[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

altՓետրվարի 11-ից հավատացյալ ժողովուրդն անցել էր պահքի շրջան, որը կավարտվի մարտի 31-ին` Սուրբ Զատիկի տոնակատարությամբ: Հասարակությանը հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմին կից երիտասարդական խորհրդի համակարգող, ԼՂՀ ՊԲ հոգևոր սպասավոր Սամվել սարկավագ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:
-Մոտենում է Հարության տոնը, կամա թե ակամա հանրության մի մասը սկսում է խորհել տոնի նշանակության, Հին և Նոր  Զատիկի տարբերության մասին: 
- Զատիկի կամ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (լատիներեն` pascha) եբրայերենից թարգմանվում է որպես անցում, զատում, բաժանում, հեռացում: Հին Կտակարանի կամ հրեական պասեքը տոնվում է ի նշան եգիպտական գերությունից հրեա ժողովրդի ազատագրման: Քրիստոնեական եկեղեցին Քրիստոսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, որովհետև, ըստ քրիստոնեական ուսմունքի, Քրիստոսն է հանդիսանում այն զոհը, որի միջոցով մարդ ստանում է մեղքերի թողություն, Կյանք և Հարություն: Եթե Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, ապա Քրիստոսի Հարությամբ մարդկությունը փրկվում է մեղքի և մահվան տիրակալությունից, խավարից` դառնալով դեպի Աստվածային լույսը: Սրանով կարևորվում է հոգու փրկությունը, որը հնարավոր դարձավ Քրիստոսի իմաստավոր մահով և երեք օր անց՝ հրաշագործ Հարությամբ: ՙԵս եմ Հարությունը և Կյանքը. ով հավատում է Ինձ, թեև մեռնի, կապրի՚ (Հովհ. գլ. 11, 25):
alt- Գիտնականների մի մասը կարծես թե եկել է այն եզրահանգման, որ Աստվածաշնչում տրված են աշխարհի գոյատևման օրենքները, և նրանք փորձում են այն ապացուցել գիտականորեն:
- Միանշանակ  այդպես է. Աստվածաշնչում կան ճշմարտություններ տիեզերքի,  աշխարհի, մարդու էության, նրա կյանքի իմաստի և շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ: Որոշ գիտնականների մոտեցումը, ովքեր  չեն   բացառում,   որ  Աստվածաշունչն  ունի   բոլոր  ժամանակների  մարդուն հուզող  կենսական  հարցերի  պատասխանները,   խոսում է  այն  մասին,  որ գիտական միտքն  աստիճանաբար  դուրս  է գալիս  պարտադրված  մատերիալիստական   աշխարհընկալման   գերությունից  կամ  կաղապարներից,   և   գիտնականներն այսօր ավելի  ազատ  ու  անկաշկանդ  են  իրենց  գիտական   փնտրտուքներում: Տեղին եմ համարում մեջբերել ամերիկյան հայտնի գիտնական Ուիլիս Վորչեստերի միտքը. ՙՄենք ասում ենք` ինչ-որ բան գործում է որոշակի ֆիզիկական օրենքների հիման վրա և մոռանում ենք, որ օրենքներն անհնար են առանց Օրենսդիրի, որ այդ օրենքները հաստատվել են Մեկի կողմից՚:alt
- Ո՞րն է մարդու կյանքի նպատակը՝ ըստ քրիստոնեության։  
- Յուրաքանչյուր մարդու առաջ հարց է ծառանում` ո՞րն է իր կյանքի իմաստը: Այդ բնական պահանջը բացահայտելու առաջին քայլը ինքնաճանաչողության ուղին է` իր իրական ես-ը, կոչումը պարզելը, որն, ի վերջո, բերում է անմահ հոգու ճանաչմանը: Քրիստոս Իր մահով և Հարությամբ հավատացնում և ցույց է տալիս, որ կա հավիտենական կյանք, և մարդը երկնային կյանքի արժանանալու համար պատասխանատու է իր երկրային կյանքով: Արդի աշխարհը շատ է հեռացել քրիստոնեական բարոյական արժեքներից, ինչի արդյունքում առաջ են եկել մի շարք կործանարար մարտահրավերներ, մասնավորոպես, հոգու կործանումը։ Քրիստոս  ասում է. ՙԵթե մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, իսկ հոգին կորցնի, դրանում ոչ մի օգուտ չի լինի՚: 
- Ինչպե՞ս է Եկեղեցին լուծում արդի մարտահրավերները:
- Հարցը կվերաձևակերպեի հետևյալ կերպ. ինչպե՞ս է Եկեղեցին կատարում իր առաքելությունն արդի պայմաններում: Եկեղեցու հիմնական առաքելությունը քրիստոնեական արժեքների քարոզչությունն է, դրանց տարածումը: Հայ Առաքելական եկեղեցին ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, չի սահմանափակվում զուտ առաքելությամբ: Պատահական չէ, որ մեր եկեղեցին անվանվում է նաև ազգային: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ ազգի առաջ ծառացած խնդիրների նկատմամբ: Այդ է պատճառը, որ եկեղեցին իր կարևոր դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ թե՜ հայապահպանության ու ցեղասպանության ընդունման, թե՜ պետականաշինության ու ծագած այլ խնդիրների լուծման գործում: Այսօրվա մարտահրավերներից է հասարակության համար ազգակործան կրոնական կազմակերպությունների կողմից եկող վտանգը: Սպառնալիքը վերացնելու համար պետք է գործենք միասնական ուժերով. պետություն, եկեղեցի, հասարակություն: Վստահ եմ, միասնական ջանքերով կհաղթահարենք ոչ միայն նշված, այլ նաև ծառացած այլ խնդիրներ: Եկեղեցին այսօր հոգևոր խոսք է տարածում նաև մանկապարտեզներում, դպրոցներում, Պաշտպանության բանակում, անգամ բանտերում, ինչն էլ տալիս է իր դրական արդյունքը:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ