[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԻՄՆ Է՚

Արցախում բազմաթիվ մշակութային օջախներ կան, որտեղ սերնդեսերունդ փոխանցվում և սերմանվում է հայկական ազգային երգն ու պարը, կերպարվեստն ու քանդակագործությունը: Նման մշակութային օջախներից է Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցը, որտեղ աշխատում են լավագույն մասնագետներ: Տողի արվեստի դպրոցում է աշխատում նաև քանոնի դասատու Երազ ՀԱՅՐԻՅԱՆԸ:
Երազի ընտանիքում թե՜ մայրը, թե՜ հայրը կապված էին երաժշտության հետ, շատ էին սիրում ժողովրդական երգերը: Սերը երաժշտության հանդեպ դստեր մեջ հենց մայրն է սերմանել: Երազի քանոնի առաջին դասատուն եղել է Արմինե Գրիգորյանը: Երբ առաջին անգամ նա տեսավ քանոնը, որը նրա համար անծանոթ մի գործիք էր, անմիջապես տարվեց և հետաքրքրվեց դրանով: 
Երազի հետ զրույցի ընթացքում մեզ հետաքրքրեց, թե քանոնահար լինելու համար ինչպիսի առանձնահատկություններ են պետք: Ըստ նրա` ամեն մի գործիքի պետք է մոտենալ յուրովի, քանի որ յուրաքանչուրն  ունի իր  յուրահատկությունները: Նաև նշեց, որ չկան հատուկ հմտություններ, ուղղակի պետք է սիրել այն ամենը, ինչով  զբաղվում ես, և այն գործիքը, որով նվագում ես: Պետք է ճիշտ վերաբերվել երաժշտական գործիքին և անցնել ճիշտ դպրոց: Երազ Ավանեսյանն այն բախտավորներից է, որ անցել է ճիշտ դպրոց և ունեցել հիանալի դասատուներ` ի դեմս Ջեմմա Մալյանի և Գոհար Միրզոյանի:
Երազը սկզբից աշխատել է Ասկերանի երաժշտական դպրոցում, հետո նաև ՙՍայաթ-Նովա՚ ազգագրական երգերի համույթում: Այնուհետև առաջարկեցին աշխատել Տողի արվեստի դպրոցում:  Թե՜ շրջապատը,  թե՜ գաղափարը նրան շատ դուր եկան, տնօրենի հետ ունեին շատ ընդհանրությունններ, որի համար էլ համատեղ աշխատանքը  հաճելի և արդյունավետ ստացվեց:  Երազի համար Տողի արվեստի դպրոցն ութ տարեկան մի երեխա է, որին, այսպես ասած, գաղափարակիցների հետ  մեկտեղ մեծացրել, ստեղծել և հասցրել են կայուն վիճակի: Ինչպես նա  է ասում, ՙայժմ ունենք լուսավոր, հարմարավետ, գեղեցիկ մի դպրոց, որի մասին երազել ենք տարիներով՚: 
Թողարկվել է արդեն երկու սերունդ, որոնք կրթությունը շարունակում են երաժշտական ուսումնարանում, դրան համատեղ աշխատում են համույթներում և  հարազատ կրթօջախում: Այն հարցին, թե ինչ զգացողություններ է ունենում, երբ իր աշակերտները նվաճում են որոշակի բարձունքներ, Երազն այսպես է պատասխանել. ՙԵս շատ ուրախ եմ և զգացողություններս էլ անբացատրելի են: Նոր տարվա գիշերն իմ աշակերտներից մեկը զանգահարեց ինձ: Դա այնքան  հուզումնալից էր: Այդ զանգն ինձ համար Ձմեռ պապիկի ամենամեծ նվերն էր։ Չնայած  աշակերտներիս մի մասն արդեն ավարտել են, բայց ես միշտ հետաքրքրվում եմ նրանց գործերով և պահում եմ կապը նրանց հետ: Նրանց հաջողությունը, հաղթանակը նաև իմն եմ համարում՚: 
Տարվա մեջ  դպրոցն ունենում է մի քանի համերգային շրջագայություններ, իսկ ամեն տարեվերջին՝ ամփոփիչ համերգներ Ղարաբաղի շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում: Այժմ նախապատրաստվում են մասնակցել պատանի երաժիշտների ՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ- փառատոնին:
 Վերջում  Երազն իր կոչն ու խորհուրդը հղեց գալիք սերունդներին. ՙՄենք  գալիք սերունդների մեջ պետք է սերմանենք ճիշտ և գրագետ երաժշտություն, և որ իրենց մեջ ձևավորեն երաժշտական բարձր ճաշակ՚:
 
Հասմիկ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԱրՊՀ լրագրության 4¬րդ կուրս