[ARM]     [RUS]     [ENG]

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

59785_546716945347635_1928622091_n.jpgԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ անգլերենի և այլ լեզուների ուսուցման, համակարգչային տեխնիկայի տիրապետման, մասնագիտական կողմնորոշման և այլ բնագավառների ուղղությամբ։ 2012 թ.¬ից կենտրոնը սկսեց իրականացնել ՙԿառուցիր քո կարիերան՚ նախագիծը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին զբաղվածության խնդրի լուծման գործում, ինչպես նաև տեղեկացնել թափուր աշխատատեղերի վերաբերյալ և դասընթացների օգնությամբ նրանց հնարավորություն ընձեռել ստանալու մասնագիտական որակավորում։
Կենտրոնի ղեկավար Սուսաննա Պետրոսյանի պարզաբանմամբ՝ ծրագրում ներգրավվելու համար երիտասարդը պետք է էլեկտրոնային փոստով իր տվյալներն ուղարկի career. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով, որպեսզի ընդգրկվի փոստային ցանկում՝ տվյալների բազայում։ Կենտրոնը հայտարարություններ է հղել բոլոր այն կազմակերպություններին, հիմնարկներին, որոնք ունեն թափուր աշխատատեղեր։  
Ծրագիրն իրականացվում է երեք փուլով։ Առաջին հերթին կենտրոնը տեղեկություններ է հավաքում. այն երիտասարդները, ովքեր աշխատանք են փնտրում, պետք է իրենց ինքնակենսագրականներն ուղարկեն էլեկտրոնային փոստով՝ նշելով նաև մասնագիտական այն դասընթացները, որոնց կցանկանային մասնակցել։ Կազմակերպություններն էլ իրենց հերթին ուղարկում են պահանջվող մասնագետների ցանկը։ ՙՄենք այդ տվյալներն ուսումնասիրում ենք, կապ հաստատում գործատուների և աշխատանք փնտրողների հետ, այնուհետև երկրորդ փուլում կազմակերպում երկկողմ հանդիպում։ Իսկ երրորդ փուլում համապատասխան դասընթացների միջոցով դիմորդին նախապատրաստում ենք տվյալ վայրում աշխատելու համար՚,- նշեց Ս. Պետրոսյանը։ 
Մասնագիտական դասընթացներին դասախոսություններով հանդես են գալիս հայաստանյան և արտասահմանյան մասնագետներ, ովքեր երիտասարդներին տեղեկացնում են ներկայացվող ասպարեզների նորույթները։ Անցած շաբաթ, արդեն երրորդ անգամ  WEB  տեխնոլոգիաների և դիզայնի թրենինգներ անցկացրին Երևանից հրավիրված Սարգիս Կարապետյանն ու Նարե Գևորգյանը։ Ըստ դիմորդների պահանջի՝ կենտրոնը կազմակերպում է համապատասխան մասնագիտական դասընթացներ՝ լինի դա ընդհանուր գիտելիքների, թե կոնկրետ  թեմայի առումով։ Անհրաժեշտության դեպքում երիտասարդներին ուղարկում են Հայաստան՝ վերապատրաստվելու, իսկ եթե երիտասարդը անգլերենին լավ է տիրապետում, նաև՝ արտասահման։ Այդ ամենին զուգահեռ երիտասարդները սովորում են անգլերեն լեզու և ընդհանուր գիտելիքներ համակարգչի վերաբերյալ։ 
Մասնագիտական կողմնորոշման առումով բարձր դասարանցիների հետ անցկացվում են թրենինգներ։ Այսպես,  պատանիներին սովորեցրին թե ինչպես բացել բլոգ, որը կարծես հեշտ է, բայց նրանց համար նորույթ էր։ Այն հարցին, թե ծրագրի ընթացքում քանի հոգի են տեղավորվել աշխատանքի, Ս. Պետրոսյանն ասաց, որ անցյալ տարի 10 երիտասարդ աշխատանքի են տեղավորվել տարբեր բնագավառներում։ Այս տարի թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների թիվն ավելացել է, և ավելի մեծ աշխուժություն կա, քան նախորդ տարում։ Նույնիսկ Հայաստանից և Ռուսաստանից են դիմումներ ուղարկում աշխատանքի տեղավորման հարցով։ Երիտասարդները սկսել են հավատալ, որ առանց միջնորդ-ծանոթի նույնպես հնարավոր է տեղավորվել աշխատանքի։ Գործատուներն էլ իրենց հերթին շահագրգռված են, որ լավ մասնագետներ ունենան։ Կազմակերպության ղեկավարը գործատուներին հավաստիացնում է, որ իրենց կառաջարկվեն ճիշտ ու պահանջված մասնագետներ։ Իսկ կենտրոնը շարունակում է երիտասարդներին աջակցել տարբեր հարցերում տարբեր դասընթացների միջոցով մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության խնդրի լուծման գործում։
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ