[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ՓՈՐՁՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՏԵՂՎԱԾ ԵՆ

151004.jpgՕրերս Ծաղկաձորում անցկացվեց ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության  եզրափակիչ փուլը, որին մասնակցեց նաև Արցախի հավաքականը և գրավեց երկրորդ մրցանակային տեղը` արժանանալով գավաթի: 
Ասենք, որ այս մրցումներն անցկացվում են 3-6-րդ դասարանների աշակերտների շրջանում: Արցախի թիմը ներկայացնում էին ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի մրցումներում հաղթած` Հադրութի շրջանի Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցի (4-րդ և 5-րդ դասարաններ) և 6-րդ դասարանների մեջ առաջին տեղ գրաված` Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական և Մուրացանի անվան ավագ դպրոցների սաները: Վերջին չորս տարիներին մասնակցելով ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությանը` արցախցի դպրոցականները բարձր արդյունքներով են վերադառնում: Առաջին տարում` 2009թ., գրավել են երկրորդ տեղը, 2010-ին` առաջին տեղը` նվաճելով փոխանցիկ գավաթը, 2011-ին` չորրորդ, իսկ այս տարի, ինչպես արդեն նշեցինք, երկրորդ տեղը: Այդ բոլոր տարիներին Արցախի թիմի հիմնական ներկայացուցիչները շուշեցիներն էին: Այս տարի մեկ այլ փայլուն ցուցանիշներով աչքի ընկան նրանք: Արցախի հավաքականից շուշեցի երկու մարզուհիների` Աննա Հայրապետյանի և Լինա Գասպարյանի արդյունքներն  ամենաբարձրն էին մրցումներում: Աննան բոլորին գերազանցեց ձեռքերի ծալում մարզաձևում` վարժությունը կատարելով 51 անգամ, իսկ Լինան առաջ անցավ անգամ տղաներից`  500 մ վազքատարածությունն անցնելով 1 րոպե 32 վայրկյանում: Նրանք երկուսն էլ բացառիկ հաջողությունների համար  արժանացան ՀՀ ԱԺ գավաթների, որոնք հանձնեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Եվրոպայի հեռացատկի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: 
Ո՞րն է Շուշիի դպրոցականների հաջողությունների գրավականը: Դրանց հետևում մի անուն է` Վալերի Մանասյան` ֆիզկուլտուրայի ուսուցիչ և մարզիչ: 
Ծննդով Մարտունու շրջանի Սոս գյուղից է, բայց մեծացել է Բաքվում: Ավարտել է Բաքվի ֆիզկուլտուրայի ինստիտուտի աթլետիկայի բաժինը: Ուղեգրով աշխատանքի է անցել Մարտունու միջնակարգ (այժմ` հ. 1) դպրոցում: Երեք տարի աշխատելուց հետո կրկին վերադարձել է Բաքու, սակայն 88-ի շարժումը նրա կյանքն ընդմիշտ կապեց Արցախին: 1989-ին վերադառնալով հայրենիք` աշխատանքի է անցել Մարտունու ժողկրթբաժնում` որպես սպորտի գծով մեթոդիստ: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը` նրան արդեն կարելի էր տեսնել զինվորագրյալների շարքում. դասակի հրամանատար էր: Մասնակցել է տարբեր մարտերի, 1994-ին վիրավորվել Ֆիզուլիի համար մղված մարտերում: Պատերազմի հաշմանդամ է: 
Աշխատել է Շուշիի տարբեր կրթօջախներում, այժմ Մուրացանի անվան դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 
Չափազանց համեստ անձնավորություն է:  Լրագրողական ՙզինանոցս՚ գործի դրած` փորձում էի նրանից խոսքեր կորզել, որոնք կարող էին հիմք հանդիսանալ նրա հաջողությունները բնութագրելու համար, սակայն իրեն շրջանցելով` տալիս է գործընկերոջ` մեկ այլ կրթօջախի` Խ. Աբովյանի անվան դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գենադի Դանիելյանի անունը, որն, ի դեպ, եղել է նրա աշակերտը: Ուսուցչի և աշակերտի համագործակցության դասական  օրինակ, որպիսին հանդիպում ենք միայն գրքերում: Վ. Մանասյանն իր հաջողությունների գաղտնիքը համարում է իր նախկին սանի` երիտասարդ մասնագետի հետ համագործակցած աշխատանքը` կրկնելով չգիտեմ որ իմաստունի խոսքը. ՙԵրբ փորձը և երիտասարդությունը իրար կողքի են և միմյանց հասկանում են, նրանց հաղթելն անհնար է՚: ՙԵրբեք չեմ մտածում, որ ես ճիշտ եմ, և վերջին խոսքը իմը պետք էլինի, մենք իրար հետ միշտ խորհրդակցում ենք և ընտրում լավագույն տարբերակը՚,- ասում է Վալերի Մանասյանը` այնուամենայնիվ, փորձելով հագուրդ տալ հարցասիրությանս: ՙԵրբ տեսնում եմ, որ երեխան չնայած լավ է վազում, բայց ավելի լավ հանդբոլիստ կամ վոլեյբոլիստ կարող է դառնալ, տալիս եմ Գենադիին կամ մեկ ուրիշ մարզչի, որ նա պարապի, չեմ մտածում, որ եթե ես եմ սկսել նրա հետ աշխատել, մինչև վերջ ես պետք է տանեմ նրան: Նույն ձևով էլ վարվում է Գենադին: Մենք շրջանի համար ենք աշխատում, որ առաջին շարքում լինի՚,- շարունակում է պարզաբանել հաջողությունների գաղտնիքը: 
ՙԻսկ պայմաննե՞րը, մի՞թե դրանք էական չեն՚,- հարցնում եմ: ՙՄինչև հիմա պայմաններ չկային,- ասում է: 60 մ ուղիղ տեղ չկար դպրոցի տարածքում, որ երեխաները վազեին: Մարզահրապարակ չկար, մարզադահլիճը չէր ջեռուցվում, որպեսզի  ձմեռը կարողանայինք պարապմունքներն անցկացնել: Իսկ վերջին երկու տարվա մեջ դպրոցը համալիր վերանորոգման մեջ գտնվելով` ընդհանրապես, հնարավոր չէր այնտեղ մարզվել: Հիմա, փառք Աստծո, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել է Խ. Աբովյանի անվան դպրոցը, որն ունի նաև հոյակապ մարզադահլիճ ու մարզահրապարակ`  315 մ վազքուղով, և չնայած ինքն այդ դպրոցում չի աշխատում,  տնօրեն Նազիկ Նալբանդյանը սիրով թույլատրել է նրան անցկացնել սեկցիոն պարապմունքները (դարձյալ ելնելով շրջանի շահերից): Նշենք, որ Շուշիում գործում է մարզադպրոց, ուր բազմաթիվ երեխաներ են հաճախում: Իսկ Մուրացանի անվան դպրոցը, որտեղ աշխատում է Վալերին, պայմաններ չունի: Բայց, անշուշտ,  միջազգային չափանիշներին հասնելու նրա հերթն էլ կհասնի. Շուշիում իրականացվող շինարարական աշխատանքների թափը դա է հուշում: Բնականաբար, լավ պայմաններում և՜ աշխատելն է հաճելի, և՜ արդյունքներն` ավելի բարձր: Չնայած Վ. Մանասյանի պարագայում պայմանները չեն առաջին պլանում, այլ աշխատելու ցանկությունը և նվիրվածությունը: Հայտնի խոսք է` ով ուզում է աշխատել, հնար է գտնում, իսկ ով չի ուզում` պատճառներ: 
Ընդունված է ասել, որ  ուսուցչի աշխատանքի գնահատման չափանիշը նրա աշակերտներն են: Ինչպես արդեն ասացինք` Վալերի Մանասյանի աջ թևը իր աշակերտ-գործընկեր Գենադի Դանիելյանն է: Երեք զավակներից կրտսերը` Տիգրանը, կշարունակի իր գործը, բարձրագույն կրթություն է ստանում  ֆիզկուլտուրայի գծով: Մարզած աղջիկներից Արփինե Խասապետյանը երկու տարի է՝  Արցախի չեմպիոնն է 800մ և 1500մ վազքատարածությունում: Նա ևս, հավանաբար, կգնա ուսուցչի ճանապարհով: Նրա մյուս սան Ալյոշա Ասրյանը, որը սովորում է ԱրՊՀ ֆիզկուլտուրայի բաժնում (այժմ ծառայում է ՊԲ-ում), հեռացատկի գծով հանրապետության մրցանակակիր է:
 Յուրաքանչյուր երեխայի մեջ պոտենցիալ չեմպիո՞ն պետք է տեսնի մարզիչը` շարունակում եմ  պատասխաններ կորզել:
 ՙֆիզկուլտուրայի ուսուցչի նպատակը ֆիզիկապես առողջ երեխա դաստիարակելն է: Ինչպես երբ շենք ես կառուցում. եթե հիմքն ամուր է, շենքը բարձրանում է: Դրանից հետո մասնագետը երեխայի մեջ հակում տեսնելով` պետք է զարգացնի այս կամ այն մարզաձևը, իհարկե, նրան ուղղորդելով համապատասխան մասնագետի մոտ: Չպետք է եսասիրություն դրսևորի` մտածելով, որ եթե ինքն է սկսել, մինչև վերջ նրան տանի: Պետք է ելնել երեխայի շահերից: Ընդհանրապես, երբ ֆիզկուլտուրայի ուսուցիչը մարմնամարզիկ է կամ աթլետ,  առարկայի դրվածքը լավ հիմքերի վրա է լինում՚,- պարզաբանում է նա:  Վ. Մանասյանը հենց այդպիսի մասնագետ է, աթլետ է: Դպրոցում, որտեղ աշխատում է, շատ են երիտասարդ ուսուցիչները: Հաճախակի է կազմակերպում ընկերական խաղեր ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների միջև, ինչը ոչ միայն մարզական վիճակում է պահում նրանց, այլև նպաստում ջերմ հարաբերությունների ստեղծմանը:   
Երկու տարի առաջ Վալերի Մանասյանը ճանաչվել է շրջանի լավագույն մարզիչ, Շուշիի շրջանից առաջինն է արժանացել ԼՂՀ վարչապետի հուշամեդալին, պատվոգրեր ունի ՀՀ սպորտի կոմիտեի, ԼՂՀ ԿԳ նախարարության կողմից: 
Երազա՞նքը: Շուշին ունենա լավ մարզադաշտ` գոնե 300 մ վազքուղով,  Մուրացանի անվան դպրոցի մարզադահլիճը ջեռուցվի, որպեսզի երեխաները կարողանան պարապմունքներն անցկացնել նաև ձմռանը: Իհարկե, սրանք անիրականանալի երազանքներ չեն և մի օր անպայման կկատարվեն: Մնում է հուսալ, որ մի գեղեցիկ օր կտեսնենք շուշեցի մարզիկին` բարձրագույն հարթակներում կանգնած…Չնայած որ չլինի էլ, ոչինչ, ինչպես Վալերի Մանասյանն է ասում` կարևորը առողջությունն է: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ