Logo
Print this page

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ

Մշակույթն ազգի դիմագիծն է, իզուր չէ ասված, որ եթե ուզում ես ճանաչել ազգին, ճանաչիր նրա մշակույթը: Հայկական մշակույթն աշխարհի հնագույն մշակույթներից  է, դարեր շարունակ հայը պայքարել է նրա պահպանման և եկող սերնդի հայեցի դաստիարակման համար: Ներկայումս էլ կան խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս հայկական մշակույթը  զարգացնել ու հոգևոր արժեքները պահպանել: 
Այս  առումով պետք է կարևորել գյուղական միջավայրում մշակութային կյանքի ակտիվությունը: Գյուղը պետության հիմքն է, ինչքան այն զարգանա ու բարգավաճի, այնքան պետությունը հզոր կլինի:
Մարտունու շրջանի Սոս գյուղն այն համայնքներից է, որտեղ միշտ էլ նկատվում է մշակութային կյանքի նկատմամբ սեր ու պատրաստակամություն  մշակութային ծրագրերի իրականացման նկատմամբ: Բայց այստեղ առկա խնդիրը՝ ակումբ չլինելու հանգամանքը,  դժվարացնում է համայնքում մշակութային ոլորտի զարգացումն ու հոգևոր դաստիարակությունը: Ակումբի գեղմասվար Սուսաննա Հարությունյանի հավաստմամբ, 15 տարի առաջ, երբ գյուղում գործում էր կոլտնտեսությունը, սկսվեցին ակումբի կառուցման  աշխատանքները, սակայն կոլտնտեսության լուծարումից հետո դրանք դադարեցվեցին, և մինչ օրս շենքը կիսակառույց վիճակում է: Ս. Հարությունյանը ցավով նշում է, որ գյուղում բոլոր միջոցառումներն անց են կացվում հանդիսությունների տանը, որտեղ անհնարին է բեմադրություններ ցուցադրել, այդ իսկ պատճառով համարյա թե չեն լինում: Նա իրազեկում է նաև, որ, չնայած այս պայմաններին, անմասն չեն մնում մշակութային կյանքից, մասնակցում են գրեթե բոլոր միջշրջանային միջոցառումներին:
Այն հարցին, թե արդյոք կան հեռանկարներ ակումբի շինարարական աշխատանքները վերսկսելու համար, համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանն ուրախությամբ նշեց, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում: Գյուղում ակումբ ունենալը բոլոր սոսեցիների ցանկությունն է։ Գյուղացիների համոզմամբ՝ դրանից հետո միայն կարելի է գյուղում մշակութային կյանքի պահպանումն ու զարգացումը լիարժեք  իրականացնել:
 
Անժելիկա ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԱրՊՀ լրագրության 4¬րդ կուրս
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.