[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՆԱՌՈՒ ԵՆ

Lyuda.jpgՄայրաքաղաքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնն իր գործունեության երկու տասնյակից ավելի տարիներին մեծ ճանաչում և հեղինակություն է ձեռք բերել, և այս գործընթացում կարևոր դերակատարություն ունի կենտրոնի տնօրեն, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, ով նոր ուսումնականի շեմին ԼՂՀ  հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ կրթության և մշակույթի ոլորտներում ունեցած վաստակի համար պարգևատրվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով, իսկ Ուսուցչի օրվա առթիվ կրթության և գիտության ոլորտում ունեցած մեծ ծառայությունների, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար արժանացել է հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման։ 
Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Լյուդմիլա ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ։
- Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի համար վերջին մեկ ամիսը եղել է գործունեության ակտիվ շրջան՝ լի պայքարով, հաղթանակներով, բազմազան միջոցառումներով...
- Ինչպես գիտենք, այս տարի հոկտեմբերի 18-23-ը Արցախում տեղի ունեցավ ՙԱմադեուս¬2012՚ հերթական մրցույթ¬փառատոնը, որը նվիրված էր Սայաթ¬Նովայի 300-ամյակին։ Այս հեղինակավոր փառատոնին, ներառյալ հանրապետության բոլոր շրջանները, մասնակցեցին 200-ից ավելի անդամներ։ Մենք նվաճեցինք այդ փառատոնի Ոսկե գավաթը, դարձանք առաջին տեղի մրցանակակիր։ Ներկայացրել էինք 4 պար՝ 2-ը  հայկական ժողովրդական (բեմադրող՝ պարուսույց Գարրի Ավանեսյան) և 2-ը ժամանակակից (բեմադրող՝  պարուսույց Էլեոնորա Սարումովա)։ 
Հոկտեմբերի վերջին տասնօրյակում Կենտրոնի թատերական ստուդիան Հովհաննես Թումանյանի ՙԳիքորը՚ պատմվածքի բեմականացմամբ (ղեկավար՝ ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյան) մասնակցել է Երևանում կայացած ՙՆռան հատիկ՚ միջազգային թատերական փառատոնին, և ելույթն արժանացել է հանդիսատեսների ջերմ ընդունելությանը, հանձնախմբի բարձր կարծիքին։ ՙԳիքորի՚ դերակատար  Արամ Միրզոյանին (8 տարեկան) հանդիսատեսը երկար բաց չէր թողնում... Հաջողության մեջ պետք է առանձնակի տեղ հատկացնել Քաջիկ Հարությունյանի աշխատանքին։ Ասեմ նաև, որ այսօր, Կենտրոնում երեխաների հետ զբաղվելով, պատրաստում ենք մայր թատրոնի համար հերթափոխ՝ բացի մեր հիմնական խնդրից, որը գեղագիտական դաստիարակություն տալն է։ 
Այս գծի վրա ես ուզում եմ նշել մեր մանկական երգչախմբի նոյեմբերի 14-ի ելույթը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի լեփ¬լեցուն դահլիճում, երաժշտասեր հասարակայնության առաջ։ Երգչախումբը փայլուն ելույթ ունեցավ. այն կարող է ներկայանալ աշխարհին՝ միջազգային մակարդակով։ Ուզում եմ անպայման նշել խմբակի ղեկավար, դիրիժոր Մարինե Մեսրոպյանի, նաև կոնցերտմայստեր Նադեժդա Հակոբյանի, վոկալի դասատու Մարգարիտա Աղաջանյանի աշխատանքը։ Մարինեն մեր Կենտրոնում պատրաստում է փոխարինողներ ՙՄռակած՚ պետական երգչախմբի համար։ Նաև առիթն օգտագործեմ և նշեմ, որ օրվա համերգին ՙՄռակած՚ պետականը ևս փայլուն ելույթ ունեցավ։ Ի դեպ, հանդիսատեսին մեծ ոգևորություն պատճառեց ՙՄռակած՚ պետականի և Կենտրոնի մանկական երգչախմբի համատեղ կատարումը (Ստեփան Լուսիկյան՝ ՙՆոր Հայաստան՚)։
Հարկ է նշել մեր երեխաների հատուկ մասնակցությունը Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին. խմբակներում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են արվել, որոնց արդյունքը եղան Ստեփան Շահումյանի անվան պուրակում կայացած թե՜ նկարչական, թե՜ ձեռքի աշխատանքների խմբակների ցուցահանդեսները։ Կենտրոնի սաները նույն օրը քաղաքի հասարակայնության համար նաև համերգ են տվել։
Հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը մեր պարային խումբը Սանկտ¬Պետերբուրգում մասնակցել է ՙՈսկե Պալմիրա՚ միջազգային փառատոնին, որը ՙՊետերբուրգյան աշուն՚ մրցույթի մաս է։ Մրցույթին մասնակցում էին կոլեկտիվներ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից։ Կենտրոնը ներկայացավ 2 անվանակարգով՝ ժողովրդական պար և ժամանակակից պար՝ ցուցադրելով ՙՍայաթ ¬Նովա՚ և ՙԼեռնուհի՚ (բեմադրիչ՝ Գ. Ավանեսյան), ՙՄիքս ¬ Դանս՚ և ՙԱֆրիկյան՚ (բեմադրիչ՝ Էլեոնորա Սարումովա) պարերը։ Երկու անվանակարգերով էլ զբաղեցրել ենք առաջին տեղը, դարձել միջազգային փառատոնի առաջին կարգի դափնեկիր՝ որպես պարգև ստանալով Վիեննա-Պրահա փառատոնին մասնակցելու հրավեր։
- Երեխաների համար հավանաբար շատ հետաքրքիր էր սանկտպետերբուրգյան ուղևորությունը։
- Անշուշտ, մեր երեխաների գերակշիռ մասը առաջին անգամ էր ինքնաթիռ նստում, էլ չեմ խոսում նման խոշոր քաղաք այցելելու և միջազգային մրցույթի մասնակցելու մասին։ Երեխաներին ծանոթացրինք տեսարժան վայրերին, եղանք Ձմեռային պալատում, Էրմիտաժում, համերգ տվեցինք հայ համայնքի համար։ Ընդհանրապես՝ փոխշփումները, այն էլ նման մակարդակի, երեխաներին շատ բան են տալիս, լայնացնում  մտահորիզոնը, ազատում ինչ¬ինչ բարդույթներից։ 
- Ձեր զգացումները անձնական և ոչ անձնական պարգևների առթիվ։
- Իհարկե, հաճելի է, երբ արածդ գնահատվում է։ Իմ հաջողությունների մեջ մեծ դերակատարություն են ունեցել, առաջին հերթին, իմ ծնողները (հորիցս ժառանգել եմ աշխատանքի կազմակերպման ջիղը), ապա կոմերիտական ¬ կուսակցական ¬ արհմիութենական խորհրդային կոփվածքը։ Ուրախ եմ վաստակավոր մանկավարժի կոչում ստանալու առթիվ, դա, իհարկե, ոգևորում է, բայց ես ունեմ ապրելու և աշխատելու կայուն սկզբունքներ։
- Տիկին Բարսեղյան, գուցե՞ մանրամասնեիք, թե որ հատկանիշներն են օգնել ձեզ ձեր աշխատանքային գործունեության ընթացքում։ Եվ  որն է ձեր հաջողության գաղտնիքը։
- Նպատակասլացությունը, որևէ գաղափարին հետամուտ լինելը, օրինակ, որ այստեղ՝ Կենտրոնում, ՙկերտում ենք՚ Արցախի ապագա քաղաքացիներին։ Որպես ղեկավար՝ ես լավ եմ ճանաչում Կենտրոնի աշխատակիցներին. թե՜ աշխատանքի վայրում, թե՜ աշխատանքից դուրս։ Ես քաջ ծանոթ եմ նրանց հիմնախնդիրներին և ինչքան կարողանում եմ՝ օգնում եմ հաղթահարելու դժվարությունները։ Իմ և աշխատողների միջև կա փոխըմբռնում։ Կոլեկտիվն առողջ է, մթնոլորտը՝ աշխատանքային, ջերմ, ստեղծագործական։ Գուցե խորհրդային կարգախոս է, բայց աշխատում ենք ՙՄեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար՚ սկզբունքով։ Ես պահանջկոտ եմ, բայց միաժամանակ՝ սրտացավ. սա ղեկավարի կարևորագույն հատկանիշ պետք է լինի։ Ասեմ նաև, որ կադրերը ընտրում եմ ես՝ հաշվի առնելով նրանց պրոֆեսիոնալ մակարդակը։ Կենտրոնում ևս պատրաստում եմ կադրային ռեզերվ՝ մշտապես աչքի առաջ ունենալով փոխարինողներին։ Կադրերի ճիշտ ընտրությունից է նաև բխում կարգապահությունը, որը հաջողության կարևորագույն գրավականն է։ 
- Ձեր եռանդը և գործարար հատկանիշները գուցե այլ ոլորտում ավելի մեծ հաջողություններ բերեին...
- Ես էությամբ մանկավարժ եմ, և իմ աշխատանքն ինձ գոհացնում է։
- Նորից անդրադառնանք Մանկական ստեղծագործության կենտրոնին։ Երկու տարի է արդեն, ինչ ձեզ տրամադրվել է վերակառուցված հրաշալի շենք հենց քաղաքի կենտրոնում։ Զարգացման ի՞նչ միտումներ են արձանագրվել։ 
- Նախկին շենքում վատթար պայմաններ էին, բայց հաջողություններ ունեցել ենք։ Երկու շրջանների գործունեության մեջ շատ մեծ տարբերություն կա։ Առաջին հերթին ես կնշեի դաստիարակության խնդիրը. հազարից ավելի երեխաներ են հաճախում Կենտրոն, որտեղ կատարյալ մաքրություն է տիրում։ Սա էլ գեղագիտական դաստիարակության մաս է կազմում։ Խմբակներում տարվող աշխատանքների որակը անհամեմատ բարելավվել է։ Երեխաների քանակն ավելացել է (Կենտրոնը բոլոր դպրոցների համար հարմար տեղ է)։ Շենքը ջեռուցվում է, ծնողները հանգիստ սպասում են պարապմունքների ավարտին։ 
Պարային խմբի ընդունելությանն այստեղ մեծ աժիոտաժ է լինում։ Ընդունվել ցանկացող երեխաների թիվն  անհամեմատ մեծացել է։ Օրինակ, նոր ուսումնականի սկզբին պետք է Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն ընդունեինք 40 երեխա երկու խմբի համար։ Մրցույթի օրը ներկայացել էր 199 երեխա, լավագույններն այնքան շատ են եղել, որ ստիպված էինք ընդունել 100 հոգու և խմբերը բաժանել ենթախմբերի։ 
- Շենքային պայմանները պարապելու հնարավորություն տալի՞ս են։
- Մենք ունենք ընդամենը 2 դահլիճ, բայց արդեն հասունանում է համերգային դահլիճ ունենալու հարցը, դահլիճ, որը կծառայի նաև որպես պարապմունքների և փորձերի լրացուցիչ վայր։ Մի խոսքով՝ ձեռքբերումներ նկատվում են բոլոր ոլորտներում.թե՜ նկարչության, թե՜ էսթետիկայի բաժնի, թե՜ կիրառական արվեստի և թե՜ տեխնիկական ստեղծագործության խմբակների բնագավառում։ 
 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ