Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԱՄԱԴԵՈՒՍ՚. ՀԱՅ ԵՐԳԻ, ՊԱՐԻ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոնը հոկտեմբերի 23-ին գալա համերգով ավարտեց իր աշխատանքը: Հիշեցնենք, փառատոնը հովանավորվում և անց է կացվում Բելգիայում բնակվող հայ բարերար Հովհաննես Անաստասյանի կողմից` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Փառատոնն ապացուցեց, որ լավագույն ավանդույթները շարունակվում են: Ասենք ավելին` այս տարվա փառատոնը նոր երանգներ հաղորդեց ՙԱմադեուսին՚. ավանդաբար հնչող դասական երաժշտության ձայները հարստացան ազգային երգարվեստի, երաժշտարվեստի աննման ելևեջներով, հայկական պարերի կրակոտ ու առնական տրամադրությամբ, հեզ ու նուրբ պլաստիկայով: Խորհրդանշական ու ոգեշնչող էր այն, որ հենց ավստրիացի մեծ երգահանի (որն, ի դեպ, իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործում էր ժողովրդական պարն ու երգը, երաժշտությունը, գագաթնակետին հասցնելով դրանց արժեքն իր գլուխգործոցների մեջ) անունը կրող փառատոնին մեծարվեց, արժեվորվեց մեր ազգայինը, այն  վերածվեց հայ երգի, պարի, երաժշտության իսկական տոնի:
Արդարացիորեն նկատենք. մեր օրերում մեզանում առաջին անգամ է, որ ազգային արվեստներին այսքան մեծ ուշադրություն տրվեցին,  այսպիսի հովանավորություն ապահովվեց: 
Գուցե այս փառատոնը ազգային արվեստի հանդեպ վերաբերմունքը փոխելու առումով բեկումնային և օրինակելի՞ դառնա: Փառատոնը լուրջ վերաբերմունք ցուցաբերեց ազգային արվեստը կրողների հանդեպ` բավականին գումար տրամադրելով արված լուրջ աշխատանքի համար: Ողջունելի է, որ մրցանակային գումարները (անհատ կատարողներինը` 150-200-250 ԱՄՆ դոլար, իսկ պարախմբերինը` 300-350-400 դոլար) մեր շնորհաշատ ուժերին հնարավորություն են տալիս ավելի որակյալ գործիքներ ձեռքբերել, ձայնագրություններ կատարել, մի խոսքով, ավելի լավ դրսևորվել, ինչը, գաղտնիք չէ, նրանց համար բավականին լուրջ խնդիր է շուկայական պայմաններում:  
Գալա համերգին և մրցանակների բաշխման արարողությանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղյուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պատգամավորներ և բարձրաստիճան այլ անձինք: Փառատոնի մասնակիցներին ողջունեց և բարերարին շնորհակալություն հայտնեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը: Կարևորելով բարերարի ներդրումն Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում, նա կոչ արեց Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս աջակցել Արցախին, ընդօրինակելով պարոն Անաստասյանին: ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը նույնպես ողջունելով փառատոնի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց բարերարին և ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալ հանձնեց Արցախի մշակութային կյանքում լուրջ ներդրում կատարելու համար:
Համերգի ավարտին, որին մասնակցեցին միայն եզրափակիչ փուլ դուրս եկած, ուստի` մրցանակների արժանացած մասնակիցները, ելույթ ունեցավ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը: Իրավացիորեն նկատելով, որ այս վերջին տարիներին որևէ միջոցառման հենց մեր մշակութային հաստատությունների, ստեղծագործողների, համույթների հանդեպ այսքան ուշադրություն չի նվիրվել, այսքան բծախնդիր պատասխանատվություն չի ցուցաբերվել, նախարարը հիշեցրեց, որ մրցանակների հանձնման ուրախալի արարողության հետ մեկտեղ եկել է նաև տխուր` բարերարի հետ հրաժեշտ տալու պահը, սակայն մի պայմանով, որ հաջորդ տարի բարերարը կվերադառնա` շարունակելու բարի ավանդույթը, ինչպես և նորից տեսնելու մեկ տարվա ընթացքում նոր զարգացումներ ապրած Արցախը: Սեր ու հարգանք դեպի գեղեցիկը, նվիրում բարձր արվեստին՝ ահա թե ինչ է սերմանում բարերարը փառատոնի միջոցով և, անշուշտ, նա կստանա հարուստ բերք:
Բուռն ծափահարությունների ներքո նախարարը բարերարին հաձնեց շնոհակալագիր և Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական կրծքանշան` բարձր գնահատելով  նրա հովանավորչական գործունեությունը, որն ավելի է ամրապնդում մեր ձեռքբերումները:
Անչափ հուզված էր նաև բարերարը: Նա հավաստիացրեց, որ փառատոնի մասին պատմող տեսանյութը կցուցադրվի Սփյուռքի շատ համայնքներում, դրանով իսկ այդ երկրների հանրությանը ճանաչելի կդարձնի բուռն ու իմաստալից մշակութային կյանքով ապրող Արցախը: Նա խոստացավ շարունակելի դարձնել փառատոնի անցկացման ավանդույթը` հույս հայտնելով, որ մյուս տարի կտեսնի ավելի շատ մասնակիցների։ Բարերարը հատուկ նշեց այն ուրախալի փաստը, որ բեմում կանգնած այս երեխաները երջանիկ այն սերնդից են, ովքեր պատերազմ չեն տեսել: 
Պարոն Անաստասյանն անձամբ հանձնեց մրցանակները։ Նշենք միայն Գրան պրիի մրցանակակրի անունը։ Մրցանակը միանձնյա իրավասու էր հանձնել բարերարն ինքը` ի հիշատակ հոր` Հովնան Անաստասյանի, որը հրաշքով փրկվել է 1915 թվականի ցեղասպանությունից: Այդ պատվավոր մրցանակին արժանացավ ՙԲերձոր՚ համույթի մենակատար, քանոնահար Աննա Մովսեսյանը (500 ԱՄՆ դոլար):  
Անշուշտ, ցանկացած մրցույթի ավարտին դժգոհություն արտահայտող մարդիկ լինում են: Բայց եկեք համաձայնեք. դա էլ բնական է, քանի որ մասնագետներն էլ կարող են ունենալ տարբեր կարծիքներ: Կարևորը, համոզված ենք, այլ է. այն, որ փառատոնն ինչպես հենց առաջին օրվանից տոնական տրամադրությամբ   սկսվել է, այնպես էլ իսկական տոնախմբությամբ ավարտվել է: 
;