[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ

Shant.jpgՈւրախ, լուսավոր ևս մեկ համերգ` նվիրված կանաՆց մեծարման տոներին, կայացավ օրերս Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում: Ինչպես գիտենք, այդ գեղեցիկ ավանդույթը տևում է ամբողջ մի ամիս` մարտի 8-ից ապրիլի 7-ը: Համերգի կազմակերպիչներն ու մասնակիցներն էին ՙՇանթ՚ հեռուստաընկերության ՙԺողովրդական երգիչ՚ նախագծի եզրափակիչ` ՙԳալա համերգ՚ փուլին անցած, մի քանի ամսում հայոց աշխարհով մեկ հայտնի  դարձած երգիչներն ու երգչուհիները` Մավր Մկրտչյան, Եվա Եգանյան, Վահե Պողոսյան, Վարդուհի Գրիգորյան, Մասիս Հունանյան, Գագիկ Հարությունյան և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների ժողգործիքների համույթը` Գոռ Մկրտչյանի ղեկավարությամբ: 
Համերգից համոզվեցինք, որ նորածին այստղաբույլը հզոր է. երիտասարդական ավյունով, աննման կատարումներով նրանք ներկայացրին հայ ազգային երգարվեստն արցախցի երաժշտասերներին:
Երիտասարդ երգիչ-երգչուհիների կատարմամբ հնչեցին սիրված երգեր` գուսաններ Ջիվանու, Աշոտի, Շերամի, Կոմիտասի, Գուրգեն Գաբրիելյանի և այլ հայ երգահանների. դրանից էլ ի՞նչ լավ նվեր կարելի էր մատուցել հանդիսատեսին: Դահլիճն էլ մեծագույն ջերմությամբ էր դիմավորում նախագծից այդքան հազարատ դարձած ամեն մի երգչի, երգչուհու` վերապրելով նրանց հետ երգի ներքին ուժն ու  հիանալի աշխարհը: 
Ինչպես տեղեկացանք, նման համերգի, հետագայում` համերգաշարի մտահղացումը Երևանի կոնսերվատորիայի ուսանող, ծննդով արցախցի Գագիկ Հարությունյանինն է: ՙՄի գեղեցիկ օր  միտք ծագեց իմ մեջ,- պատմում է Գագիկը,- որ կարելի  է ՙՇանթի՚ այդ նախագծի մասնակիցներից (բոլորն էլ իմ ընկերներն են) կազմել մի լավ խումբ, ուսանողներից՝ նվագախումբ ու... համերգների գնալ: Գաղափարը բոլորին դուր եկավ: Մի քանի ամսվա ընթացքում մշակեցինք ծրագիրը, ու քանի որ ես Արցախից եմ, որոշեցինք առաջին համերգն անցկացնել այստեղ: Առջևում մեծ ծրագրեր ունենք իրականացնելու՚:
Ժողգործիքների համույթի ղեկավար Գոռ Մկրտչյանի համոզմամբ՝ ամենակարևորը,  երբ երաժիշտը մի գործով հանդիսատեսի դատին է ներկայանում, մարդկային հարաբերություններն ու շփումներն են, որոնք էլ նրանք ստացան. ՙԱյն հաճույքը, որ մենք պատճառեցինք ձեզ ու մենք էլ ստացանք, մեզ շատ ոգևորեց: Շատ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար՚։ 
Խումբը գործում է արդեն հինգ ամիս՝ Գագիկի, Գոռի և Վարդուհու նախաձեռնությամբ:  Այս համերգը խմբի առաջին ելույթն է, բայց նպատակ ունեն շարունակել համերգների շարքը, ավելի հարստացնել երգացանկը, դուրս գալ երկրի սահմաններից: 
Եվա ԵԳԱՆՅԱՆ.- Մեծ տպավորություններով կգնամ այստեղից։ Դեռ նախագծի ժամանակ էի լսել, որ այստեղից շատ լավ հետևում, ակտիվ քվեարկում էին մեզ համար, սիրում են մեզ։ Շատ ուրախացա հնարավորության համար՝ լինել Ղարաբաղում։ Շատ սիրեցի այս փոքրիկ աշխարհը: 
Վարդուհի ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Տպավորույթուններս շատ մեծ են, ժողովուրդը շատ ջերմ ընդունեց մեզ։ Ես առաջին անգամ եմ Արցախում, շատ հուզված եմ, տպավորված, շատ ջերմ մթնոլորտ էր բեմում, դահլիճում, խոսքերն ավելորդ են։ Սիրում եմ ձեզ, արցախցիներ։      
Մավր ՄԿՐՏՉՅԱՆ.- Սա իմ առաջին այցը չէ Արցախ։ Առաջին անգամ երեք տարի առաջ ՙՍպեղանի՚ երգչախմբի հետ էի այստեղ։ Տպավորություններս անկրկնելի էին Գանձասարից, որ հրաշք է։ Ոչ, ես այս խմբից չեմ, բայց մեծ էր ցանկությունս՝ երգել արցախցիների համար։ Յուրաքանչյուր հնարավորությունից ես պատրաստ եմ օգտվել։ Ապրելով Հայաստանից դուրս՝ Ջավախքում, գիտեմ՝ ինչ բան է հայրենիքի, հայ մնալու համար պայքարելը։ Եվ ես մեծ սիրով ձեր կողքին եմ։ Պինդ եղեք, մենք ձեր կողքին ենք։ 
Մասիս ՀՈՒՆԱՆՅԱՆ.- Որպես անհատ կատարող՝ առաջին անգամ եմ ելույթ ունենում արցախցիների համար։ Բայց առաջին անգամ չէ, որ Արցախում եմ։ Հեռուստաեթերից այն կողմ շատ հետաքրքիր էր արցախցիների վերաբերմունքը։ Շատ ուրախ եմ, որ Արցախում ապրում, արարում են մարդիկ, որ այսպես սիրում ու պաշտում են արվեստը։ Սիրով կուզեմ նորից ու նորից լինել այս երկրում։
Խմբի ղեկավար Գագիկ Հարությունյանը, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` համերգի կազմակերպմանն աջակցելու համար:
Մենք էլ հանդիսատեսի կողմից շնորհակալություն հայտնենք և’ խմբին, և’ նախարարությանը` հրաշալի նվեր մատուցելու համար, իսկ երիտասարդ երգիչներին, երաժիշտներին ցանկանանք ստեղծագործական ավելի մեծ եռանդ` հայ երգարվեստը աշխարհով մեկ տարածելու գործում:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ