[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚  համալսարանում ուսանողների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Շարժման մի խումբ առաջամարտիկներ իրենց հուշերն էին ներկայացրել փետրվարյան այն խռովահույզ օրերի մասին: Դրանից շատ  չանցած` տեղի ունեցավ  երկրորդ  միջոցառումը, որը   գիտական բնույթի էր: 
Գիտագործնական կոնֆերանսը՝ նվիրված Արցախյան շարժման 25¬ամյակին, բացեց բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:  Նրա համոզմամբ` Արցախյան  շարժումը   չպետք է միայն հոբելյանական  առիթներով  ակտիվ քննարկումերի թեմա դառնա, այն մշտապես պետք է լինի հասարակության, մանավանդ երիտասարդության ուշադրության կիզակետում,  քանզի հատկապես վերջիններս, որոնց վիճակված է կրել ազգային-ազատագրական պայքարով ձեռք բերված արժեքները, պետք է լավ տեղեկացված լինեն այդ իրադարձությունների մասին,  այդ տեղեկատվությունը  ստանալով ինչպես առաջին աղբյուրից` Շարժման առաջամարտիկներից, այնպես էլ  գիտական  վերլուծությունների ձևով:
ՙԱրցախյան շարժումը և ԼՂՀ հռչակումը՚ թեմայով զեկուցում կարդաց  համալսարանի դասախոս, դոցենտ, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Անուշավան Պողոսյանը: Բանախոսը պատմական էքսկուրս կատարեց մինչև Արցախի վաղնջական ժամանակները,  նրա միացումը Ռուսաստանին, այնուհետև  խորհրդային Ադրբեջանին բռնակցումը 1923թ: Նրա մեջ են եղել ինքնավար մարզի սահմանից դուրս թողնված այն տարածքները, որտեղ ավելի ուշ ստեղծվել են Շահումյանի, Քելբաջարի,  Լաչինի  վարչական շրջանները։ Դրանով իսկ ինքնավար մարզը զրկեցին Հայաստանի հետ ընդհանուր սահմանից, այն դարձնելով  անկլավային տարածք: Այնուհետև Ա. Պողոսյանը կանգ առավ Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության վրա, որի նպատակը Ղարաբաղը  հայաթափելն էր: Մասնավորապես բերվեց հետևյալ փաստը.   ԼՂԻՄ-ը Անդրկովկասի 8 վարչաքաղաքական տարածքային միավորումներից միակն էր, որի  արմատական բնակչությունը` հայերը,  1923-1988թթ. չէր աճում: Դրա հետագա զարգացումը չկանխելու դեպքում ԼՂ-ն կհայտնվեր հայաթափմնան վտանգի առջև և կկրկնվեր Նախիջևանի ճակատագիրը: Այս տխուր   հեռանկարն էր, որ Ղարաբաղի հայության մեջ մշտապես բարձր էր պահում Ադրբեջանի ճնշումից ազատվելու, սեփական կյանքը ինքնուրույն տնօրինելու բնական ձգտումը: Դժգոհ լինելով ղարաբաղյան հարցի անարդար լուծումից , Ադրբեջանի իշխանությունների խտրական,  հայակուլ քաղաքականությունից,   ԼՂԻՄ-ի բնակչությունը շարունակեց պայքարը մայր Հայաստանի  հետ միավորվելու համար: Բանախոսը կանգ առավ Շարժման  բոլոր կարևոր իրադարձությունների վրա:
Համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Ռոնա Բալայանի զեկուցման թեման էր ՙԿանայք Արցախյան գոյապայքարում՚: Հայոց պատմության հերոսական էջերից է Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որի տարեգրությունը հարուստ է հայ քաջորդիների և արիասիրտ դուստրերի սխրանքներով: Բանախոսը վկայակոչեց   հայ պատմիչների մագաղաթյա մատյաններում արձանագրած փաստերը, որոնք խոսում են մեր ժողովրդի պատմության վաղ շրջանում ազգի գոյատևման ճակատագրական պայքարում զավթիչների դեմ մարտնչած կանանց  հերոսությունների մասին, նաև որոնց շնորհիվ են պահպանվել մեր գիրն ու լեզուն, հավատը: Նրանց արժանի հետնորդները դարձան  Արցախյան ազատագրական պայքարին մասնակցած կանայք, որոնց սխրանքները նույնպես վեհացրել են մեր լեռնաշխարհի պատմությունը: 
Լրագրող Վարդգես Բաղրյանը, որի Շարժման մասին ստեղծած ֆիլմաշարը և գիրքը, Վ. Հակոբյանի գնահատմամբ,  աղբյուրագիտական նշանակություն ունի, ներկայացրեց  Ղարաբաղյան շարժման լուսաբանումը Արցախի հեռուստատեսությամբ: Նրա ծնունդը համընկավ  Արցախյան շարժման հետ և,  բնականաբար,  այն դարձավ  Շարժման և Ազատամարտի խոսափողը և գաղափարախոսը:  Բանախոսն առանց հուզմունքի չկարողացավ արտահայտվել  հեռուստատեսության այն նվիրյալների մասին, որոնց աշխատանքի շնորհիվ հաղորդումները հասցվում էին Հայաստան և նրա սահմաններից դուրս, որոնք պայքարում էին ոչ միայն տեսախցիկով, այլև կյանքի գնով: 
Համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Տաթև Սողոմոնյանը, դասախոսներ Ամալյա Գրիգորյանը, Անժելիկա Գրիգորյանը, Գեղանուշ Արզումանյանը  զեկուցումներ կարդացին ՙԱրցախի ազգային-ազատագրական պայքարի արտացոլումը Վարդան Հակոբյանի պոեզիայում՚, ՙԱրցախի ազգային-ազատագրական պայքարի արտացոլումը Զորի Բալայանի գեղարվեստական հրապարակախոսության մեջ՚, ՙԱրցախյան շարժումը` որպես համայն հայության ինքնագիտակցության զարթոնք՚, ՙԼՂՀ հիմնախնդրի միջազգայնացումը՚ թեմաներով: 
Միջոցառումը բարձր գնահատեց ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը` նշելով, որ համալսարանը շնորհակալ գործ է ձեռնարկել` Արցախյան շարժմանն անդրադառնալով գիտական մակարդակով` ընդգրկելով տարբեր բնագավառներ` պատմություն, քաղաքականության պատմություն, լրագրություն, հրապարակախոսություն, գրականագիտություն:
Կոնֆերանսն ամփոփեց ռեկտոր Վ. Հակոբյանը: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ