[ARM]     [RUS]     [ENG]

ԶԳԱԼ ԱՂՈԹՔԻ ՊԱՀԸ

Untitled-1_2.jpgՕրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում Արցախի պետական կամերային նվագախումբը` մաեստրո Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, տվեց հերթական համերգը։ Այն յուրահատուկ ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա: Այս անգամ համերգն ամբողջությաբ նվիրված էր Տիրամոր` Սուրբ Մարիամի փառաբանությանը: Երևանից հրավիրված՝  ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սարգիս Նաջարյանը, երգչուհի Իրինա Զաքյանը նվագախմբի հետ նիասին դահլիճում ստեղծեցին մի անկրկնելի ներդաշնակություն, որը երկար կհիշեն մայրաքաղաքի երաժշտասերները:
Համերգի ծրագրում հնչեցին աշխարհահռչակ կոմպոզիտորներ Վերդիի, Լուցցիի, Տոստիի, Ֆրանկի, Շուբերտի, Շնորհալու, Փահլավունու, Բախ-Գունոյի ՙԱվե Մարիա՚ (Ողջույն Մարիա) լավագույն երգերը, որոնց մեջ հեղինակները, ինչպես հատկանշում է Ս. Նաջարյանը, առանձնակի հոգևոր ուժով խորհրդապաշտեցին Սուրբ Մարիամ Աստվածածնի մաքրամաքուր ու անձնանվեր կերպարը: Տիրամոր սուրբ կերպարին իրենց բանաստեղծական ու երաժշտական տաղանդով անդրադարձել են նաև հայ միջնադարյան մեծերը` Մ. Մաշտոց, Ս. Պարթև, Մ. Խորենացի, Ա. Շիրակացի, Հ. Օձնեցի, Գ. Նարեկացի, Ն. Շնորհալի, Ս. Սյունեցի և այլ նվիրյալներ, նշեց ասմունքողը:
Տիրամորը փառաբանող լավագույն բանաստեղծություններն ու երգերը հերթափոխեցին իրար` հնչելով որպես մի ամբողջական աղոթք առ Աստվածամայր, առ Աստված: Ունկնդիրն էլ այնքան տոգորվեց այդ մթնոլորտով, որ ծափահարություններով չընդհատեց ծրագրի ոչ մի համար, և միայն համերգի վերջում հոտնկայս երկարատև ծափահարություններով հարգանքի տուրք մատուցեց արտիստներին` դրանով իսկ միանալով Տիրամորը փառաբանող աղոթքին: Այդ վեհ զգացումն իջել էր մարդկանց հոգիների վրա, և նրանք՝ աղոթքով մաքրված ու խաղաղված, հեռացան դահլիճից:
Համերգից հետո մեր խնդրանքով իրենց տպավորություններով կիսվեցին ծրագրի մտահղացողները:
Գևորգ ՄՈՒՐԱԴՅԱՆ - Անչափ ուրախ եմ, որ ունենք մշտական ունկնդիրներ, ովքեր պահանջ ունեն դասական և հոգևոր երաժշտության: Ուրախ եմ, որ նման հանդիսատեսի ձևավորմանը մասնակից է նաև իմ ղեկավարած նվագախումբը: Երախտապարտ եմ այն արտիստներին, ովքեր ընդունում իմ հրավերները: Ես կշարունակեմ նոր մտահղացումներով անակնկալներ մատուցել մեր սիրելի հանդիսատեսին:
Սարգիս ՆԱՋԱՐՅԱՆ - Քրիստոնյա Վերածննդի դարաշրջանում Տիրամոր վեհ կերպարին էին անդրադառնում գրեթե բոլոր օժտվածները: Տիրամորը նվիրված երգերն ու շարականներն ազգային ու համամարդկային երաժշտամշակութային գանձարանը հարստացրին մի շարք կոթողային գործերով: Հայ Առաքելական Եկեղեցին էլ սրբագործեց հայ օջախը պահպանող մոր կերպարը, որին հաճախ էին անդրադառնում նաև հայ գեղանկարիչները: Այսօր էլ ստեղծվում, կատարվում են նոր հետաքրքիր ստեղծագործություններ ՙԱվե Մարիա՚, ՙՄարիամ՚ ընդհանուր խորագրի ներքո: Մենք էլ մեր ուժերի չափով հանդիսատեսին ենք հաղորդում վեհ զգացումներով ներշնչված այդ ստեղծագործությունները: Վլադիմիր Աբաջյանի հետ հաճախ ենք կազմակերպում նմանատիպ համերգներ, որին միանում են ականավոր երաժիշտներ, այդ թվում մաեստրո Մուրադյանը: Գարնանատոնը լավ առիթ էր Արցախում տարածելու այդ ավանդույթը:
Իրինա ԶԱՔՅԱՆ - Միշտ մեծ սիրով եմ ընդունում մաեստրո Մուրադյանի հրավերները: Այս անգամ էլ, երբ իմացա, որ պետք է երգեմ ՙԱվե Մարիա՚ շարքից, անչափ ոգեշնչվեցի: Մինչ Ստեփանակերտ  այցելելը երգեհոնի նվագակցությամբ համերգով ներկայացա երևանյան հանդիսատեսին: Նման համերգներից մեծ լիցք եմ ստանում:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ