[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՎԵՍՏՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿՅԱՆՔՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 9-12-ը Արցախում անցկացվել է մենաներկայացումների ՙԱրմմոնո՚ միջազգային թատերական փառատոնը, որի շրջանակներում արցախցիների դատին ներկայացվեց ՙԿոբա՚ բեմադրությունը (Է. Ռաձինսկու համանուն պատմվածքի հիման վրա)։ Հիշեցնենք, Արմմոնո՚-ն մեկ դերասանի թատրոնի փառատոն է։ 
Այս ներկայացումը խաղում էր Լիտվայի Կաունաս քաղաքի կամերային թատրոնի ռեժիսոր, դերասան Ալեքսանդրաս Ռուբինովասը։ Դահլիճը շունչը պահած, որսում էր դերասանի ամեն մի խոսքը, շարժումը, հայացքը, մի խոսքով, հիպնոսացված էր նրա՝ վարպետորեն մարմնավորած կերպարով, նրա հետ մեկտեղ վերհիշելով այն սարսափի ժամանակաշրջանը, որը վաղուց արդեն ստացել է ՙստալինյան ռեժիմ՚ պիտակավորումը։ Ինչպես այդ երկու բառը, այնպես էլ դերասանի ժլատ խոսքերն ու շարժուձևը խորապես արտացոլում էին ժամանակի կնիքը՝ սարսափը, որ իշխում էր մարդկանց սրտերում, որ տարիներ շարունակ լափում էր միլիոնների կյանքը։
Տաղանդավոր ռեժիսոր, դերասան Ա. ՌՈՒԲԻՆՈՎԱՍԻ հետ մեր հարցազրույցը։
-Պատմեք, խնդրեմ, Ձեր  ստեղծագործական ուղու մասին։
- Այսօր ղեկավարում եմ Կաունասի  կամերային թատրոնը։ Ե՜վ ռեժիսորն եմ, և՜ դերասանը, և՜ այս փառատոնի տնօրենը մեր երկրում։ Թատրոնում աշխատում եմ վաղուց։ Թատերական ինստիտուտն ավարտել եմ 1979թ.։ Այո, արդեն ավագ սերունդն եմ ներկայացնում։
- Սովետական թրծվածքի՞։
- Այո, կարելի է այդպես ասել, բայց լիտվացի դերասան եմ։ Միայն փառատոներին հարկադրաբար խաղում եմ ռուսերենով, երբեմն՝ լեհերենով, եղել է նաև անգլերեն։ 
- Կարելի՞ է ասել, որ մեր օրերում մեկ դերասանի թատրոնը  ժամանակակից թատրոնի հարկադրված կանգա՞ռ է՝ թելադրված համընդհանուր ճգնաժամով, թե՞ այդ ուղղությունը հղի է զանազան նորույթներով և ունի մեծ ապագա։
- Ես կասեմ՝ ելնելով իմ փորձից: Ես չեմ տարբերում դերասանի խաղը թե մոնո- և թե բազմամարդ ներկայացումներում: Թատրոնի նույն օրենքներն են գործում, նույն հմտություններն ու վարպետությունն է իրագործում դերասանը: Ուրիշ բան է, երբ դու մենակ ես դուրս գալիս բեմ, ու մեկ-մեկուկես ժամ հանդիսատեսի ուշադրությունն ամբողջությամբ քեզ վրա է, և բեմական քո գոյության լարումն անհամեմատ բարձր է, տեղ չունես թաքնվելու, շունչ քաշելու՝ գոնե մի քանի վարկյան: Այո, ավելի ծանր է, ավելի պատասխանատու, և, անշուշտ, շատ ավելի մեծ բավականություն է տալիս: Ինձ հարցնում էին ներկայացումից հետո, արդյո՞ք, միշտ եմ այս չափ նվիրվում, ներդրվում ներկայացման մեջ: Անշուշտ, միշտ... Ինձ համար փոքր, մեծ, գավառական կամ ինչ-որ այլական բեմ գոյություն չունի: Բոլոր բեմերում խաղում եմ մեծագույն նվիրումով: Թող դա բարձր խոսքեր չհնչի, բայց դա իմ կրեդոն է, այլապես անիմաստ  է դառնում իմ աշխատանքը թատրոնում, արժեզրկվում է դերասանի գոյությունն ընդհանրապես: Դու ամեն անգամ պետք է ՙայրվես՚ բեմում, և այդ տաքությունը հաղորդես հանդիսատեսին: Եթե այդպես չի խաղում դերասանը, անիմաստ է դերասան լինելը։
- Այսինքն՝ այդ ուղղությունն ունի իր ուրույն տեղը թատերարվեստում և անցնում է զարգացման իր ճանապարհը: 
- Այո, կարծում եմ, մենաթատրոնի զարգացումն ընթանում է գալարագծով: Չէ՞ որ թատրոնն ընդհանրապես սկիզբ է առել մոնոժանրից: Դեռ անտիկ թատրոնում ներկայացումը խաղում էր ընդամենը մեկ դերասան: Հետո զարգացում ապրեց` սկսեցին խաղալ երկու, երեք... դերասաններ: Այսինքն՝ մենաթատրոնը մոտ հինգ հազար տարեկան է:
- Բայց զարգացումը գնաց այլ ուղղությամբ` դեպի դերասանների խմբի լայնացումը, բազմազանությունը...
-Ճիշտ  եք։ Այնուամենայնիվ, դերասանները պարբերաբար անդրադառնում էին մոնոթատրոնին: 20-րդ դարի մոտովորապես կեսերին նորից այդ ժանրը վերածնունդ ապրեց:
Մոնոթատրոնը դերասանին տալիս է խոստովանելու, ինքնամաքրվելու, լավագույնս դրսևորվելու հնարավորություն: Կարծում եմ, վերադարձ դեպի մոնոթատրոն բխեց հենց այս ցանկությունից: Թեկուզ կան նաև այլ որակի, այլ ոճի մենաթատրոններ, ասենք, Ա. Բեքետի մենաներկայացումները: Բայց շատ դերասանների, նրանց թվում նաև ինձ համար, մոնոթատրոնը ստեղծագործական եսը որոնելու, դերասանական վարպետությունը դրսևորելու լավագույն հնարավորություն է:
- Փաստորեն կազմակերպելով ընդամենը 2-րդ անգամ, ՙԱրմմոնո՚-ն արձագանք գտավ շատ թատրոնների կողմից:
- Այո, այն էլ մեծ արձագանք: Մի բան էլ ասեմ։ Հիշում եմ մի դրվագ իմ ուսանողական կյանքից: Կար այն ժամանակ մեծ ասմունքող՝ Սուրեն Քոչարյան: Ես բախտ եմ ունեցել նրան տեսնել ասմունքելիս։ Նա արդեն ծեր էր, դուրս էր գալիս Մոսկվայի Լենինյան գրադարանի ընդարձակ բեմը: Չկար ո՜չ լույս, ո՜չ երաժշտություն... Եվ այս լռության մեջ սկսում էր կարդալ: Բայց դա զուտ ընթերցում չէր: Դա թատրոն էր, իսկական թատրոն, մեկ դերասանի թատրոն: Իսկական հրաշք էր, մոգություն։ Եվ դու կամա՛ց-կամաց ձուլվում էս այդ ամենի մեջ, մոռանում քո գոյության մասին: Ու հարց էր առաջանում, ինչի՞ն է պետք թատրոնն իր ամեն պարագաներով` երաժշտություն, դեկորացիա, մասսայական տեսարաններ և այլն, եթե չի կարող հասցնել լարումն այս մեկ մարդու պես: Ընդհանրապես, կարծում եմ, որ մենաներկայացումները միջին որակի լինել չեն կարող. կամ ստացվում է, կամ չի ստացվում: Կամ հավատում ես այդ մեկ դերասանին, կամ չես հավատում: Այստեղ են այդ ժանրի հմայքն ու քաղցրությունը, վտանգն ու ծանրությունը, և գլխավորը՝  շատ մեծ ռիսկ է: Իսկ արվեստում, ինչպես և կյանքում, սիրում եմ համարձակությունը:
- Մի խոսքով, մոնոթատրոնը բեմում ապրելու իր իրավունքը նորից վերահաստատեց:
- Անշուշտ: Ասեմ ավելին: Մեր այս նյութականի  ճգնաժամային պայմաններում թատերական մեծ խմբեր հրավիրելը մեծ գումարների հետ է կապված, ինչը շատ դեպքերում չի լինում: Իսկ մոնոժանրը, ընդհանրապես, կամերային ներկայացումները, շատ ավելի մոբիլ են: Ինչքա՛ն շատ փառատոների եմ մասնակցել` 50-ից ավելի, կարող եմ ասել, որ մոնոներկայացումներն ավելի շահավետ են բոլոր առումներով: Ես ինքս Կաունասում կազմակերպել եմ մի քանի փառատոներ` ՙՄոնո Բալթիա՚ անվանմամբ (Բալթիայի 8 երկրների մասնակցությամբ): Բավականին մեծ փառատոն է` 13-15 ներկայացումներով:  Ասեմ, ֆինանսապես դա բավականին հնարավոր նախագիծ է:
- Ավելի շարժունակ, ավելի ինքնուրույն և ավելի... էժան։
- Բայց ոչ աղքատիկ: Կարող է մեկին պետք է բեմում ընդամենը մեկ աթոռ, լույս ու վերջ: Բայց դա չի նշանակում, որ բոլոր մենաներկայացումներն են այդպիսին:
- Ես Ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել գերազանց խաղի համար, նորանոր հաջողություններ մաղթել ստեղծագործական կյանքում: Շատ հանդիսատեսների կարծիքով, ՙԿոբա՚-ն փառատոնի այս տարվա լավագույն ներկայացումներից էր: Առաջին անգամ լինելով Արցախում, ի՞նչ կուզենայիք ասել արցախցիներին:
- Նախ, ասեմ, որ շատ լավ գիտեմ բոլոր իրադարձությունները` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Մեզ մոտ էլ էին նմանատիպ երևույթներ տեղի ունենում, պարզապես կռվի, փառք Աստծո, չի վերածվել: Այնպես որ, ազատության գինը մենք գիտենք, դրա համար էլ մեր սրտերում միշտ արձագանք էին գտնում այստեղ կատարվող բոլոր իրադարձությունները: Երբևիցե չէի պատկերացրել, անկեղծ եմ ասում, որ ես կհայտնվեմ աշխարհի այս մասում: Երբ Հակոբ Ղազանչյանը նամակով դիմեց, հրավիրեց, ես ինձ ասացի. ՙԱմեն ինչ պետք է անեմ, որ ստացվի գնալս, ես ուզում եմ տեսնել այս երկիրն իմ աչքերով՚: Պատկերացնում էի, որ շուրջբոլորն ավերակներ են, ՙգնդակահարված՚ տներ, չգիտեմ, չարացած ժողովուրդ, մի խոսքով, պատերազմի հետքեր: Բայց երբ մենք անցնում էինք այս չքնաղ ճանապարհով, երբ հասանք Ստեփանակերտ, բնությունը, մարդիկ անկրկնելի տպավորություն թողեցին: Ես այստեղ գտա նորմալ մարդկանց, գեղեցիկ, երջանիկ, կարծես  ամեն տխուր ու վատ բանից մաքրված: Իհարկե, ես հասկանում եմ, որ խնդիրը դեռ մնում է չլուծված: Հավատում եմ, որ մի գեղեցիկ օր ձեր երկիրը, ժողովուրդը կհասնեն իրենց նպատակին: Խաղաղություն եմ ցանկանում այս չքնաղ ժողովրդին: Ոչ մի պատերազմ, անգամ արդարացի, երջանկություն չի բերում: Դա բերում է միշտ ցավ, արցունք, անդառնալի կորուստներ... Միայն ու միայն խաղաղություն  եմ ցանկանում:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ