանակն ու բովանդակության բազմազանությունը դրդեցին գումարը հասցնել 5300 դոլարի: Լավագույն անհատ-կատարողների համար նախատեսված են մեդալներ` ոսկե, արծաթե, բրոնզե, պարախմբերի համար` համապատասխան գավաթներ, դիպլոմներ դափնեկիրների համար, դրամական խրախուսանք՝ ըստ մրցանակի։ Կան նաև գլխավոր մրցանակներ` Գրան-պրիի և Սայաթ-Նովայի ստեղծագործության լավագույն կատարողի համար. դրանք շնորհելու իրավունքը պատկանում է մրցույթի նախագահին, քանի որ, բացատրում է հիմնադիրը, Գրան-պրին նվիրված է հովանավորի հոր` Հովնան Անաստասյանի հիշատակին, մարդ, ով  20-րդ դարասկզբին անցել է հայ մարդուն վիճակված գողգոթայով և մնացել ողջ:
Ամփոփելով ասուլիսը՝ Հովվհաննես Անաստասյանը կարևորեց Արցախում անցկացվող մրցույթները, քանի որ անհրաժեշտ է տեղում հայտնաբերել շնորհալի երեխաներին, երիտասարդներին և այստեղ էլ նրանց դեպի մեծ ճանապարհ ուղղորդել։ 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ