[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՎԱՉԱՓՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՐ

Հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Մենաներկայացումների միջազգային փառատոնի փակումը։ Նշենք, որ 4 օր շարունակ մշակույթի կենտրոնի դահլիճը  լեփ¬լեցուն էր, և արցախցի հանդիսատեսները հնարավորություն ունեցան շփվելու թատերական բարձր արվեստի հետ, ըմբոշխնելու նրա  հմայքը։ 
Թատերական փառատոնն Արցախում հյուրընկալվում է երկրորդ  տարին, այս անգամ՝ ավելի լայն ընդգրկումով։ Բացի երևանյան  արտիստներից,  մենաներկայացումներով  հանդես եկան ճանաչված դերասաններ Լեհաստանից, Գերմանիայից, Լիտվայից։
Փառատոնի  փակման օրը հավաքվածները դիտեցին ՙԵս եմ ճայը՚ մենաներկայացումը՝ ըստ Չեխովի ՙՃայը՚ կատակերգության։ Հանդես եկավ  Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասանուհի Լարիսա Ղևոնդյանը։ Ներկայացման ավարտից հետո լիտվացի դերասան Ալեքսանդրաս Ռուբինովասը, որի ՙԿոբան՚ (Էդուարդ Ռաձինսկի) հիացմունքով ընդունեց դահլիճը, երախտագիտություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին՝ ասաց, որ ով՝ ով, լիտվացիները շատ լավ գիտեն ազատության գինը, որ արվեստի լեզուն բոլորին հասկանալի է, այն հնարավորություն է տալիս փոխշփման, հոգևոր հարստացման։ ՙՓառատոն Ստեփանակերտում՝ հրաշալի է,-ասաց նա,-թատրոնի ճանապարհը  մեզ տանում է դեպի հոգևոր գագաթներ, դեպի մերձեցում, դեպի ուրարտական արվեստը, որ պետք է վերածնունդ ապրի այդ հողում։ Ես անչափ ուրախ եմ այս հյուրախաղերի, այս շփումների համար։ Այսօր փողոցում պատահական ինձ մի հայ հոգևորական պատահեց, որ խոսում էր լիտվերեն, գիտեր մեր լեզուն, պատմությունը, որ ձերին շատ նման է։ Մենք զրուցեցինք, և սա հրաշքի նման էր։
Քայլում էի Ստեփանակերտի փողոցներով և մտորում, որ թնդանոթները լռել են,  կյանքը շարունակվում է՚։ 
Հայաստանի թատերական  գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը փառատոնը որակեց որպես մշակութային միջազգային ինտեգրում, ինչպես նաև իրադարձություն, որը հնարավորություն է տալիս, որպեսզի դրսի աշխարհից գան ու տեսնեն  Արցախը, մի երկրամաս, որ ապրում է խաղաղ ու ստեղծագործ կյանքով, գերմանացի դերասանը քայլելով  Ստեփանակերտի փողոցներով, զարմացավ, որ ո՜չ զինվոր տեսավ, ոչ՝ զինտեխնիկա։ ՙՓառատոնը կշարունակի իր բնականոն ընթացքը, տարեցտարի ավելի թափ կառնի, կընդլայնի իր աշխարհագրական սահմանները,- ասաց Հ. Ղազանչյանը։- Եկել էին ճանաչված դերասաններ, եղան հետաքրքիր ներկայացումներ։ Նման միջոցառումները պետք է շատ լինեն, քանի որ մշակույթն էլ պակաս պաշտպանություն չէ՚։
ՙՉորս օր շարունակ ապրեցինք թատրոնով, մեր սրտերը ջերմացան արվեստով, հուզվեցինք, վայելեցինք, դիտեցինք բարձրարժեք ներկայացումներ՚,- ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Հասմիկ Միքայելյանը, ապա նախարարության պատվոգիր հանձնեց Հակոբ Ղազանչյանին։
Ներկայացման ավարտից և փառատոնի հանդիսավոր փակումից հետո ճեպազրույց  ունեցանք օրվա ՙՃայը ես եմ՚  ներկայացման դերասանուհի Լարիսա Ղևոնդյանի հետ։
-Ներկայացեք, խնդրեմ։
-Աշխատում եմ Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում՝ 1999-ից։ Մինչ այդ  աշխատել եմ Ղափանի դրամատիկականում, ապա Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։
-Չեխովին ներկայացնելը դյուրին գործ չէ...
-Այո։ Նուրբ գործեր ունի՝ հասկանալի և անհասկանալի։ Ամեն մեկը կարող է մեկնաբանել իր ձևով։
-Չեխովյան ՙՃայի՚ Ձեր մեկնաբանությունը։
-Այս կերպարի վերաբերյալ ընդունված է այն մեկնաբանությունը, որ Արկադինան շատ եսասեր, չոր անձնավորություն է։ Ես տեքստի մեջ խորանալով՝ սկսեցի խղճալ իմ հերոսուհուն, ու կերպարի մեկնաբանությունը տարա այս ուղղությամբ։ Ես Արկադինայի մեջ տեսա և գտա մարդկայինը։ Նման տեսակի մարդիկ շատ դժբախտ են՝ այս  տեսանկյունից ես մոտեցա դերին։ Ճիշտ է, կային ռեժիսորական խնդիրներ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանն ուներ կերպարի իր ընկալումը, ես դա էլ ընդունեցի՝ ստեղծելով իմ Արկադինան, որի մեջ դրեցի նաև իմ ես-ը։ Ստացվեց այն, ինչ տեսաք ներկայացման ժամանակ։ Ի դեպ, երբ ռուս դերասանուհին նույն կերպարը խաղաց մեզ մոտ՝ Երևանում, Չեխովյան փառատոնի համար, ինձ դուր եկավ նրա խաղը, բայց երբ մեր հանդիսատեսը տեսավ այս բեմադրությունը, սա ավելի գրավեց, գուցե նրա համար, որ մեր հանդիսատեսի սրտին  ավելի մոտ էր։ Ջերմություն կար, կերպարի մարդկային կողմն ընդգծված էր։
Ես փորձեցի  խաղալ այդ եսասեր կնոջը, որ ծերության տվյատանքների մեջ է, մյուս կողմից՝ խաղացի մի կերպար, որ ուզում է երջանիկ լինել, բայց երջանիկ չէ։ Նա մինչև վերջ բոլորի հետ կռվում է, փորձում  է ինչ¬որ բան ապացուցել, բայց ամենախղճուկ վիճակում ինքն է։
-Երբ Ձեզ առաջարկվեց խաղալ ՙՃայը՚, տագնապներ չունեցա՞ք, վստա՞հ էիք հաջողության  մեջ։
-Երբ առաջարկվեց, մտածում էի՝ ինչպես պիտի ծեր կին խաղամ. դժվար է, երբ դու հեռու ես այդ տարիքից։ Բայց ես շա՛տ-շատ աշխատեցի ու կարողացա խորանալ այդ տարիքի կնոջ հոգեբանության մեջ։ Դժվարությունը նաև նրա մեջ էր, որ կտրուկ անցում է կատարվում՝ ծերությունից-երիտասարդություն։ Ծեր կնոջ հուշերի մեջ ջահելությունն է, իր՝ դերասանի խաղը։ Իհարկե, դժվար էր։ 
-Արվեստագետի համար հիմա երևի դժվարին ժամանակներ են։
-Ես կասեի՝ ծանր։ Բայց սա այն գործն է, առանց որի չես կարող ապրել։ Թատրոնը սրբություն է։ Երբ փոքր էի, ես զգուշությամբ էի թատրոն մտնում։ Բեմն ինձ համար երազանք էր, մտորում էի՝  կարո՞ղ է մի անգամ էլ ես լինեմ բեմահարթակում։ Ես շատ էի այս մասին երազում...
-Դերասանական աշխարհի հետ որևէ կապ կա՞ր։
-Ոչ։ Մայրս անգլերենի ուսուցչուհի է, հայրս՝ կուսակցական ղեկավար աշխատող։ Բայց մայրս թատրոն շատ էր սիրում։ Այսօր նա իրեն երջանիկ է զգում, որ ինձ բեմում տեսնում է, որ ես հասել եմ իմ նպատակին։ 
-Դուք ասացիք, որ չեխովյան տեքստին խիստ հարազատ եք մնացել։ Ինչո՞վ է պայմանավորված փոփոխությունը վերնագրում։
-Քանի որ ՙՃայը՚ ստեղծվեց որպես մենաներկայացում, և ամբողջ բեմադրությունը կառուցվեց մի կերպարի վրա, երբ բեմի վրա արտասանում եմ այս տողը՝ ՙես եմ ճայը՚, հազիվ եմ զսպում ինձ, որ չլացեմ։ Դա ասում է Արկադինան, այսինքն՝ սպանվածը ինքն է, ինքը բոլորին նախատում է, չարացած է բոլորի դեմ։ Ես իմ ուրույն մոտեցումն ունեմ այդ կերպարին։ Այստեղից էլ վերնագիրը։ 
-Մենաներկայացումն ինչպե՞ս ստեղծվեց և որտե՞ղ եք հասցրել հանդես գալ։
-Երևանում այս տարի, հոկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ առաջնախաղը։ Բեմադրությունը շատ արագ արվեց, գրեթե մեկ ամսում։ Որովհետև երբ Հարավային Կորեայից հրավերը եկավ, ոչինչ չունեինք։ Ձայներիզը ուղարկեցինք, ընդունվեց։ 
-Կորեայում հայերեն ներկայացումը ինչպե՞ս ընդունվեց։
-Ներկայացումը դրված էր 3 օր։ Ես մտածում էի՝ հայերեն ներկայացումը ո՞վ պետք է նայի։ Բայց դահլիճը 3 օր լեփ¬լեցուն էր։ Հետո եղավ քննարկման նման ինչ¬որ բան, և կորեացի հանդիսատեսն այնպիսի մասնագիտական հարցեր էր տալիս, որ ես ապշել էի։ Նրանք ծանոթ էին Չեխովին, գիտեին ռուս դասականի գործերը։ Հարցերը բազմապիսի էին՝ կապված երաժշտական և սցենոգրաֆիկ ձևավորման, ռեժիսորական և կերպարային մեկնաբանությունների հետ։ 
-Ձեր խաղացած կերպարներից ո՞րը կառանձնացնեիք։
-ՙՃայը՚։ Արկադինան։ Սա, որպես մենաներկայացում, իմ առաջին փորձն է։ Շատ պատասխանատու և վտանգավոր դեր էր։ Տագնապով, բայց փորձեցի։ Բեմի վրա մենակ պահել դահլիճը շատ դժվար է։ Ես տարիներ շարունակ  բարի նախանձով էի նայում դերասաններին, զարմանում, թե ինչպես են մենակ   պահում դահլիճը, և երբ Ղազանչյանն ինձ առաջարկեց, սկզբից վախեցա, հետո փորձեցի, և ստացվեց։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ