[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱՎԻՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

150301.jpgԱրցախի պետական համալսարանի այս տարվա մասնագիտությունների ցանկում ավելացել է նոր, գրավիչ անունով  մասնագիտություն` կենսաբժշկական ճարտարագիտություն: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, որքանո՞վ է պահանջված.   այս հարցերի շուրջ հարզազրույց ունեցանք ԱրՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ: 
-Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ` կենսաբժշկական ճարտարագիտություն: Ի՞նչն է դրդել Ձեզ ձեռնամուխ լինելու ըստ էության միջառարկայական ուսուցողական ծրագրի ներմուծմանը:
- Ժամանակակից բժշկությունն ունի բարձրտեխնոլոգիական բնույթ: Բարդ տեխնիկայի ի հայտ գալը և նրա բանիմաց օգտագործումը պահանջում են մասնագետների նոր սերնդի պատրաստում: Այդտեսակ մասնագետների պահանջարկն ամբողջ աշխարհում շատ բարձր է, և նոր սարքերի ի հայտ գալուն զուգընթաց` տարեցտարի աճում է: Օրինակ` ՌԴ-ում այդպիսի մասնագետների պահանջարկը տասն անգամ գերազանցում է առկա մասնագետների քանակը, և դա այն դեպքում, երբ արդեն շուրջ 20 տարի է, ինչ դաշնային կարգավիճակ ունեցող համալսարաններում բացվել են համապատասխան բաժիններ: Սպասվում է, որ սարքավորումների արդիականացումից հետո այդ թիվը կաճի մինչև 30 անգամ:
Մենք թևակոխել ենք մի այնպիսի դարաշրջան, որում զարգացումը կրում է արագընթաց բնույթ: Ճանաչության գոյություն ունեցող կարծրատիպերն ընդունակ չեն ընկալելու նոր և հաճախ անսպասելի գաղափարները: Օրինակ՝ դա պարզ դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների պարագայում։ Ժամանակն է գիտակցելու այդ իրողությունը նաև մարդու մասին գիտությունների ոլորտում:
Ակնհայտ է, որ բժշկական համակարգը զարգանում է շնորհիվ տեխնոլոգիաների: Ստեփանակերտում կառուցվում է նոր, ժամանակակից պայմաններով հիվանդանոց, որտեղ հարկավոր են ոչ միայն բժիշկներ, այլև տեխնոլոգիաները, սարքավորումներն սպասարկող մասնագետներ: Խնդիրը միայն համապատասխան բժշկի առկայությունը չէ, այլև նոր տեխնոլոգիաներից օգտվել կարողանալը: Բժշկի հետ, նրան զուգահեռ պետք է աշխատի մասնագետ, որն սպասարկի սարքավորումները և այդ սարքավորումներից ստացված ինֆորմացիան փոխանցի բժշկին. իսկ դա կօգնի նրան ճիշտ ախտորոշելու և ճիշտ բուժում իրականացնելու: 
- Ավելի կոնկրետ ներկայացրեք, խնդրեմ, մասնագիտական գործունեության քննարկվող ոլորտը:
- Կենսաբժշկական ճարտարագիտությունն ընդգրկում է գիտական գիտելիքների և տեխնիկայի մի այնպիսի ոլորտ, որը պարունակում է մարդկային գործունեության միջոցների, մեթոդների և եղանակների համախմբություն` ուղղված հետևյալ խնդիրների լուծմանը.  
- մասնակցություն ախտորոշական հետազոտությունների և բուժական գործընթացների կազմակերպմանն ու անցկացմանը` օգտագործելով գործիքային և սարքավորումածրագրային միջոցները. 
- տիպային բժշկական սարքավորումների, ապարատների, համակարգերի և համալիրների, ինչպես նաև բժշկական լաբորատորիաների տեխնիկական միջոցների շահագործում.
- կենսաբժշկական տեղեկատվության մշակում, բժշկական տվյալների հենքերի ստեղծում ու շահագործում, ախտորոշման և բուժական գործընթացների տեղեկատվական աջակցման ծրագրերի ժամանակակից փաթեթների օգտագործում:
- Իսկ ինչո՞ւ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, ավելի կոնկրետ` ֆիզիկայի ամբիոնի հենքի վրա է որոշվել կազմակերպել կենսաբժշկական ճարտարագիտության մասնագետների պատրաստումը: 
- Գաղտնիք չէ, որ դարեր շարունակ բժիշկների մեծամասնության համար բժշկությունը հեռու էր  կանգնած ճշգրիտ գիտություններից և զարգանում էր իր ներքին տրամաբանությամբ: Լայնորեն ընդունվածից տարբերվող՝ տրամաբանական կապերի առկայությունը բժշկությունը դարձրել է մի արվեստ, որին տիրապետելն անհնար էր առանց բուժման արհեստի լիակատար իմացության: Հարկ է, սակայն, նշել, որ բժիշկների մի մասն աշխատում էր և կատարել է խոշոր հայտնագործություններ նաև ճշգրիտ գիտությունների ոլորտում: Այսպես, միլանցի բժիշկ Դ. Կարդանոն դարձավ խորանարդ հավասարումների լուծման, ինչպես նաև կարդանային փոխանցման հեղինակ: Մեկ այլ բժիշկ` Ժ. Պուազեյլը, լուծեց գլանային խողովակով մածուցիկ հեղուկի հոսքի հայտնի խնդիրը: Ջերմադինամիկայի 1-ին սկզբունքի հայտնագործության հեղինակ դարձավ նավատորմի բժիշկ Յու.Մայերը, իսկ Գ. Հելմհոլցին մենք պարտական ենք ջերմադինամիկական պոտենցիալների ներմուծման, արյան ճնշման չափման մեթոդների հայտնագործության և շատ այլ աշխատանքների համար:
- Ի՞նչ կարող եք ասել ֆիզիկամաթեմատիկական կրթություն ունեցող գիտնականների ունեցած ներդրման մասին բժշկության մեջ:
- Մեզ քաջ ծանոթ են ճարտարագիտաֆիզիկական կրթություն ունեցող այն գիտնականների անունները, որոնք բժշկության մեջ առաջինն էին: Օրինակ` Կուրգան քաղաքի վնասվածքաբանության ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Գ. Իլիզարովն ունեցել է հենքային ճարտարագիտական կրթություն, աչքի միկրովիրաբուժության միջճուղային կենտրոնի հիմնադիր,  ակադեմիկոս Ս. Ֆյոդորովն ուներ հենքային ֆիզիկամաթեմատիկական կրթություն, սրտաբան-վիրաբույժ, ակադեմիկոս Ն. Ամոսովն ավարտել է ինդուստրիալ ինստիտուտը: Որպեսզի ավելի լիարժեք բնութագրենք ֆիզիկոս գիտնականների ավանդական հետաքրքրությունը կենսաբանության և բժշկության հանդեպ, նշենք, օրինակ, նրանց մասնակցությունը դիէլեկտրիկ ալիքատարների ստեղծման գործում, որոնք ծառայում են լազերային էներգիան դեպի մարմնի այս կամ այն օրգան փոխանցելու համար:
- Ըստ այդմ, ի՞նչ խնդիրներ եք առաջադրում և ի՞նչ լուծումներ եք ակնկալում:
- Ցանկացած սկզբունքորեն նոր նախագծում անհրաժեշտ է լուծել մի քանի խնդիրներ` առանց որևէ ուտոպիական սպասումների ձևակերպել վերջնական խնդիրը, ելնելով առկա միջոցներից` որոշել նպատակին հասնելոււ ճանապարհներն ու եղանակները:
Վերջնական նպատակն է երկու կրթական դպրոցների միացումը և այնպիսի մասնագետների թողարկումը, որոնք, ընդհանուր ֆիզիկամաթեմատիկական, ճարտարագիտական պատրաստությունից բացի, կտիրապետեն նաև հատուկ գիտելիքների, օրինակ, բժշկության մեջ տոմոգրաֆիայի մեթոդներին, լազերային ճարտարագիտությանը:
Ակնհայտ է, որ ոչ մի բուհ նման խնդիր միայնակ լուծել չի կարող, մանավանդ նոր ուսումնական պլանի ներդրման փուլում: Այսպես, մտավոր ներուժի և նյութատեխնիկական իմաստով ՌԴ առավել հարուստ ազգային միջուկային հետազոտական համալսարանը (ԾԼՂԼ) փորձուսուցման համար օգտվում է Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնի, ինչպես նաև Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի ծառայություններից:
Մեր դեպքում, բարեբախտաբար, Ստեփանակերտում ավարտին է մոտենում բժշկական կենտրոնի շինարարությունը, որն ապահովված կլինի բարձրտեխնոլոգիական բնույթի տեխնիկայով, և այդպիսի սարքավորումների վրա աշխատող մասնագետների պահանջարկը կտրուկ կաճի:
- Եվ վերջապես, որտե՞ղ կարող են աշխատել այդ մասնագիտությամբ շրջանավարտները։ 
- Նրանց համար աշխատանքի լայն ասպարեզ կա հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ֆիզիոթերապիական, բուժական-առողջարանային, տրենաժորային, վերականգնողական կենտրոններում, ֆիտնես-ակումբներում և այլուր: 
- Խոստովանենք, որ այսօր մեր ինժեներներն աշխատանքի մեծ ասպարեզ չունեն, ինչպես նախկինում, բացառությամբ էլեկտրաէներգետիկայի, հիդրոշինարարության, հանքարդյունաբերության և էլի մի քանի ոլորտների: Փաստորեն այս նոր մասնագիտությամբ նրանց համար նոր ասպարեզ է բացվում: 
- Ես միշտ մտածել եմ` ինչպե՞ս մեր ուսանողներին բերել դեպի նոր տեխնոլոգիաներ։ Եվ գտա մի ոլորտ` բժշկությունը: Մայրաքաղաքում նոր հիվանդանոց են կառուցում, որը կհագեցվի  ժամանակակից սարքավորումներով: Անհրաժեշտ կլինեն դրանք սպասարկող մասնագետներ: Բացի այդ, մասնագիտությունն առնչվում է կենսամիջավայրին, ընդհանրապես կենդանի միջավայրին (բիո): Իսկ դա նաև գյուղատնտեսությունն է: Այսինքն` կարող է նպաստել նաև գյուղատնտեսության զարգացմանը։ Օրինակ` լազերային ճառագայթի ազդեցությունը սերմերի աճի ընթացքի վրա: Այսինքն` մենք ուզում ենք պատրաստել մասնագետներ, որոնց պահանջարկն այս պահին կա: 
- Իսկ համալսարանն ունի՞ համապատասխան ներուժ` նման մասնագետներ պատրաստելու համար: 
- Մենք հաշվել ենք, 80 տոկոսով ապահովված ենք մասնագետներով։ Գործնական պարապմունքներն անմիջապես կանցկացվեն բժշկական կենտրոնում, իսկ տեսական մասով մասնագետներ ունենք, քանզի ամբողջն էլեկտրոնիկա է և ֆիզիկա: 
- Հայաստանում կա՞ այդ մասնագիտությունը: 
- Պոլիտեխնիկում տասը տարի է, ինչ գործում է և մեծ պահանջարկ ունի:  
- Փաստորեն նորից գրավիչ է դառնում ինժեներական մասնագիտությունը` գործունեության նոր  ասպարեզի բացումով:  
- Եթե մեր ազգը չունենար ընդհանուր ինժեներական պատրաստություն, Արցախյան պատերազմում դժվար կլիներ հաղթելը. չեղած տեղից մի բան էին սարքում, որը դառնում էր զենք: Առանց ռազմական կրթություն ունենալու մեր հրամանատարները հակաօդային, հրետանային և այլ ասպարեզներում ճիշտ հաշվարկներ էին կատարում, որն օգնում էր հաղթանակներ կռել մարդկային և զինտեխնիկայի ավելի նվազ միջոցներով: Դա որտեղի՞ց էր գալիս` մեր կրթվածությունից, ինժեներական մտածողությունից: 
- Պարոն Ալեքսանյան, քանի առիթը կա, հարցնեմ նաև` ինչպե՞ս եք գնահատում ֆիզմաթ ֆակուլտետի ներկա մակարդակը: 
- Ուրախությամբ ասեմ, որ անցած տարի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Խաչատրյանը և ես պատրաստել ենք մաթեմատիկայի և ֆիզիկայի գծով գիտությունների երկու թեկնածու: Նոր եկած ուսանողներն էլ, չնայած 4 հոգի են, նույնպես լավ մակարդակ ունեն, գոհ եմ, բնական խելքով օժտված երիտասարդներ են, ուղղակի հաճույք եմ ստանում նրանց հետ աշխատելուց: Կարող եմ ասել`  արցախցու տաղանդավոր գենը վերածնվում է: Դասավանդումը կատարվում է ամենաժամանակակից մեթոդներով: Երկու գրատախտակ ունենք` էլեկտրոնային  պրոյեկտորով, մյուսը` բացատրական (կավիճով): Դասախոսությունը կարդում ենք, ուսանողները միայն լսում են, հաղորդակցվում դասախոսների հետ (ընդհանրապես, նորմալ համալսարանում դասախոսություն չեն գրում, դա անախրոնիզմ է, այն մտցված է  համակարգիչ)։ Մնում է լաբորատոր աշխատանքները դնենք բավարար հիմքերի վրա։ Մի խոսքով, հեռանկարային մասնագիտություն է, և մեծ հույսեր ենք կապում երիտասարդ ուժերի հետ։ Շնորհակալություն ԼՂՀ կրթության և գիտության  նախարարությանը, որ ընդառաջելով մեր նախաձեռնությանը` նպաստել է, որպեսզի կառավարության որոշմամբ կենսաբժշկական ճարտարագիտությունը մտցվի Արցախի պետական համալսարանի մասնագիտությունների ցանկում: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ