[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

DSC_8026_1.jpgՄարտի 6-ին Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության  պալատի  ճեմասրահում  բացվեց երիտասարդ նկարչուհի Արմինե Ավագիմյանի անհատական ցուցահանդեսը՝  նվիրված  գարնան տոնին։
Ցուցահանդեսին, որ նախաձեռնել  էին  պալատի  տնօրենությունը, ՙԳԱՄարտ՚  Արցախի նկարիչների միջազգային  միությունը, աղջիկը  ներկայացրել էր 50 գործ՝ բնանկարներ, դիմանկարներ, կոմպոզիցիաներ։ 
Ցուցադրությունը  հետաքրքիր էր  լուսավոր  տրամադրությամբ, սեր, գեղեցկություն  արտահայտող  գարնանային  գույներով, կյանքի որոշ երևույթների  խորհրդանշական   ընկալմամբ. ՙԵրեկո՚,  ՙՄեր գյուղը՚, ՙՄեր  բակը՚,  ՙԳարուն՚, ՙԱրևոտ օր՚, ՙԻրիկնամուտ՚,  ՙԳրկախառնություն՚,  ՙՀամբույր՚...
Ցուցահանդեսը բացեց  հեռուստալրագրող  Ծովինար Բարխուդարյանը, որը  ներկայացրեց   հեղինակին. 20 տարեկան է, ծնվել է Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի  9-ին, Ասկերանի շրջանի  Խնածախ գյուղում, սովորում է ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի  4-րդ կուրսում։ 
Երիտասարդ նկարչուհու  անդրանիկ  ցուցահանդեսի առթիվ ողջույնի խոսք ասացին   գեղանկարիչ, ՙԳյուրջյան՚  կիրառական ինստիտուտի  դասախոս Սամվել  Գաբրիելյանը,  ԼՂՀ ԳՄ նախագահ, բանաստեղծ  Վարդան Հակոբյանը։ Նշվեցին ուսանողուհու  բացառիկ աշխատասիրությունը, շնորհալիությունը, մտածողության  ուրույն կերպը։ Մոտեցումը  հետաքրքիր է, կա նյութի որոշակի  հաղթահարում։ Եթե  շատ գեղանկարիչների մոտ աշխարհը  ներկայացվում է լույսի ներքո,  ապա  Արմինեի մոտ լույսը  տարանջատվում է  իրերից, նյութից, ինչը  ստեղծում է  ձեռագրի  որոշակի  տարբերակում։  Ակադեմիական  շրջան անցնելը ապահովում է  պրոֆեսիոնալիզմը նաև հետագա  ընթացքի  մեջ։ Ակադեմիզմից անցումն ինքնուրույն  մտածողության, կյանքի ուրույն ընկալման  և  վերարտադրման,  ընթանում է ներդաշնակ։
Աղջիկը փորձում է  նյութի ձևախախտումները ներկայացնել  հիմնավորված։ Նրա  ոճին հատուկ են  դեկորայնությունը,  պայմանականությունը։ 
ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի  ռեկտոր Յուրի  Հովհաննիսյանը  Արմինեի մոտ նշեց նվիրվածությունը  ընտրած  մասնագիտությանը, որը ապահովել  է այն առաջնթացը, որ առկա է ցուցահանդեսում։ Ինստիտուտի տնօրենությունը  հաճելի անակնկալ  էր պատրաստել  երիտասարդ նկարչուհու  համար՝ նրան  ներկայացնելով  գերազանցիկության  թոշակի։ 
ՙՆկարը ծնվում է իմ  զգայարաններում,- ասաց Արմինեն,- ապա  վերարտադրվում է կտավի վրա՚։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ