[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԱՆԱԶԱՎՐԻ ՕԹՅԱԿԸ՚

Այս խորագիրն էր կրում օրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում բացված պոեզիայի  դեկորատիվ ցուցահանդես-ներկայացումը, որի հեղիանկներն են բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրանտ Ալեքսանյանը և գեղանկարիչ Ռաֆայել Պետրոսյանը։
 Միջոցառման կազմակերպմանն օժանդակել են Արցախի նկարիչների միությունը, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի տնօրինությունը, ՙՈգի Նաիրի՚ գեղարվեստի կենտրոնը։ Բանաստեղծի և գեղանկարչի համագորակցությունը ճեմասրահում հավաքված մտավորականությունը և պոեզիայի ու կերպարվեստի երկրպագուներին ծանոթ է երկուսի նախորդ ցուցահանդեսներից, բայց այդ օրը հենց առաջին հայացքից և ներկայացված գործերը դիտելուց հետո մտածում ես, որ հեղինակները որոնումների երկար ճանապարհ են անցել, հստակվել են գեղարվեստի նկատմամբ ունեցած նրանց սկզբունքներն ու մոտեցումները, որի արդյունքը ներկա ցուցահանդեսն է։
Բանաստեղծը և գեղանկարիչը խուսափել են ցուցահանդեսի բացման ավանդական ձևերից. բավականին մարդաշատ ճեմասրահում հնչում է վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանի ձայնը, որն արտասանում է հատված Հրանտ Ալեքսանյանի պոեզիայից։ Բանաստեղծի պոեզիան շարունակում են  ներկայացնել Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանները։
Այնուհետև Հ. Ալեքսանյանը հավաքվածներին կոչեց անկեղծ ու անկաշկանդ զրույցի։
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ  Խանյանը խոսեց հայ պոեզիայի զարգացման երկու ճանապարհների՝ դասական և ազատ բանաստեղծության,  ինչպես նաև Հ. Ալեքսանյանի պոեզիայի գեղագիտական սկզբունքների մասին։ Վերհիշելով երկուսի համագործակցությունը՝ նա նշեց, որ Հրանտի բանաստեղծությունների աշխարհը վերացական չէ, այլ գալիս է կյանքից, ազգային ճակատագրի մտահոգություններից, որ բանաստեղծը տեսնում է բարությունը շղթայված, և ցուցահանդեսը բանաստեղծի աշխարհի դեկորատիվ արտահայտությունն է։ 
Գեղանկարիչ, քանդակագործ Լավրենտ Ղալայանն ընդգծեց գեղանկարիչ Ռ. Պետրոսյանի՝ կյանքի, աշխարհի յուրօրինակ ընկալումը, որը հետևանք է թատրոնի հետ կապված աշխատանքի։ Ռաֆայելը կարողացել է թափանցել Հրանտի  պոեզիայի խորքը և ցավը ներկայացնել դեկորատիվ արվեստի միջոցով։ 
Ստեփանակերտի մայր թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Մարատ Դավթյանը, որ ծանոթ է ներկայացված պոեզիային ու գեղանկարչությանը, ասաց, թե նրանք ստեղծում են իրենց թատրոնը, որ սա յուրօրինակ ներկայացում է, որ պիտի ունենա իր շարունակությունը։
Ցուցահանդեսի մասնակիցներից խնդրեցինք արտահայտել իրենց տպավորությունները։
Լենորդ ԶԱՔԱՐՅԱՆ, ԼՂՀ նկարիչների միության նախագահ.- Գլխավորն այն է, որ պոեզիան ու գեղանկարչությունը միահյուսվել են և ինչ¬որ բան են ուզում ասել, որը մի քիչ դժվար է ընկալվում. պետք է գոնե տվյալ գործի վրա դրված բանաստեղծական հատվածը կարդաս, որ հասկանալի լինի։ Ընկալումը  դժվարանում է նաև այն պատճառով, որ մեզ մոտ նման ավանգարդ-մոդեռն ոճի ցուցահանդեսներ քիչ են լինում։ Բանաստեղծի և գեղանկարչի համագործակցությունը, որ սկսվել է տարիներ առաջ, հետաքրքիր արդյունք է տվել։ Նախորդների համեմատությամբ այս ցուցահանդեսն ավելի կատարելագործված է։ Ներկայացված  դեկորատիվ աշխատանքները խորհել, մտածել են տալիս, որը շատ կարևոր է։
Յուրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, քանդակագործ, ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի տնօրեն.-Մեզ մոտ ձևավորվում է պոեզիայի և նկարչության զուգորդումը։ Հրանտը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ Ռաֆայելի գործերը գեղագիտորեն դարձել են ավելի նրբաճաշակ, ցուցադրված երկու արվեստների հիմքում ընկած է պայմանականությունը։ Ի՞նչն է կարևորվում այստեղ՝ գեղարվեստի շուրջ խոսքը։ Ցուցահանդեսը հասկանալու համար պետք է իմանանք բանալին, մոտեցումը, սկզբունքը. հիմնական խնդիրը հետևյալն է. հաճախ նկարիչը միտքն արտահայտելու համար դիմում է այլաբանության, խորհրդանիշերի, որ համարժեք ձևերով, հնարներով կարողանա իր միտքը արտահայտել։ Բացի այդ, արվեստագետը միշտ որոնումների մեջ է լինում, սա է պատճառը, որ Ռաֆայելը դիմել է ինքնարտահայտման այս եղանակին, որը նոր չէ հնարված։ Սա համաշխարհային արվեստի պատմության մեջ շատ է օգտագործվում, բայց մեր օրերում նորույթ է, իսկ Ռաֆայելի առումով թվով երրորդ կամ չորրորդ ցուցահանդեսն է, և նկատենք, որ նախորդների համեմատությամբ զարգացումը կա։ 
Ռաֆայելը որոնումների մեջ է։ Ես մի քիչ ծանոթ եմ Ֆրեյդին. երբ գիտակցական իմպուլսը երկրորդ պլան է մղվում։ Այս առումով մենք ունենք  մտածելու, ցուցադրանքը վերծանելու շատ բան։ Արվեստագետը շատ հաճախ է դիմում զգացական իմպուլսների, որը նրան  տանում է դեպի հասկանալի հանգրվան։ 
Ռոբերտ ԱՍԿԱՐՅԱՆ. գեղանկարիչ. - Երևույթը շատ հետաքրքիր է, սա և նորություն է, և միաժամանակ ասեմ, որ նորություն չէ։ Այս ցուցահանդեսը Հրանտի և Ռաֆայելի համագործակցության  արգասիքն է։ Կարևորն այն է, որ մեր շրջապատը, կյանքը ներկայացված է արվեստի մոդեռն լեզվով. օրինակ, երբ լվացքի մեքենան կարող է դառնալ մարդ, մեկ ուրիշ իր, որ շպրտված է, դառնում է որևէ մտքի արտահայտիչ, այսինքն՝ չօգտագրծվող նյութը դառնում է արտահայտման միջոց։ Այստեղ կարևորը մտքի թռիչքն է։ Նյութն է ստեղծում այն, ինչ որ  պատկերացնում ես։ Մեր երկրից դուրս ես շատ եմ ներկա եղել նման ցուցահանդեսների, այս արվեստը, որ մի քանի արվեստների սինթեզ է, ստեղծվել է հարյուր տարի առաջ։ Այստեղ համատեղվել են նկարչությունը, դեկորատիվ արվեստը պոեզիայի հետ։ Կարևորն այն է, որ արտահայտվես, ձևը միջոց է, գեղանկարչության մեջ ներկն է օգտագործվում, այս դեպքում՝ ինչ-որ անոթ կամ ծխախոտի տուփը։ Ինչ վերաբերում է հասկանալուն, իմ կարծիքով, արվեստը պետք է զգաս։ Այս ցուցահանդեսում ներկայացված է  կյանքը, այն, ինչ մեզ անհանգստացնում է։ Հրանտի 4-5 գիրք ես եմ ձևավորել։  Պոեզիա կարդում եմ, սիրում եմ։ Ինձ համար հետաքրքիր է այն բանաստեղծությունը, որ խորհել, մտածել է տալիս, որ խորհրդանիշեր ունի։ Հրանտի բանաստեղծությունն այս առումով ինձ հարազատ է։ Նրա ծեռագիրն ինքնատիպ է։ Կարևոր է ոչ թե միջոցը, այլ այն, թե ինչ ես ուզում ասել։ Նաև շատ կարևոր է, որ քո արվեստով վեր հանես կյանքի մեջ եղած մաքուրը, այն էլ՝ գեղարվեստի լեզվով։ Ազգայինը, հոգևորը վեր հանելն է արվեստագետի խնդիրը, որն այս դեպքում  ես լուծված եմ համարում։   
 
 Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ