[ARM]     [RUS]     [ENG]

ՁՅՈՒԴՈՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

DSC05807_1.JPGՓետրվարի 13-14-ը Ստեփանակերտի հ. 5 հիմնական դպրոցի ձյուդոյի մարզադահլիճում կայացավ Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի պատանիների և դեռահասների ձյուդոյի բաց առաջնություն՝ նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին։ Փետրվարի 13-ին մրցումներն անց են կացվել 8 քաշային կարգով՝ 1999-2000թթ. ծնված մարզիկների, իսկ փետրվարի 14-ին՝ 9 քաշային կարգով՝ 2001-2003թթ. ծնված պատանիների միջև։ Մրցումներին մասնակցել են մարզիչներ Իվան Ազիզբեկյանի, Գոռ Ազիզբեկյանի և Սոսե Բալասանյանի շուրջ 90 սաներ։ Առաջնության գլխավոր մրցավարն էր Գոռ Ազիզբեկյանը։ 
ԼՂՀ հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարեն Մելքումյանի խոսքերով՝ համաձայն մարզադպրոցի ուսումնական տարվա մարզական միջոցառումների ժամանակացույցի, կազմակերպվում են մրցումներ, և այս մարզաձևից մասնակցում են դպրոցում գործող ձյուդոյի բոլոր խմբերի մարզիկները։ Մրցումների նպատակն է ի հայտ բերել լավագույն ձյուդոիստներին, որպեսզի նրանք հետագայում համալրեն ԼՂՀ հավաքական թիմը և մասնակցեն ՀՀ, արտերկրի մրցաշարերին՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու հավակնությամբ։ Նման մրցումները միտված են խթանելու ձյուդոյի հետագա զարգացումը, ապահովելու մարզիկների մրցակցային փորձը, բարձրացնելու նրանց որակավորումը և այն զանգվածային դարձնել Արցախում։ DSC05823.JPG
Նախքան մրցումները, փետրվարի 12-ին ձյուդոյի մարզադահլիճում կազմակերպվել է մասնակիցների ամրագրում, մանդատային հանձնաժողովի աշխատանք՝ վիճակահանություն բոլոր քաշային կարգերում։ Համառ պայքարից հետո փետրվարի 13-ին 1999-2000 թթ. ծնվածների միջև մրցաշարում առաջին տեղերը զբաղեցրել են Աշոտ Մելքումյանը (34 կգ քաշային կարգում), Սուրեն Մայիլյանը (38 կգ), Արեն Թևոսյանը (42 կգ), Մարատ Արզումանյանը (46 կգ), Լևոն Պետրոսյանը (50 կգ), Սամվել Պողոսյանը (55 կգ), Էրիկ Վարունցը (60 կգ) և Սամվել Պողոսյանը (65 կգ և ավել)։ 
Փետրվարի 14-ի պայքարը նույնպես թեժ էր։ 2001-2003 թթ. ծնված մարզիկների միջև առաջնությունում 1-ին տեղերը  գրավել են Կարեն Աբրահամյանը (24 կգ քաշային կարգում), Ռոբերտ Պողոսյանը (27 կգ), Ստեփան Կիրակոսյանը (30 կգ), Աշոտ Մելքումյանը (34 կգ), Սուրեն Մայիլյանը (38 կգ), Ռոբերտ Սիմոնյանը (42 կգ), Արեն Գասպարյանը (46 կգ), Աղվան Պետրոսյանը (50 կգ), Աղվան Պետրոսյանը (50 կգ և ավելի)։ 
Մրցումներն անց են կացվել ձյուդոյի միջազգային կանոնների համաձայն։ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով։ Մարզիչ Սոսե Բալասանյանի խոսքերով՝ մարզիկները մրցաշարին ցուցաբերել են ցանկալի արդյունքներ, պատրաստվածության բարձր մակարդակ։
Մրցումների հետ կապված ծախսերը հոգացել է ԼՂՀ ձյուդոյի ֆեդերացիան։ 
Ձյուդոյի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանի պարզաբանմամբ՝ 2012թ. դեկտեմբերից փոփոխություններ են մտցվել մրցման կանոններում։ Հիմնականում արգելվել են բռնակերպերը՝ բռնումները գոտուց ներքև և այլն, որպեսզի ձյուդոն դառնա ավելի տեմպային, մարզիկները մրցեն արագ ու տեխնիկապես զարգացած։ Փաստորեն, այս փոփոխությունները նպաստում են այն բանին, որ մարզիկներն ավելի շատ աշխատեն ձյուդոյի տեխնիկայի, վարպետության ուղղությամբ։ Դրանով  մարզաձևն ավելի է դժվարարանում, բայց դառնում է ավելի ձգող ու գրավիչ։ Այս մրցաշարին էլ մարզիկները ցուցադրեցին հիանալի գոտեմարտ։ Լավագույն արդյունքներ ցուցաբերածները կմեկնեն Երևան՝ փետրվարի 16-17-ը կազմակերպվող ՀՀ  ձյուդոյի բաց առաջնությանը՝ նվիրված Հայաստանում ձյուդոյի ստեղծման 40-ամյակին։   
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ