[ARM]     [RUS]     [ENG]

ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՆ Է

Untitled-1_1.jpgԳայանե Մուսայելյանն այն մանկավարժներից է, ում համար դպրոցը  սիրելի է ու հարազատ։ Շուրջ երեք տասնամյակ է՝ ինչ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ ու չի զղջում ընտրած մասնագիտության համար։ Աշխատում է Երևանի Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում և պատմություն առարկայի միջոցով իր սաներին հայրենասիրություն է ներարկում։ 
Սիրում է իր մասնագիտությունը, երբեք չի բավարարվում ձեռք բերածով և ձգտում է ավելին իմանալ ու նոր գիտելիքներ հաղորդել  ապագա սերնդին։ Նրա խոսքերով՝ լավ մասնագետը պետք է սովորի ամբողջ կյանքում։ Դպրոցն ավարտելուց հետո էլ նրա աշակերտները չեն մոռանում ուսուցչուհուն. այցելում են, տեսակցում, նաև՝ խորհուրդներ հարցնում... Տիկին Գայանեն մարդու մեջ գնահատում է ազնվությունն ու անկեղծությունը։ Հաճելի զրուցակից է։ Կյանքի, ընտանիքի, հայրենիքի եւ շատ այլ բաների մասին նրա խորհրդածություններն ինքնատիպ են, ուսուցանող, և հաճախ զարմանք են պատճառում դիմացինին։ 
Գ. Մուսայելյանի հետ ստորեւ ներկայացվող զրույցը Կանանց միջազգային  օրվա առիթով է և մասնավորապես գեղեցիկ սեռի ներկայացուցչների առօրյա խնդիրներին ու մայրության թեմային է առնչվում։
-Տիկին Մուսայելյան, ընդունեք  շնորհավորանքներս Մարտի 8-ի առթիվ։ Ձեր կարծիքով ո՞րն է կնոջ կոչումը։
- Մայրությունն այն հիմնական կոչումն է, որ բնությունը շնորհել է կնոջը։ Իսկական մայրը հանուն իր երեխայի ընդունակ է ամեն ինչի, նաեւ՝ անձնազոհության։ Ցավոք, մեր օրերում նկատելիորեն ավելացել է, այսպես կոչված, ՙողջ մայրերի առկայությամբ որբերի՚ թիվը... Իսկական մայրը պետք է պատասախանատվություն կրի իր երեխաների հանդեպ,  նրանց տա  մայրական սերը, գուրգուրանքը։ Կենցաղային պայմաններից բացի՝ երեխային հարկավոր է հոգեկան հենարան, նա կարիք ունի սիրող ծնողների քնքշության և ջերմության։ Եվ որքան էլ նյութապես ապահով լինի երեխան, այնուամենայնիվ, ծնողների (թեկուզեւ նրանցից մեկի) հետ բնական կապերից զրկված երեխաների հոգևոր զարգացումը չի կարող կատարյալ լինել։ Մինչդեռ յուրաքանչյուր երեխա երջանիկ մանկության իրավունք ունի, իսկ այդ երջանկության հիմքը երեխայի կյանքի առաջին իսկ օրից դնում են ծնողները։ Ուստի և գլխավորապես  նրանցից է կախված երեխայի ճակատագիրը։ 
- Դարեր ի վեր հայ կինը եղել է ՙկախյալ՚. տան տղամարդու խոսքն է եղել վճռորոշ և վերջնական՝ նույնիսկ կնոջը, երեխաներին վերաբերող հարցերում, ինչը չես  ասի այսօր։ Ներկայումս շատ կանայք դարձել են անհատ ձեռներեցներ, զբաղվում են բիզնեսով։ Նաև՝ ունենք կին պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Ինչպե՞ս եք նայում այս երևույթին։
- Ինձ թվում է՝ երկրի, պետության քաղաքակրթության զարգացման աստիճանը որոշվում է  գեղեցիկ սեռի՝ կանանց նկատմամբ վերաբերմունքով։  Փառք Աստծո, մեր կանանցից շատերն այսօր դարձել են գործարար, ոչ ոք նրանց առջեւ պատնեշներ չի ստեղծում կենցաղային, սոցիալական թե քաղաքական ոլորտներում։ Իհարկե, կնոջ համար պաշտոնը որոշակի բեռ է։ Կին ասելով առաջին հերթին հասկանում ենք մայր, տանտիկին։ Չնայած պաշտոն չեմ ունեցել երբևէ, բայց, կարծում եմ, համատեղելը դժվար է։ Խոհանոցի, երեխաների դաստիարակության համար ժամանակ, անշուշտ, քիչ է լինում։ 
- Իսկ երբ հարկ է լինում զոհաբերել երկուսից մե՞կը...
- Եթե նկատի ունեք ընտանիքը՝ հանուն պաշտոնի, դա ես չեմ ընդունում։ Ընտանիքն ամեն ինչից վեր է։ Եվ շատ կարևոր է, որ պաշտոնյա կինն էլ լինի լավ մայր, դա նույնիսկ կօգնի աշխատանքին՝ մարդկային մի շարք առումներով։     
- Ի՞նչ է երջանկությունը։ Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք։
- Ընդհանուր բանաձեւ չկա։ Իմ պատկերացմամբ՝ կնոջ համար երջանկությունը լավ ընտանիք, առողջ երեխաներ ունենալն է։ Շատ կարևոր են փոխըմբռնումը, փոխադարձ հարգանքն ու սերը։ Մնացածը հնարավոր է ձեռք բերել։ Ես ինձ, այո, երջանիկ եմ համարում։ 
- Հասե՞լ եք նրան, ինչին ձգտել եք մանկուց, թե՞ ինչ-որ տեղ դեռ անկատար իղձեր կան։ 
- Մանկուց ձգտել եմ լավ մանկավարժ դառնալ և, ըստ իս, դա ինձ հաջողվել է։ Մարդկային ձգտումն անսպառ է, հորիզոն չի ճանաչում։
- Տոնի կապակցությամբ ի՞նչ կցանկանայիք մաղթել Արցախի կանանց և, ինչո՞ւ չէ, նաև՝ տղամարդկանց։ 
- Կանանց՝ սեր եւ երջանկություն, քանզի դեպի երջանկություն տանող արահետը սիրո միջով է անցնում։ Իսկ տղամարդկանց կասեի՝ սիրելի տղամարդիկ, որքան էլ զբաղված լինեք ու մտահոգ, տարված անհետաձգելի գործերով, հիշեք, որ ասպետ պետք է լինել կնոջ կողքին, որը, չնայած իր փխրուն էությանը, ձեզ հետ հավասար կրում է կյանքի բեռը... Ու եթե նա ձեզ սիրում է, որքան էլ այդ բեռը ծանր ու դաժան լինի՝ կդիմանա և անգա՛մ  կօգնի ձեզ... Մարտի 8-ն է, թե Ապրիլի 7-ը, սուրբ Վալենտինի՝ թե սովորական օրեր, մի՜ զլացեք նրան ջերմացնել ձեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով։ Հավատացեք, որ այդ դեպքում նա իրեն միշտ սիրված ու պաշտպանված կզգա, ուրեմն և՝ ուժեղ։ Կուզենայի, որ մեզնից յուրաքանչյուրն իրեն տրվածի սահմաններում ամեն օր ձգտի երջանկության մի հյուլե, բարության մի լումա մատուցել իր սրտին մոտ մորը, իր մերձավորաց։ Այդ դեպքում նրանց համար տոնական կլինեն բոլոր օրերը։ Հիշենք Աստվածաշնչում գրվածը. ՙՔանի դեռ ժամանակ կա, բարին գործենք բոլորի հանդեպ՚։
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ