[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ՕՐՆ ՈՒ ԺԱՄԸ ԱՐԱՐՄԱՆ ՊԱՀԵՐ ԵՆ՚

SOKI.jpgՀարցազրույց բանաստեղծ¬գրականագետ Սոկրատ ԽԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Խանյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ վերջերս ՙՄարտնչող գրականություն՚ ուսումնասիրության համար ԼՂՀ գրողների միության մրցանակին արժանալու կապակցությամբ և դիմել հետևյալ հարցով. տվյալ մրցանակն սպասվա՞ծ էր, արդյոք։
- Ստեղծագործող անհատը միշտ արարում է՝ երբեք չխորհելով մրցանակների մասին։ Նա Աստծո ընծայած իր շնորհքն է վերադարձնում ժողովրդին որպես արվեստի նմուշ, լինի դա գեղարվեստական երկ, քանդակ, նկար, թե երաժշտություն, մի խոսքով՝ արվեստի որևէ տեսակ։ Կարևորն այն է, որ այն կրի գեղագիտության բարձր չափանիշների կնիքը։
Ստեղծագործական իմ ճանապարհին միշտ պատասխանատվության խորին զգացում եմ ունեցել, որովհետև մտորել եմ, որ մենք ունենք բազմադարյան հարուստ մշակույթ, որին պետք է մոտենալ և՜ հպարտությամբ, և՜ սրտի դողով։ 
Խնդրո առարկա ՙՄարտնչող գրականություն՚ իմ այս գիրքը տարիների հետևողական աշխատանքի արդյունք է։ Այն մեր ազգային-ազատագրական պայքարն արտացոլող՝ տասնյակ ժողովածուների վերընթերցման ու գնահատման արդյունք է։
Ճիշտն ասած, որպես հեղինակ, ինձ բավարարել և հաճույք է պատճառել այդ ուսումնասիրությունը, սակայն անսպասելի էր մրցանակը։ Իսկ երբ ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը զանգեց և շնորհավորեց, ես խորհեցի, որ լավ գործն աննկատ չի մնում։
- Ձեր գրականագիտական աշխատանքների շրջանակում ի՞նչ երանգ է ավելացրել մրցանակի արժանացած այդ ուսումնասիրությունը։
- Որպես գրականագետ՝ ես ուսումնասիրել եմ ոչ միայն դասական գրողների երկերը, այլև խոսք եմ գրել ժամանակակից իմ գրչեղբայրների ժողովածուների մասին։ Հավատացեք, որ այդ առումով ես մեր գրական ընտանիքում մրցակից չունեմ, սա ընդգծում եմ այն պատճառով, որ շատ գրողներ չեն կարդում իրենց գրչեղբայրների հրատարակած գրքերը, որը համարում եմ անընդունելի։ 
Հենց իմ այս վերաբերմունքը հնարավորություն է ընձեռել ուսումնասիրել ժամանակակից իմ ընկերների գրքերը և հանդես գալ մամուլի էջերում։ Անուն առ անուն չթվարկեմ, բայց նշեմ, որ Արցախում ապրող և ստեղծագործող բոլոր գրողների մասին տպագրել եմ առանձին մենագրություններ, որոնց թիվը հասնում է 25-ի։ Իսկ ամսագրերում, հանդեսներում, ժողովածուներում տպագրված իմ գիտական աշխատանքների թիվը 70 է։ Արդյունքում հրատարակվել են ՙՀայ պոեզիայի զարգացման միտումներն Արցախում՚, ՙՀայ արձակի զարգացման միտումներն Արցախում՚, ՙՀայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-90-ական թթ.)՚ իմ ձեռնարկները, որոնցից օգտվում են բուհերի բանասիրական ֆակուլտետների սովորողներն ու դասախոսները։
Ինչ վերաբերում է ՙՄարտնչող գրականություն՚ աշխատությանը, նշեմ, որ այն աչքի է ընկնում և՜ թեմատիկ կոնկրետությամբ, և՜ գեղարվեստական բազմազան երկերի ընդգրկմամբ։ 
Գրքի առյուծի բաժինը կազմում է գրող-գրականագետ Վարդան Հակոբյանի  ստեղծագործությունը լուսաբանող գիտական հետազոտությունը, որը ներկայացրել եմ որպես գրական դիմանկար։ Վերլուծել ու արժևորել եմ նրա  քնարերգությունը, էպիկական պոեմները, արձակը, դրամատիկական երկերը, մանկագրությունը և գրականագիտական  աշխատությունները։ Դա համարում եմ իմ  ուսումնասիրության կարևոր երանգներից մեկը։ 
Գրքի երկրորդ գլուխն անվանել եմ ՙԳրականություն՝ մարտական դիրքերում՚։ Այստեղ դիտարկել ու գնահատել եմ Ռ. Եսայանի, Ն. Գասպարյանի, Հ. Ալեքսանյանի, Ա. Արսենիի, Ժ. Բեգլարյանի, Ա. Հովհաննիսյանի։ Դ. Միքայելյանի  բանաստեղծական  նոր ժողովածուները, ինչպես նաև արձակագիրներ  Մ. Հովհաննիսյանի, Վ. Բաղրյանի,  Ջ. Անանյանի, Կ. Դանիելյանի, Կ. Գաբրիելյանի, Ա. Ղահրիյանի, Մ. Ոբնի, Մ. Հայկի, Ն. Սողոմոնյանի այն երկերը, որոնք նվիրված են Արցախյան ազգային- ազատագրական պայքարին։ Այս բաժինը կարող եմ համարել ուսումնասիրության  նկատելի երանգներից մեկը։ 
Ի դեպ, նշեմ, որ ԼՂՀ գրողների միության Մուրացանի անվան մրցանակի  արժանացած իմ առաջին գիրքը ՙԱրցախյան պատերազմը և հայ պոեզիան՚ հետազոտությունն է, որ հրատարակվել է 1998 թվականին և արժանացել գրականագետների լուրջ գնահատականին։ 
- Ձեր բեղուն գրիչն այսօր ի՞նչ է երկնում։
- Անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ իմ օրն ու ժամն արարման պահեր են։ 2011 թվականին իմ ընտիր երկերի 10-հատորյակի վերջին գիրքը հրատարակելուց  հետո տպագրության եմ պատրաստել բանաստեղծությունների  նոր ժողովածու։ Այս տարի կհրատարակեմ անվանի բանաստեղծ Արտեմ Հարությունյանի պոեզիան  լուսաբանող ուսումնասիրությունս։ Իմ ստեղծագործական աշխատանքի կարևոր մի մասը համարում եմ թարգմանությունը ժամանակակից ռուս պոեզիայից։ Շուտով  կհրատարակվի Արցախի և Հայաստանի  բարեկամներից՝ տաղանդավոր  բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովի քնարական գործերի ժողովածուն իմ թարգմանությամբ։ 
Շարունակում եմ գրել և՜ բանաստեղծություններ, և՜ գրախոսություններ գրական արդի խմորումների մասին։ 
- Ձեր խորհուրդները երիտասարդ գրականագետներին։
- Երիտասարդներին խորհուրդ կտայի ընտրած մասնագիտությունը համարել  հանապազօրյա հոգևոր հաց, առանց որի չի կարելի  գոյատևել։ Լինել ընթերցասեր,  յուրացնել դասական գրականությունը, գրականագիտության երեք հիմնական  բաժինները՝ գրականության պատմությունը, գրական քննադատությունը,  գրականության տեսությունը։ Ուսումնասիրել և մասսայականացնել ազգային ժամանակակից գրականության լավագույն նմուշները։ Քննադատության ասպարեզում լինել ազնիվ ու անկողմնակալ, հետևել գրկանագիտության արդի փոփոխություններին ու նվաճումներին և ծառայեցնել ազգային մշակույթի  զարգացմանը։ Տիրապետել լեզուների։ Ես կնախընտրեի առաջին հերթին ռուսաց լեզուն, որովհետև արտասահմանում տեղի ունեցող գրական բոլոր կարևոր  երևույթներն անմիջապես թարգմանաբար տպագրվում են հզոր Ռուսաստանի  պարբերական մամուլում։ Երբեք չմոռանալ, որ Արցախյան գոյամարտում շահվել է ոչ միայն ժողովրդի հաղթանակը, այլև ազգային արժանապատվությունը։  Չբավարարվել միայն գրականագիտական եռանդուն աշխատանքով, միաժամանակ  ակտիվորեն մասնակցել հասարակական-քաղաքական հրատապ  հիմնախնդիրների լուծմանը։ Այդ է հուշում մեր  հոգևոր ներուժը՝  Մ. Խորենացուց Կիրակոս  Գանձակեցի, Գ. Նարեկացուց Հ. Թումանյան, Եղիշե Չարենցից Պարույր  Սևակ, Դ. Դեմիրճյանից Հր. Մաթևոսյան։ Այդ  է հրամայում մեր գալիքին միտված Հայոց  ճակատագիրը։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ