[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՎԵՐԱՆՈՒՄ…

 Արվեստը մի յուրահատուկ լեզու է, որը շրջապատի համար մատչելի է դարձնում մարդու ներքին ապրումները: Նրա  միջոցով է մարդն արտահայտում իր պարզությունը, անկեղծությունն ու ապրումները: Արվեստը մարդու կյանքում միշտ մեծ դեր է ունեցել…

Այսօր ցավով ենք նշում, որ մատաղ սերունդն անտարբերության է մատնում ժողովրդական գործիքները, նախընտրելով օտար մշակութային արժեքներ: Այս և այլ խնդիրների շուրջ ընթացավ մեր զրույցը Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանի հետ:
Նախ՝ խոսելով արվեստի դպրոցի վերջին տարիներին ունեցած ձեռքբերումների մասին, նա նշեց, որ արվեստի դպրոցն իր ամբողջ գործունեության ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ հաղթանակներ, լինի դա մեր հանրապետությունում, թե հանրապետությունից դուրս: Մոսկովյան ՙԿՑՍՐօՑՈÿ ժՉՐՏտՈ՚ միջազգային մրցույթ-փառատոնին  պարարվեստի աշակերտները գրավել են առաջին  տեղը: Երևանում կայացած ՙԵրգող Հայաստան՚ մրցույթում երգչախումբը գրավել է 3-րդ տեղը: ՙԱմադեուս 2012՚ մրցույթում պարարվեստի աշակերտները գրավել են 2-րդ տեղը: Եվ սա նվաճումների դեռ ամբողջական ցուցակը չէ:
Սակայն դպրոցի տնօրենը ցավով է նշում, որ այսօր արվեստի դպրոցի ժողգործիքների բաժնում, իրոք, նկատվում է աշակերտների պակաս: Մինչև 2012-13 ուսումնական տարի դպրոցում ժողգործիքների բաժինը, այսպես ասած, կիսատ-պռատ էր գործում: 2012-13 ուսումնական տարում նորից բացվել են քանոնի, իսկ առաջին անգամ` դուդուկի բաժին դասարաններ: Ճիշտ է, աշակերտների քանակը դեռ քիչ է, ափսոսում է նա, բայց տնօրենությունը հուսով է, որ դեռ կգտնվեն ավելի շատ աշակերտներ, ովքեր ցանկություն կհայտնեն սովորել այդ բաժնում: Է. Լալայանի խոսքերով՝ այդ դասարաններում աշակերտների պակասը կապված է նրա հետ, որ շատերը ուզում են սովորել երգել ու պարել: Այնինչ, դեռ վաղ ժամանակից ծնողը պետք է ժողգործիքների հանդեպ սեր արթնացնի երեխայի մեջ:
Արվեստի դպրոցը գործիքներով հիմնականում բավարարված է, բայց կան աշակերտներ, որոնք ունեն իրենց անհատականը՝ կլարնետ, դուդուկ, ջութակ, սաքսաֆոն: Ինչ վերաբերում է մասնագետների ապահովվածությանը, Է. Լալայանը նշեց, որ դպրոցն ունի համապատասխան բոլոր մասնագետները` պարապմունքները լիարժեք կազմակերպելու համար:
Քանի որ արվեստի դպրոցում նոր է ժողգործիքների բաժինը, դպրոցի տնօրենը դժվարանում էր պատասխանել աշակերտների առաջադիմության մասին հարցին: Բայց հույս հայտնեց, որ այն տարիների ընթացքում բարձր կլինի:
Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցում հաճախակի են անցկացվում համերգներ՝ նվիրված որևէ կոմպոզիտորի ծննդյան օրվան, ինչպես նաև զանազան տոներին: Այդ համերգներում նաև հանդես են գալիս ժողգործիքների բաժնի աշակերտները: Իսկ տարեվերջին նախատեսվում են համերգներ  հանրակրթական դպրոցներում, ինչը հնարավորություն է տալիս աշակերտներին` ճանաչելու ժողգործիքները, նաև սեր ու ցանկություն է առաջացնում` սովորելու և տիրապետելու դրանք: