[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՆՔ ՏԵՐ ԵՆՔ ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՈՒ ԿՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԽԱՉԸ

Ինչպես հայտնի է՝ այս օրերին տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունենում մեր հանրապետության բոլոր շրջաններում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին։ Մարտունի քաղաքում օրերս կազմակերպված մշակութային միջոցառումը, որ նախաձեռնել էր շրջվարչակազմի մշակույթի բաժինը, հարգանքի տուրք էր բոլոր նրանց հիշատակին, ովքեր ազատության համար պայքարում ընկել են քաջաբար։ 
Երեկոն հույս էր ու հավատ ապագայի նկատմամբ, պայքարը շարունակելու կոչ ու Շարժման վերջնանպատակին հասնելու կամք ու ցանկություն։ Հնչած հայրենասիրական երգերը, բարձրացնելով մարդկանց ոգին՝ կրկին նրանց տարան Արցախյան գոյապայքարի ակունքները, քաղցր հուշեր արթնացրին, հնարավորություն տվին վերապրել 25 տարի առաջ սկսածը՝ քաղած դասերն էլ ավելի ամրապնդելու համար։
Իսկ օրվա խորհուրդը դարձյալ ու կրկին հայ ազգի միասնությունն էր, ազգովին համախմբվելը, քանզի դա է պահանջում ու միանգամայն ճշմարտացի է չարենցյան պատգամը. ՙՈվ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՚։    
 
Անի ԱՂԱԲԵԿՅԱՆ
ԱրՊՀ լրագր. 4-րդ կուրս