[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ Է ԳԵՂԵՑԻԿ

Gohar.jpgԳարունը, գեղեցկությունը միշտ ուղեկցում են  կանանց,  և, ըստ էության, դա է պատճառը, որ խորհրդային ժամանակներից մեզ հասած մարտիության տոնն այդքան կենսունակ է ու  սիրելի: Շատերը նույնիսկ  մոռացել են տոնի սկզբնական խորհուրդը, որը կապված էր կանանց ազատագրման, տղամարդկանց  հավասար իրավունքներ ունենալու  պայքարի հետ: Գեղեցկության  տոնի առթիվ զրույցի հրավիրեցինք Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տնօրեն Գոհար ՄԻՐԶՈՅԱՆԻՆ:
- Ինչքան գիտենք, Դուք տեղափոխվել եք Ստեփանակերտ Երևանից: Ի՞նչն էր դրդապատճառը:
- Մենք արմատներով Արցախից ենք, և կապը մեր հայրենի գյուղի հետ երբեք չենք խզել. բոլոր արձակուրդներին մենք այցելում էինք Արցախ: Շարժումը, իհարկե, խաղաց իր դերը, սակայն՝ ոչ գլխավոր: Երբ 1995թ. ավարտեցի 8-րդ դասարանը, տեղափոխվեցի Ստեփանակերտ, քանի որ ծնողներս արդեն բնակություն էին հաստատել այնտեղ: Ընդունվեցի  Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումարանի քանոնի բաժին, ավարտելուց հետո շարունակեցի ուսումս Երևանի պետական կոնսերվատորիայում` դասատու Անժելա Աթաբեկյանի մոտ: Երրորդ կուրսից ինձ հնարավորություն տրվեց համատեղել ուսումը աշխատանքի հետ, քանի որ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանում այդ ժամանակ քանոնի դասատու  չկար: Կոնսերվատորիան ավարտելուց հետո շարունակեցի սովորել ասպիրանտուրայում` մասնագիտանալով նաև որպես ժողգործիքների դիրիժոր: 2009 թվականին նշանակվեցի   Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն: Դրա հետ մեկտեղ շարունակեցի դասավանդումը երաժշտական քոլեջում, հանդես էի  գալիս որպես մենակատար, մասնակցում Արցախի պետական կամերային նվագախմբի համերգներին:  2010թ. ՙԲեյրութում Արցախի օրերի՚  շրջանակներում մասնակցել եմ համերգներին որպես մենակատար:
- Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակության մեջ  կանանց դերի բարձրացմանը:
- Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ես չեմ էլ կարողանում պատկերացնել, որ կինը ինչ¬որ ժամանակ ինքնաիրացման հնարավորություն չուներ։ Սակայն չպետք է մոռանալ  ի վերուստ  կնոջը հատկացված  Աստվածային դերի մասին: Այսօր մի շարք հայտնի պատճառներով աշխատատեղերի պակաս կա, մասնագիտությամբ աշխատելու հնարավորություններն էլ սահմանափակ են, ինչը անբավարարության զգացում է առաջացնում հատկապես տղամարդկանց մոտ: Մյուս կողմից՝ կինն  իր էությամբ լինելով ավելի կենսունակ, հեշտ է հարմարվում ստեղծված իրավիճակին: Ցավոք, հետպատերազմյան տարիներին ստեղծվել էր իրավիճակ, երբ ընտանիքի գրեթե բոլոր հոգսերը  կնոջ վրա էին, ինչն էլ նպաստեց, որ կինը որոշիչ դեր  խաղա ընտանիքում: Տղամարդիկ փոքր-ինչ զիջեցին իրենց իշխող դերը, որոշ կանայք օգտվեցին այդ իրավիճակից, արդյունքում սկսեցին շատանալ ամուսնալուծությունները, նկատվեց բարոյականության անկում, ինչը չէր կարող բացասաբար չանդրադառնալ սերունդների վրա: Սակայն խելացի կինը շարունակում էր պահպանել հայկական օջախի  ավանդույթները, և նման մթնոլորտը նպաստում էր, որպեսզի տղամարդը արագ վերագտնի իրեն: Պետք է նայել հեռուն, պահպանել օջախը։
- Տեղեկացված ենք երաժշտական դպրոցի խնդիրներին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
- Այսօրվա դրությամբ երաժշտական դպրոցը չունի  շենքային պատշաճ  պայմաններ (2011թ. ամռանը շենքը հրդեհվեց): Եթե մինչև 2012թ. վերջը պարապում էինք երաժշտական քոլեջում, մասամբ էլ`  շենքի հրդեհից չվնասված մասում, ապա 2013-ից, երբ սկսվեց քոլեջի շենքի վերանորոգումը, ստիպված ենք պարապմունքներն անցկացնել տարբեր տեղերում: Դաշնամուրային բաժնի դասերն անցկացվում են  Մշակույթի և երիտասարդության պալատի երրորդ հարկում, մնացած բաժիններինը` 7-րդ դպրոցում, օրվա երկրորդ կեսին: Տնօրենությանն էլ՝ աշխատակազմի հետ, տրամադրվել է մեկ սենյակ քաղաքապետարանին պատկանող  շենքում: Չնայած ստեղծված իրավիճակին, դպրոցի սաները շարունակում են մասնակցել տարբեր մրցույթների և գրավել մրցանակային տեղեր:
Հուսով եմ` իշխանությունները կկատարեն իրենց խոստումը, և նոր ուսումնական տարվա նախօրեին մեզ կտրամադրեն նորակառույց շենքը (3-րդ դպրոցի հարևանությամբ)։ 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ