[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՍ ՎՍՏԱՀԱԲԱՐ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ՎԱՂՎԱ ՕՐՎԱՆ՚

Tatron_1.jpgՆերկայացնում ենք մեր հարցազրույցը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասանուհի Սվետլանա ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ։ 
-Քանի որ հարցազրույցը Թատրոնի միջազգային օրվա առթիվ է, և քանի որ դեռևս խորհրդային տարիներից  ձևավորվել է  այդ օրն առանձնահատուկ նշելու ավանդույթ, առաջին հարցս կձևակերպեմ հետևյալ կերպ. ի՞նչ է սպասվում տոնի առթիվ և թատերասերներին, և Ստեփանակերտի մայր թատրոնի կոլեկտիվին։ 
-Թատրոնում ավանդույթ է ձևավորվել, որ միջազգային օրը նշում ենք նոր բեմադրությամբ, առաջնախաղով։ Անցած տարի, օրինակ, այդ օրվա առթիվ բեմադրեցինք Ժիրայր Անանյանի ՙԼույս քեզ տեսնողին՚ տրագիկոմեդիան։ Մեր թատրոնն ավանդույթներ շատ ուներ, որոնք մի տեսակ խախտվել են...
- Ի՞նչը նկատի ունեք։
- Ասենք, թեկուզ, նոր բեմադրություններ ցուցադրելու ռիթմը, պարբերականությունը, որ թուլացան պատերազմի և հետպատերազմյան դժվարությունների պատճառով։ Ամենադժվարին տարիներն ու պահերը հաղթահարվել են, այսօր էլ  հիմնախնդիրները քիչ չեն, որոնք լուծման ճանապարհին են. մենք տեղափոխվել ենք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատ, հուսով ենք, որ թատրոնի 85-ամյակը կնշենք հիմնանորոգված շենքում։ Այնուամենայնիվ, անցած տարի նոր  բեմադրության առաջնախաղը տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի դահլիճում, հաջողություն ունեցավ։
- Անդրադառնանք այս տոնին։
- Թեկուզ քիչ ուշացումով, բայց այս տոնին ևս նոր բեմադրության առաջնախաղը կլինի։ Կոլեկտիվը համալրվել է նորավարտ երիտասարդ կադրերով, նրանցից մեկը՝ Գոհար Առաքելյանը  (բեմադրիչի ընթերակա՝ Էդգար Թաթիկյան) զբաղվել է նոր բեմադրությամբ՝ ՙՍիլվիա՚ (Ալբերտ Հերնի)։ Բեմադրության մեջ ընդգրկվել են թատրոնի  երիտասարդ ուժերը։ Մեր երիտասարդները, ես կասեի, ակտիվ են, նվիրված, շնորհալի։ Նրանք ՙթատրոնի մարդ՚ կոչվելու իրավունք ունեն։ Ես թատրոնի ապագայի հարցում վստահություն ունեմ։ Կոլեկտիվը համալրվել է հատկապես ուժեղ սեռի ներկայացուցիչներով, որ վերջին երկու տասնամյակում խիստ պակասել էր։ Տոնի առթիվ միջոցառումներ նախատեսված են։ Սպասվում են այցելություններ ՀՀ թատերական գործիչների միությունից։ 
- 40-ից ավելի տարիներ Դուք աշխատում եք թատրոնում, այժմ արդեն ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկն եք, այսօր արդեն թատրոնի նվիրյալներից։ Ի՞նչ է ձեզ համար թատրոնը։
- Ավագ լինելու կարգավիճակին դժվարությամբ եմ հարմարվում՝ հիշելով մեր թատրոնի երախտավորներին, որոնցից ոչ մեկն այսօր  մեր կողքին չէ։ Դժվար է ավագի պատասխանատվությունը վերցնելը։ Երախտավորներից վերջինները եղան Մարգո Բալասանյանը, Նվարդ Ասատրյանը, Մամիկոն Միքայելյանը, Բենիկ Օվչյանը, Ժորա Մովսիսյանը, Զինավոր Գևորգյանը, Միքայել Հարությունյանը, ում հետ ես բեմում խաղընկեր եմ եղել, ում աշակերտել եմ, բեմական դաստիարակություն  ստացել, պրոֆեսիոնալ մակարդակ ձեռք բերել...
- Այսինքն՝ Ձեր մասնագիտական կրթության պակասը լրացրել եք բեմում, նրանց շնորհիվ։ Անդրադառնանք Ձեր կենսագրությանը։
- 40 օրական եմ եղել, երբ հայրս մահացավ, ես յոթերորդ երեխան էի, ամենափոքրը, ընտանեկան հոգսեր, դժվարություններ... Մանկությունս ու պատանեկությունս անցել են կարիքի մեջ։ Կիսել եմ մորս տառապանքները, որ հազիվ օրվա հացն էր վաստակում։ Հետը ցախ  հավաքելու, խոտ հարելու էի գնում, գյուղական կենցաղի բոլոր աշխատանքներին մասնակցում։ Մայրս նպատակ ուներ  երեխաներին հասցնել ինչ-որ բանի, ու ապրեց 90 տարի, հավատքի զորություն ուներ... Ուսման ծարավ ունեցել եմ, բայց չեմ կարողացել բարձրագույն կրթություն ստանալ։ 5-րդ դասարանում Վրթանես Փափազյանի ՙԺայռը՚ դրամայից մի հատված կարդացի, ու լեզվի և գրականության ուսուցիչս հատուկ նշեց իմ դերասանական  շնորհքը։ Իսկ մաթեմատիկայի ուսուցիչս առանց հարցնելու ՙ3՚ էր նշանակում և ասում. ՙԻնչ հարցնեմ, մեկ է, Սվետլանան դերասանուհի է դառնալու՚։ Միջնակարգն ավարտելուց դերձակի մասնագիտություն ձեռք բերեցի, թատրոն մտա որպես դերձակուհու օգնական։ Դպրոցում ասմունքի, երգի-պարի խմբակ ունեինք, ակտիվ մասնակցում էի։ Մեզ՝ աշակերտներիս, դպրոցից հաճախ բերում էին Ստեփանակերտի թատրոն ներկայացումներ նայելու։ ՙԱլվան ծաղիկ՚ հեքիաթը, Աղայանի ՙԱնահիտը՚ և այլն, և այլն։ Ես խորապես տպավորվել էի...
- Երազո՞ւմ էիք դերասանուհի դառնալ։
 
- Երազելը չգիտեմ, բայց սերը ծնվել էր արդեն, իսկ դերձակությունը միջոց էր, որ մտնեի արվեստի այդ կախարդական աշխարհը։ Դա 1972 թվականն էր։ Ընդունվելուց մեկուկես ամիս հետո ինձ օգտագործեցին մասսայական տեսարաններում։ Այդ տարիները թատերական բումի շրջանն էր. ռեժիսորը՝ Հովհաննես Կարապետյանը, բեմի վրա էին Միքայել Կորգանյանը, Սուրեն Համզոյանը, Գուրգեն Գրիգորյանը, Թամարա Մելքումյանը, Նինա Հովսեփյանը, Մամիկոն Միքայելյանը։ Թատրոնի խաղացանկում ընդգրկված էին 10-15 բեմադրություններ, մեկը մյուսից շքեղ, թատրոնի դահլիճը՝ լեփ¬լեցուն։ Նրանցից առաջին քայլերս սովորեցի։ Նրանք Ուսուցիչներ էին,  մեծ Ուսուցիչներ։ 
- Սվետլանա, առաջին խաղացած դերը, որ տպավորվել է Ձեր հիշողության մեջ։
- ՙԱրմենուհում՚ դայակի դեր էի տանում առանց խոսքի։ Միքայել Կորգանյանի հետ կուլիսներում կանգնած էի, նա նկատեց հուզմունքս. ձեռքս բռնեց ու ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու։ Բայց այդ հուզմունքը և դողը մուտքից առաջ մինչև հիմա մնում է իմ մեջ։ Ծավալուն դեր խաղացի Ժիրայր Անանյանի ՙՏաքսի, տաքսի՚ վերանվանված ՙՍերը ճամպրուկի մեջ՚ բեմադրության մեջ՝ Տիկին Զվարթ (Փիլոյանի կինը)։ Խաղում էի Մամիկոն Միքայելյանի, Սուրեն Համզոյանի, Նվարդ Ասատրյանի, Ժորա Մովսիսյանի հետ։
- 40 տարիների ընթացքում Դուք մարմնավորեցիք շատ կերպարներ՝ Նատալյա (Մ. Գորկի՝ ՙՎասսա Ժելեզնովա՚), Լուսիկ (Վ. Հակոբյան՝ ՙՔո սերը քո տունն է՚), կոլտնտեսուհի (Ա. Աբդուլին՝ ՙ13-րդ նախագահը՚), Ջավահիր, Շուշան  (Շիրվանզադե՝ ՙՉար ոգի՚), Շելավինա, Գալչիխա (Օստրովսկի՝ ՙԱնմեղ մեղավորներ՚, Վիվի (Ռըսլակի՝ ՙԱյլանդակ Էլզա՚), կեսուրներ (Հակոբ Պարոնյանի մոտիվներով Ռազմիկ Աբրահամյանի մշակմամբ՝ ՙՀարսեր և կեսուրներ՚), Էթերի (Ռազմիկ Աբրահամյան՝ ՙՇուշանիկ՚), Երանուհի (Շիրվանզադե՝ ՙՊատվի համար՚), Մայր Թենի (Մուրացան՝ ՙՌուզան՚), Սաթենիկ (Արտաշես Քալանթարյան՝ ՙՎաճառքի ենթակա չէ՚...
Ո՞րն է Ձեր սիրած դերակատարումը (կամ դերակատարումները)։
- Բոլորն էլ ինձ սիրելի են։ Յուրաքանչյուրի տպավորությունը, հանդիսատեսի գնահատումը միշտ սրտիս մեջ են։
- Կերպարը, որ երազում էիք խաղալ, բայց չխաղացիք։
- Կարելի է երազել, բայց...
- Այսօրվա թատերական կյանքում Ձեր զբաղվածությունը։
- Չէի ասի, որ շատ մեծ զբաղվածություն ունեմ, բայց պարապ էլ չեմ։ Այսօր ինձ հետաքրքրում են երիտասարդ դերասանները, նրանց ստեղծագործական կյանքը, իմ՝ նրանց ուղեկից լինելը, բայց վերջին շրջանում  Վահե Շահվերդյանի ՙՌուզան՚ (Մուրացան) բեմադրության մեջ կառանձնացնեի Մայր Թենիի կերպարի մարմնավորումը։ Ես այս կերպարի հետ եմ՝ ամեն պահ։
- Այսինքն, կերպարը Ձեզ հոգեհարազատ է։
- Այո, շատ հոգեհարազատ է, այդ կերպարով ես ապրում եմ։ Ընդհանրապես ես շատ եմ խաղացել մոր կերպարներ, անձնական կյանքում չունենալով փորձ։ Կյանքի ճանաչողության հարցում մայրս մեծ դեր է կատարել, բացի այդ, գրական ստեղծագործություններում ինձ միշտ գրավել են մայրերի կերպարները, որոնց մեջ շատ զգացմունք կա, բացահայտելու շերտեր կան, մի ամբողջ աշխարհ է ներկայացնում մոր կերպարը։
- Թատրոնից դուրս Ձեր ժամանակը ինչո՞վ եք լցնում։
- Ամենամեծ զբաղմունքը եղբորս թոռնիկներն են։ Օտարված չեմ գրքերից ու գրականությունից։ Երկեր կան, որոնց անդրադառնում եմ երկրորդ-երրորդ անգամ։ Գյուղական միջավայրում ապրած մարդ եմ, հողի, ծառի, բնության հետ շփումը ինձ մեծ բավականություն է պատճառում։ Օրվա մեջ զբաղվածությունս, փառք Աստծո, մեծ է։
- Թատրոնի միջազգային օրվա առթիվ Ձեր խոսքը։
- Իմ գործընկերներին շնորհավորում և մաղթում եմ առողջություն, ստեղծագործական նորանոր մտահղացումներ, համբերություն՝ մինչև թատրոնի շենքի հիմնանորոգումը, որին բոլորս սպասում ենք։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ