[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆՐԱՆՔ ՄԵՐ ՀՈՒՅՍՆ ԵՆ, ՄԵՐ ԱՊԱԳԱՆ՚

altՄարտի 27-ը, որպես Թատրոնի միջազգային օր, հաստատվել է 1961թ., Թատրոնի միջազգային ինստիտուտի՝ Փարիզում կայացած IX համագումարի կողմից: Ոչ թատերագետ մարդկանց համար, կարծում եմ, հետաքրքիր է իմանալ, որ ՙթատրոն՚-ը առաջացել է հին հունական theatron բառեզրից, ինչը նշանակում է ՙտեղ, որտեղ դիտում են՚: Եվ ինչն է ուշագրավը. դարեր շարունակ այդ տեղում, որտեղ մարդիկ գալիս էին դիտելու, ավանդաբար խաղում էին երկու ամենասիրված ժանրեր` ՙկատակերգություն՚ ու ՙողբերգություն՚, որոնք խորհրդանշում են թատերական հայտնի ուրախ և տխուր դիմակները: 
Անշուշտ, էլ ի՜նչ դերասան՝ առանց հանդիսատեսի: Ուրեմն, Թատրոնի միջազգային օրը ոչ միայն բեմի վարպետների մասնագիտական տոնն է, այլև  միլիոնավոր այն հանդիսատեսների, որոնք անտարբեր չեն թատերարվեստի հանդեպ: 
Այս տոնական լույսի ներքո տեղին է խոսել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերջերս տեղի ունեցած՝ Լուի Վերինի ՙԽոշոր շահում՚ ներկայացումը դերասանուհի Վեներա Ավագիմյանի բեմադրությամբ: Ներկայացումը կատակերգության ժանրին է  պատկանում: Գուցե դա էր շարժառիթը, որ հավաքեց բավականին շատ հանդիսատեսներ, ընդ որում, գրեթե կեսը երիտասարդներ էին: Հաճելի հանգամանք, հատկապես այն կարծիքի հեռապատկերին, թե իբր երիտասարդների շրջանում թատերարվեստը հարգի չէ: Ներկայացումը լրիվ հակառակն էր ապացուցում: Գո՞ւցե թատրոնի երիտասարդ դերասանները խաղում էին իրենց հասակակիցների դերերում սիրո և դավաճանության, հավատարմության և անվստահության հավերժ արդիական թեմաների մասին: Գո՞ւցե ինքը` բեմադրող դերասանուհին, նրբորեն ու խորապես հասկանում էր եռանկյունային հարաբերությունների արդիականությունը և հատուկ ընտրեց թեման` կոչ անելով թե՜ երիտասարդ  դերասաններին և թե՜ հանդիսատեսին, մեկը բեմահարթակին, մյուսը՝ դահլիճից  իրենց վրա շոշափել այդ սովորական-անսովոր զգացմունքները, անցնել այդ հարաբերությունների հորձանուտով` արժևորելով իսկական զգացումը, իսկական սերը, փյունիկի պես նորից վեր հառնել սիրո կենսահաստատ մղումով: Թե՜ երիտասարդ և թե՜ ավագ հանդիսատեսը միակարծիք էին, որ երիտասարդ դերասաններին` Դավիթ Ղահրամանյան (Ժակ), Աշոտ Սարգսյան (Ալեն), Մարիաննա Գրիգորյան (Լաուրա), հաջողվեց տանել իրենց հետևից և, սյուժեի հանկարծակի զարգացումներում կերպարանափոխվելով, հուզել և համոզել: Ուրեմն՝ արվեստը կայացել է, ուրեմն՝ այն տեղը, ուր  Ստեփանակերտի հանդիսատեսը եկել է դիտելու, իմաստավորվել է։  
Իսկ թե ինչպես խումբը հասավ այդ հաջողությանը, պատմում է ինքը` ստեղծագործական խմբի ղեկավար, ներկայացման ռեժիսոր, երաժշտական ձևավորման հեղինակ, դերասանուհի Վեներա ԱՎԱԳԻՄՅԱՆԸ:
-Այս ներկայացումը երկրորդ անգամ եմ բեմադրում` գլխավոր դերակատարի փոփոխվելու պատճառով: Առաջին անգամ բեմադրել եմ 2012-ի հունիս ամսին: Ընդամենը երեք անգամ ենք խաղացել, հետո ինչ-ինչ պատճառներով այլևս չի խաղացվել: Մենք որոշեցինք նոր դերակատար ընտրել: Ընտրեցինք, շատ չարչարվեցինք, և, կարծում եմ, ստացվեց:
- Որպես հանդիսատես կարող եմ ասել, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա շատ հատվածներում այնքան լավ էին խաղում դերասանները, որ մոռանում էի իմ հանդիսատես լինելու մասին: Որքանո՞վ էր ստացվում աշխատանքը երիտասարդ դերասանների հետ:
- Դժվար էր այն առումով, որ երիտասարդները շատ լավ հասկանում, իրենց կաշվի վրա զգում են, որ այսօր թատրոնով ապրել հնարավոր չէ: Ես էլ, որպես իրենց նախկին դասախոս, այս պահին՝ որպես ռեժիսոր-բեմադրող, լավ հասկանում եմ, որ լինում են պահեր, երբ նրանք ուղղակի փաստի առաջ են կանգնեցնում, թե ստացածը ոչինչ է արածի համեմատ: Համամիտ եմ: Շատ կցանկանայի, որ վերաբերմունքը թատրոնի հանդեպ փոխվի` իրավիճակը բարելավելու նպատակով: Աշխատավարձը գոնե ինչ-որ չափով ավելանա: Բանն այն է, որ այսօր երիտասարդ դերասանները հիմնականում շրջաններից են և այստեղ վարձով են ապրում: 50 հազար դրամ աշխատավարձով հոգալ առօրյա հոգսերը անհնար է: Շնորհիվ թատրոնի հանդեպ նրանց մեծ սիրո՝ նրանք այսօր դեռ թատրոնում են: Ինչ վերաբերում է մասնագիտական կողմին, դժվար էր այնքանով, որ նրանք մեծ փորձ չունեն: Ինչքան էլ բացատրեմ, կային պահեր, որ նրանք պետք է որ իրենք զգային, վերապրեին՝ որպես կին, որպես ամուսին, որպես սիրական: Նրանք դեռ շատ  երիտասարդ են, ոչ մեկը դեռ ամուսնացած չէ, անգամ ընկեր-ընկերուհի չունի...
- Եվ դա իր բացասական դե՞րը խաղաց... Բայց, այդքանով հանդերձ, կարողացել են կերպարի մեջ մտնել և համոզել հանդիսատեսին...
- Այո, ոչինչ չանելու փոխարեն ավելի լավ է գոնե մի քիչ փորձ ձեռք բերել: Դա նաև իրենց համար դաս կլինի կյանքում` կողմնորոշվելու համար:
- Որոշ հանդիսատեսներ կարծիք հայտնեցին, որ այս պիեսը (թեման, գրկախառնությունները, համբույրները) մեր քաղաքի համար չէ։
- Իսկ ես կասեի, որ ժամանակն է՝ մեր քաղաքի հանդիսատեսը մի քիչ առաջ քայլի: Այդտեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում:
- Կարևորն այն է, որ բոլոր դեպքերում կենտրոնում սերն է, իսկ փողն օգնում է հասկանալ, թե ով է անկեղծ այդ սիրո եռանկյունում:
- Այո, գլխավորը սերն է: Պիեսի եզրափակիչ հանգույցն այն էր, որ եթե մաքուր սեր կա, կարելի է հաղթահարել ամեն տեսակ արգելք, պատնեշ: Եվ ճիշտ է, որ վերջում ամուսինը ներում է կնոջը, քանի որ չներելու դեպքում նա ավելի դժբախտ կյանքով կապրի:
- Հույսեր կապո՞ւմ եք այդ դերասանների հետ: 
- Կուզենայի, որ նրանք էլ ավելի աճեն: Անշուշտ, թատրոնին նվիրյալներ են պետք: Ճիշտ է, փողն էլ է կարևոր, բայց նվիրվածությունն է ամեն ինչի որոշիչը: Բոլոր երեքն էլ ավարտել են մեր թատրոնին կից ստուդիան, իսկ Ալենի դերակատարը` նաև  Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը:
-  Արդյո՞ք այդ դերասանների հետ մեկտեղ քայլելով, մեր թատրոնի նախկին համբավը հնարավոր է վերականգնել, կերտել ապագա:
- Իհարկե։ Եվ դա, կրկնեմ, տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ամեն անգամ նոր դեր խաղալով, փորձ ձեռք բերելով՝ մնացել են նրանք, ովքեր նվիրյալներ են: Պիտի ձգտենք նվիրյալներին պահել թատրոնում: Եվ դա ոչ միայն թատրոնի, այլև պետության նպատակն էլ պետք է լինի: Մենք չպետք է մոռանանք, որ ունեցել ենք թատրոն՝ փայլուն դերասաններով: Հավատում եմ և հավատացնում, որ այս շնորհալի երիտասարդները քիչ են ապագա կերտելու համար: Մենք էլի կադրեր պիտի ունենանք: Մոտավորապես 10 երիտասարդ դերասան և մի այդքան էլ թոշակառու դերասաններ ունենք թատրոնում: Չունենք միջին սերունդ: Մի խոսքով, սերնդափոխության խնդիրը շատ լուրջ է  թատրոնում: Ամեն օր պետք է մտածել կազմը թարմացնելու մասին, ինչը մեզ մոտ չի կատարվում: Փակված է ստուդիան, որտեղ դպրոցականը կապվում էր թատրոնի հետ և, ի վերջո, կողմնորոշվում ապագա մասնագիտության հարցում: Այդ կապող օղակն այսօր չի գործում: Կկարողանա՞նք մի քանի տարի անց  հավաքել նոր դերասանական կուրս...  Ինչ վերաբերում է այս պիեսում խաղացող դերասաններին, նրանք մեր ապագան են, մեր հույսը։ 
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ