[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ՚

Այս խորագիրն էր կրում հոկտեմբերի 25-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում բացված լուսանկարչական ցուցահանդեսը, որը նախաձեռնել էր ՙՇուշվա՚ ՍՊ զբոսաշրջության ընկերությունը (տնօրեն՝ Առնակ Ավետիքյան)։ Կենտրոնի վերանորոգված ցուցասրահում ցուցադրված էին Ռուբեն Մանգասարյանի՝ Արցախյան գոյամարտի թեմայով արված շուրջ 35 մեծադիր լուսանկարներ։ 
Լուսանկարչի արխիվը տնօրինում է եղբայրը՝ Տիգրան Մանգասարյանը, ով նաև ՙՌուբեն Մանգասարյանի հիշատակին՚ հիմնադրամի միջոցով է հոգացել ցուցահանդեսի կազմակերպումն Արցախում, որը նվիրված էր Շուշիի ազատագրմանը և Հայոց բանակի 20-ամյակին։ 
Լուսանկարչի արխիվում մեծ տեղ է զբաղեցնում Արցախյան պատերազմի թեման` շուրջ 35 հազար լուսանկարներ, որոնք, հավանաբար, հետագայում մաս-մաս կցուցադրվեն։ Նշենք, որ ցուցահանդեսը կտևի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 3-ը։
Ռուբեն Մանգասարյանը ծնվել է Երևանում, 1960թ.։ Բանակից զորացրվելուց հետո զբաղվել է լուսանկարչությամբ։ 25 տարի աշխատել է ֆոտոլրագրության ասպարեզում։ Համագործակցել է այնպիսի առաջատար լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են ՙԱգենս  ֆրանս պրեսը՚, ՙՆովոստին՚, ՙՌոյթերը՚ և այլն։ Նրա լուսանկարները   տպագրվել են ՙՆյու Յորք Թայմս՚ և այլ պարբերականներում։
1996-ին Ռուբեն Մանգասարյանը հիմնադրել է ՙՊատկերֆոտո՚ գործակալությունը, 2003-ին բացել է ֆոտոլրագրության դասընթաց՝ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում։ 2007-ին ձեռնարկել է ամերիկյան նշանավոր ՙՆացիոնալ Ջեոգրաֆիկ Թրեյվել՚ հանդեսի հայալեզու հրատարակությունը։ 2008թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով Ռ. Մանգասարյանն արժանացել է ՙԵրախտագիտություն՚ մեդալի։ Մահացել է 2009 թվականին։
Ցուցադրված լուսանկարներում արտացոլված է Արցախյան պատերազմը: Նրանցում լուսանկարիչը սոսկ արձանագրող չէ, այլ՝ խորհող, մտածող արվեստագետ. անշուք սենյակ՝ սեղանի վրա մի քանի կտոր հաց, զինվորական կոշտ սապոգներ և ավտոմատներ, ավեր ու սևացած, ծառահատված դաշտ, հազվագյուտ խաղաղ մի պահի զինվորները կիսում են հացը, պատերազմի երեխաները, նրանց հայացքը ավերված շենքի պատուհանից, ավերված զբոսայգին՝ դատարկ ՙսատանայի անիվը՚,- սա պատերազմի դաժան դեմքն է։ Լուսանկարչի ֆոտոխցիկը կարողացել է որսալ պահը, սևեռակել պատմական ժամանակը, տեսնել սովորական աչքի համար անտեսանելին, թափանցել երևույթների խորքը, և այս ամենը պահ տալ ժամանակին ու սերունդներին։
Ցուցահանդեսի մի խումբ մասնակիցների խնդրեցինք արտահայտել իրենց տպավորությունները։
Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար.
- Ռուբեն Մանգասարյանի լուսանկարները մենք պետք է ներկայացնենք ավելի ընդգրկուն ձևով, որովհետև բավականին խոսուն գործեր են, և շատ բան են ասում։ Նկարներում մեր մաքառման ճանապարհն է, մեր տառապանքը, ցավը, մեր հաղթանակի առեղծվածը։ Մենք պիտի ցուցադրենք, որպեսզի հիշենք, որպեսզի աշխարհին հիշեցնենք, թե անկախության ինչ ճանապարհ ենք անցել։ Մանգասարյանն այն քչերից մեկն էր, որ Արցախյան գոյամարտը պահ տվեց պատմությանը։ Սա մեր գոյապայքարի տարեգրությունն է, որով պիտի սերունդներ դաստիարակվեն։ 
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ, ՙՀայրենյաց պաշտպան՚ թերթի խմբագիր, բանաստեղծ.
- Մանգասարյանի լուսանկարներում անմիջականություն կա, դրանք պատմական ընթացքի անկրկնելի պահերի վերարտադրություն են։ Այս պահերը լուսանկարների  միջոցով փոխանցվում են սերունդներին։ Լուսանկարները պայքարի  ոգու արտահայտություն են, որոնք թեև պատմություն են դարձել, բայց իրականում ապրում և ոգևորում են սերունդներին։ Այս լուսանկարները մեր մաքառման ճանապարհի ամբողջ պատմությունն են, մեր ժողովրդի պատմությունը՝ ակնթարթների մեջ սևեռակված։ Այս լուսանկարներում արտահայտված է ժողովրդի միասնականությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ փրկել այս հատվածի քրիստոնեական մշակույթը։ Այսօր Արցախն իր ազատության մեջ ավելի է ամրապնդվել և շարունակում է հզորանալ, իսկ հզորության սկիզբը դրել են այս լուսանկարների հերոսները, ովքեր իրենց հերոսականությունն են փոխանցում սերունդներին արյան և տարեգրության միջոցով։
Տիգրան ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ.
- Ռուբենի մահից հետո սա 6-րդ ցուցահանդեսն է, որը պիտի շարունակի...իր ճամփորդությունը։ Վավերագրական այս շարքը ցուցադրվել է Երևանում, Արցախից հետո կցուցադրվի Մոսկվայում, ծրագրեր կան նաև Եվրոպա տանելու։ Ցուցահանդեսի համար Մոսկվայում պատրաստված 65 մեծադիր լուսանկարներից մենք կարողացանք ցուցադրության բերել 35-ը, իսկ ամբողջ արխիվը, որ արտացոլում է արցախյան գոյապայքարը, հասնում է 35 հազարի։ Ուրախ եմ Շուշիում կազմակերպած այս ցուցահանդեսի համար։ Ասեմ, որ մինչև 1988-ը Ռուբենը ՙՌիա-Նովոստիի՚ թղթակիցն էր, բայց երբ Արցախում իրադարձությունները կտրուկ սրվեցին, եղբայրս որպես ֆոտոժուռնալիստ ամբողջությամբ ընկղմվեց աշխատանքի մեջ, և երբ ցույցերից, հանրահավաքներից հետո սկսվեց պատերազմը, նա մինչև 1994 թվականը անընդհատ Ղարաբաղում էր։ 4 տարի շարունակ Երևան գալիս էր միայն լուսանկարները երևակելու և Եվրոպա ուղարկելու համար, որպեսզի աշխարհը ծանոթանա, տեղեկանա, թե Ղարաբաղում ինչ է կատարվում։ Այս ամենի արդյունքում ստեղծվեց շատ մեծ արխիվ։ Ռուբենը շրջել է Ղարաբաղի շրջաններով` Մարտակերտ-Օմար-Քարվաճառ-Քաշաթաղ... Պատերազմի տարիներին և հետո նրան Ղարաբաղում շատերը ճանաչում էին։ 
ՙՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՔԱՂԱՔԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՆԱԽԿԻՆ ԴԻՄԱԳԻԾԸ՚
Ներկայացնում ենք մեր ճեպազրույցը ցուցահանդեսի նախաձեռնող` ՙՇուշվա՚ ՍՊ ընկերության տնօրեն Առնակ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ հետ։
- Ո՞րն է ցուցահանդեսը կազմակերպելու շարժառիթը։
- Ռուբեն Մանգասարյանի հետ մենք մտերիմներ ենք եղել։ Մահից երկու տարի առաջ, երբ նա ՙՋեոգրաֆիկ՚ հանդեսի հայերեն տարբերակը ստեղծեց, ես նրան տարբեր հարցերում օգնում էի։  Մահից հետո, երբ ստեղծվեց ՙՌուբեն Մանգասարյան՚ հիմնադրամը, և նրա ավագ եղբայրը հայտնեց Արցախում ցուցահանդես կազմակերպելու իր մտադրությունը, ես նախաձեռնությունն ամբողջապես վերցրի իմ ձեռքը, որոշեցի այն կազմակերպել Շուշիում, և սա կարելի է դարձնել  պարբերաբար։ Ի դեպ՝ մշակութային այլ  միջոցառումներ ևս կարելի է կազմակերպել, հրավիրել արվեստագետների, որպեսզի քաղաքի մշակութային զարկերակը բաբախի։ Ես նույնիսկ ծրագիր ունեմ  Շուշի հրավիրել արվեստագետների, ովքեր հենց այստեղ հնարավորություն կունենան ստեղծագործել։ Մի խոսքով, մեր քաղաքին փորձում ենք վերադարձնել նախկին դիմագիծը։ 
- ՙՇուշվա՚ ՍՊ ընկերությունը, հավանաբար այլ ոլորտներում ևս, այսպես ասած, փորձում է իր ուժերը։ 
- Այո, բայց հիմնական մեր ոլորտը զբոսաշրջությունն է, որը դարձյալ սերտ կապ ունի մշակույթի հետ։ Գիտե՞ք, սա մարտավարության ձև է, Ղարաբաղը գովազդելու ձև, գովազդել իր մշակույթով։
 - Զարգացման ի՞նչ ծրագրեր ունեք։
- Ընդամենը մեկ տարի է, ինչ ընկերությունը գործում է, և ես տեսնում եմ գործունեության այն դաշտը, այն ներուժը, որոնցով կարելի է զբոսաշրջության մեջ լուրջ արդյունքների հասնել։ Դեռևս մեր երազած, մեր ենթադրած շարժը չկա, բայց ես հույս ունեմ, որ կունենանք։ Առաջիկայում մտադրություն ունեմ կազմակերպել Սուքիաս Թորոսյանի գեղանկարչական ցուցահանդեսը Շուշիում։ Նրա կեղծանունը Տոտտո է։ Նա թարգմանչաց տոնի առիթով մի ցուցահանդես է կազմակերպել Երևանում, նկարիչների միության շենքում, ՙԱզգ՚ օրաթերթի և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այդ նույն ցուցահանդեսը ուզում եմ բերել Շուշի։
- Ընկերության գործունեությունը ինչպե՞ս է ապահովվում։
- Անհատական ներդրումների հաշվին։ Այս ձևով պիտի ընկերությունը ապրեցնենք, ծրագրերը իրագործենք։ 
- Այս ամենը, ինչով դուք զբաղվում եք, հեռու է Ձեր մասնագիտությունից... 
- Ճիշտն ասած, ինձ առաջարկեցին աշխատանք Շուշիում, և քանի որ իմ ընտանիքի մի ճյուղը հին շուշեցիներ են, ուրախությամբ եկա այստեղ, և այս միջավայրում, այս ոլորտում եմ փորձում իմ ներդրումն ունենալ։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ