[ARM]     [RUS]     [ENG]

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ

DSC06106.jpgՄարտի 4-ին Ստեփանակերտի հ 7 դպրոցի մարզադահլիճում կայացավ 2013թ. հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի աղջիկների միջև վոլեյբոլի առաջնություն։ Այն անց է կացվել երկու տարիքային խմբերով՝ 1996-99թթ. և 2000թ. ծնված  ու փոքր տարիքի աղջիկների միջև։ Առաջնությանը մասնակցեցին մարզադպրոցի վոլեյբոլով պարապող մարզիկների բոլոր 5 թիմերը։ 
Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարեն Մելքումյանի խոսքերով՝ առաջնությունն անց է  կացվել  ուսումնական տարվա մարզական միջոցառումների ժամանակացույցի համաձայն։ 
Այն նպատակ ունի հանրապետությունում զարգացնել և զանգվածային դարձնել վոլեյբոլը, բարձրացնել մարզիկների մարզական վարպետությունը,  ի հայտ բերել լավագույներին։   Լավագույն խաղացողները մարտ ամսում կմասնակցեն ՀՀ աղջիկների վոլեյբոլի առաջնությանը, ինչպես նաև սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կայանալիք մրցաշարերին։ Կ. Մելքումյանը նշեց նաև, որ երկու շաբաթ առաջ կայացած ՀՀ փնջային առաջնությունում մեր մարզադպրոցի աղջիկների վոլեյբոլի թիմը զբաղեցրել է առաջին տեղը և պատրաստվում է մասնակցել Երևանում կայանալիք եզրափակիչ մրցումներին։ 
16-ամյա Իննա Զաքարյանը  5 տարի է, ինչ զբաղվում է վոլեյբոլով։ Նա պատրաստվում է ԼՂՀ աղջիկների հավաքական թիմի կազմում մարտի 24-ին մեկնել Երևան՝ մասնակցելու ՀՀ  առաջնությանը։ Մարզիչ Գայանե Մելքումյանը նշեց, որ անցած տարի Հայաստանի Հանրապետությունում կայացած 1998-99թթ. ծնված աղջիկների միջև վոլեյբոլի հանրապետական  բաց առաջնությանը Արցախի աղջիկների վոլեյբոլի հավաքական թիմը զբաղեցրեց առաջին տեղը։
Այս առաջնությունում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի պատվոգրերով. պարգևատրվեցին նաև երկու տարիքային խմբերի լավագույն խաղացողները։  
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ