Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՊԱՏԱԿԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՐՎԵՍՏԸ

Փետրվարի 22-ին  Շուշիի նորակառույց պատկերասրահում տեղի ունեցավ  կարևոր՝ երեխաներին փոքր հասակից արվեստին մերձեցնելու միջոցառում՝  մինչև 14 տարեկան երեխաների նկարչական գործերի ցուցահանդես, որը նվիրված է Շարժման 25-ամյակին։
Միջոցառումը բացեց ցուցահանդեսի կազմակերպիչ, պատկերասրահի հիմնադրողների ընտանիքի արցախյան ներկայացուցիչ Սարգիս Գալստյանը։ Ողջունելով ներկաներին, հատկապես երեխաներին, նա նշեց, որ միջոցառման մտահղացումը պատկանում է Սարգսյանների ընտանիքին, ովքեր նպատակ ունեն  Արցախում  խթանելու մշակույթի, արվեստի զարգացումը։ Շարժման 25-ամյակն այն վեհ տոներից է, որը յուրաքանչյուրին հայրենասիրության շուրջ խորհելու առիթ է տալիս։ Միանշանակ է, որ այդ զգացմունքը պետք է զարգացնել փոքրուց և տարբեր միջոցներով։ Ս. Գալստյանը շնորհակալություն հայտնեց նախևառաջ երեխաներին՝ ցուցահանդեսին մասնակցելու համար և տեղեկացրեց, որ այն կտևի մինչև մարտի 11-ը, որից հետո տեղի կունենա մրցանակաբաշխություն։ Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հուշանվերներով, իսկ լավագույն 10 աշխատանքների հեղինակները կարժանանան մրցանակների։
Երեխաներին ողջույնի խոսք ուղղեց նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։
-Ցուցահանդեսը խորհրդանշական  է, քանի որ նաև երեխաներն են իրենց մասնակցությունը բերում Շարժմանը նվիրված տոնակատարություններին։ Շրջելով և ուշադրությամբ դիտելով նկարները՝ տեսա ձեր մտաբերած Արցախը։ Ձեր երազած և ցանկալի  հայրենիքը։ Ես ձեր նկարներում տեսա այն սերը, որ ունեք հայրենիքի նկատմամբ։ Ուրախալին նաև այն էր, որ  տեղեկացած եք մեր անցյալին, ուրեմն ձեր ծնողները, մերձավորները պատմել են մեր հերոսական պայքարի մասին, և դուք արվեստի լեզվով այն մտաբերել եք ձեր աշխատանքներում։ Համոզված եմ, մինչև թղթի վրա պատկերելը   խորհել եք հայրենասիրական գաղափարի շուրջ, ինչը նպաստել է այդ զգացմունքի խորացմանն ու ամրապնդմանը,- ասաց նախարարը։
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսին մասնակցել են Շուշիի, Քարին տակի, Հադրութի, Տողի արվեստի դպրոցների և Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները։ 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ