[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ

Xahramanyan.jpgԱրցախում սպորտի զարգացման տեմպերը հուսադրող են. որոշ սպորտաձևեր, ինչպես, օրինակ, սամբոն, շախմատը, ձյուդոն և  աթլետիկան, արդեն բավականին մրցունակ և մշտական ներկայացուցչություն են ապահովում հայաստանյան ստուգատեսներում: Եվ ոչ միայն հայաստանյան:
Սպորտաձևեր էլ կան, որոնց դրվածքը, մեղմ ասենք, ոչ բարվոք վիճակում է,  և, վաղ թե ուշ, ձեռնամուխ ենք լինելու դրանց վերստին արմատավորմանը մեր մարզական քաղաքականության ծիրում:
Շնորհիվ մարզաձևի հանդեպ սիրուն ու հասարակության մեջ նրա դերի  կարևորմանը ՝ բռնցքամարտի նվիրյալներն անցած մեկ տարում հսկայական աշխատանք են կատարել. մեկ տարվա մեջ և՜ ֆեդերացիան է հիմնադրվել, և՜ անց է կացվել պատանիների հանրապետական առաջնություն, և այն էլ՝ բոլոր քաշային կարգերում։
 Դեկտեմբերի 1-2-ը Ստեփանակերտի մարզադպրոցի դահլիճում անցկացված բռնցքամարտի ԼՂՀ պատանիների անդրանիկ առաջնությունը վկայեց, որ մարզաձևի զարգացման ճանապարհին եթե չասենք դժվարությունները հաղթահարվել են, ապա, հաստատ, բոլոր հիմքերը կան լավատես լինելու համար:
Նշենք, որ մեր հանրապետության պատմության մեջ բռնցքամարտի այս աննախադեպ ստուգատեսը կազմակերպվել էր մարզաձևի մեր ֆեդերացիայի և ԿԱ սպորտի պետական կոմիտեի ջանքերով:
Հարցազրույց Բռնցքամարտի  ԼՂՀ ֆեդերացիայի  նախագահ Վահրամ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ  հետ։
¬ Ի՞նչ հանգամանքներ նպաստեցին  Բռնցքամարտի ֆեդերացիայի  ստեղծմանը։  
-Ռուսաստանաբնակ մեր համերկրացի Նարեկ և Առաքել Աբրահամյան եղբայրների (ովքեր, ի դեպ, ինքնակամ ծառայելու են եկել մեր բանակում) զորացրումից հետո ձգտեցինք նրանց ներգրավմամբ գործն առաջ տանել: Ասեմ, որ նրանք բավականին բարձրակարգ բռնցքամարտիկներ են. Ստավրոպոլի երկրամասի առաջնության հաղթողներ են. Նարեկը սպորտի վարպետ է, Առաքելը՝ սպորտի վարպետության թեկնածու:
Ծնունդով Կարմիր Շուկայից են: Նրանց հայրը՝ Ալավերդին, սկզբից մինչև վերջ մասնակցել է Արցախյան ազատամարտին:
 Իմ նախաձեռնությամբ մշակում ենք  կանոնադրություն, հիմք ընդունելով, իհարկե, ՀՀ ֆեդերացիայի կանոնադրությունը, պարզապես մեր առանձնահատկությունների հաշվառումով:
Կայանում  է հիմնադիր ժողովը, որին ներկա էին նաև ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը  (ով նաև ՀՀ օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է), պատասխանատու քարտուղար Լյովա Հովհաննիսյանն ու Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանը:
Կազմակերպչական աշխատանքները կարգավորելուց հետո ձեռնամուխ եղանք անհրաժեշտ բազայի ստեղծմանը. ոչ դահլիճ ունեինք,ոչ ռինգ և ոչ էլ մարզիչ: Բայց կար ժամանակի պահանջը:
Տղաների ծառայության հետ անհրաժեշտ հարցեր կարգավորելուն ու նրանց գործին ներգրավելուն զուգընթաց, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ սերտ կապեր են ստեղծվում,  ինչը ևս բարերար ազդեցություն է ունենում բռնցքամարտի դրվածքի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում:
Ստեփանակերտցի Խաչատուր Մինասյանը, ով Մոսկվայում է բնակվում, նվիրում է մեզ բավականին լավ ռինգ: Ու ինքն էլ գալիս, հավաքում ու տեղադրում է այն: Դա խթան է հանդիսանում, որ լուծվի նաև դահլիճի հարցը։ 
 Ընդամենը մի քանի ամիս Աբրահամյան եղբայրների մոտ պարապելով, մեր տղաները մեկնում են ՀՀ Մարտունի քաղաքում անցկացվող պատանիների միջազգային մրցաշարին: Դավիթ Ղալայանը դառնում է մրցաշարի հաղթող, երեք հոգի էլ գրավում են երկրորդ տեղը:
- Խոսենք ներկայիս մրցաշարի մասին, ինչո՞վ էր այն պայմանավորված, ո՞րն էր նպատակը:
- Հիմնական նպատակը բռնցքամարտի մասսայականացումն է։
Շատ կարևոր է դաստիարակել բարձր մարտական ոգի և ֆիզիկական լավ պատրաստություն ունեցող երիտասարդներ, ովքեր կարող են հաջողությամբ քննություն բռնել դժվարին իրավիճակներում: Առավել ևս մեր պարագայում սա շատ արդիական է: Նաև, որ ոչ պակաս կարևոր է, մարզաձևն, այսպես ասած, կտրում է պատանիներին փողոցից և բնավորություն է ձևավորում:
Այս մրցաշարը կոչվում էր պատանիների և ավագ պատանիների համատեղ առաջնություն.
11 քաշային կարգերում ընթացած մրցապայքարին ներգրավված էին 40 մարզիկներ Արցախի տարբեր շրջաններից։
Առաջնությանը ներկա էր և ողջույնի խոսք ասաց ԿԱ ՍՊԿ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը: Ներկա էր նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ղազարյանը, ով իր կողմից աչքի ընկած մարզիկներից մեկին շնորհեց ՙՀաղթելու կամքի համար՚ մրցանակը:
Եղան նաև երեք այլ մրցանակներ՝ ՙԼավագույն տեխնիկայի համար՚, ՙԱմենադիտարժան  մարտ՚ և ՙՏակտիկապես լավագույն պատրաստության համար՚ անվանակարգերում։
Հաճելի անակնկալ էր Ստեփանակերտի մարզադպրոցի սպորտային պարերի խմբի (ղեկ. Մարինե Վարունց) ելույթը, որ մատուցվեց առաջնության մասնակիցներին ու հանդիսատեսներին:
Ռեֆերին (ռինգի մրցավարը) Նորայր Ղազարյանն էր, գլխավոր մրցավարը՝ Նարեկ Աբրահամյանը:
Բուն առաջնությունը, ինչպես տեսանք, անցավ անչափ բուռն ու հագեցած մրցապայքարում: Հաղթանակի կամքը, ձգտումն ու տենչը ուղեկցում էին բոլոր մարտերին:
Պատկերացրեք, որ պարտված երեխաներից որոշների աչքերում արցունքներ էին երևում: Դա ևս սպորտի անբաժան մասն է:
Նկատելի  էր պատրաստականության գովելի մակարդակ, ինչը, ինքնին, դեռ կատարելագործվելու և բարելավվելու է: Կային նաև թերություններ, որոնց առկայությունը մեզ հուշեց անելիքների մասին:
Բոլոր քաշային կարգերում էլ հաղթող ճանաչվեցին Ստեփանակերտի ներկայացուցիչները:
- Չնայած կատարված աշխատանքը հիմնականում եղել է էնտուզիազմի հաշվին, այնուամենայնիվ, ըստ հնչած կարծիքների, մարզաձևի դրվածքն արդեն պատշաճ վիճակում է, ինչի վկայությունն էր հենց անցկացված առաջնությունը: Ստուգատեսն ին՞չ ի հայտ բերեց Ձեզ համար, ինչպիսի՞ն է հեռանկարը:
- Անձամբ ես ու իմ համախոհները  շատ գոհ ենք արդյունքներից և վիճակից: Կա լավ մեկնարկ, իսկ ավելի լուրջ արդյունքների համար ժամանակ է պետք ու նաև՝ քրտնաջան, հետևողական ու նպատակասլաց աշխատանք:
Հետագա զարգացման համար կան բոլոր նախադրյալները, այդ թվում և՝ անհրաժեշտ ներուժը:
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր բռնցքամարտի դպրոցը կայանում է:
- Ներկա պահին քանի՞ մարզիչ ունեք:
- Առայժմ ունենք երկու մարզիչ: Նարեկ Աբրահամյանը և որդիս՝ Մեսրոպ Ղահրամանյանը, ով արդեն կայացած մարզիկ է՝ պատանիների Հայաստանի առաջնության հաղթող և Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր: Ունենք մարզիչ նաև Քաշաթաղում, որտեղ, ինչպես և Շուշիում, պլանավորում ենք խումբ բացել: Ասեմ, որ Շուշիում կպարապի Նարեկ Աբրահամյանը: Խումբ կա նաև Հադրութում:
- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում իրագործելու։
- Հետևողականորեն պատրաստվում ենք հայաստանյան տարբեր ստուգատեսներին մեր ծանրակշիռ ներկայությունն ապահովելուն: Մեր տղաները պատրաստ են բարձր պահել Արցախի մարզական պատիվը: Իսկ դա էլ, տա Աստված, նրանց առջև կբացի միջազգային մրցասպարեզներում Արցախի ու Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու հնարավորությունը:
 
Զրուցեց Կարեն Միրզոյանը