[ARM]     [RUS]     [ENG]

ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՐՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ

nnn.jpgԱսաց Ն. Աղաբալյանը մամլո ասուլիսում 
Մարտի 27-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նոր նստավայրում՝ Շուշիում,  նախարար Նարինե Աղաբալյանը հրավիրել է մամլո ասուլիս՝ նախարարության 2012թ. գործունեությունը, վերջերս ԱՄՆ այցելության արդյունքները, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում առկա խնդիրներն ու անելիքները ներկայացնելու նպատակով:
 Ողջունելով ներկաներին՝ նա նախ  կարևորեց նախարարության տեղափոխումը Շուշի, ինչը որոշակի իմաստով կողմնորոշում է մշակութային քաղաքականությունը՝ Շուշին նորից վերականգնելու որպես մշակութային-կրթական կենտրոն, ինչը նաև իր դրական ազդեցությունը կունենա քաղաքի սոցիալական ոլորտի բարելավման վրա: 
Նախարարության 44 աշխատողների 33 տոկոսը Շուշիի բնակիչներ են, բավականությամբ նշեց Ն. Աղաբալյանը: Այդ թիվն էլի կավելանա, ասաց նա՝ նկատի ունենալով այն, որ քաղաքում իրականացվում է մշակութային այլ օջախների կառուցում կամ վերանորոգում, որոնք մոտ ապագայում կհանձնվեն շահագործման: Այնուհետև բանախոսը լրագրողներին իրազեկեց հաշվետու ժամանակաշրջանում մշակութային և երիտասարդական ոլորտներում պետական քաղաքականության գերակա ուղղություններով իրականացված աշխատանքների մասին:
Նա բավականությամբ նշեց, որ մշակույթի ոլորտի իրավական կարգավորման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել: Մշակվել և ԼՂՀ կառավարության կողմից հաստատվել են ՙՈչ նյութական մշակութային ժառանգության մասին՚ ԼՂՀ օրենքի կիրառկումն ապահովող միջոցառումների ցանկը և ՙՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տարածման և օգտագործման 2012թ. տարեկան ծրագիրը՚: Մշակվել և ԼՂՀ կառավարություն է ներկայացվել ՙԳրադարանների և գրադարանային գործի մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը: ԼՂՀ-ում գործող թանգարանների՝ որպես ազգային-մշակութային արժեքների, գործունեության կազմակերպման աշխատանքներին մշակույթի լիազոր մարմնի ներգրավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ թանգարանների լիազոր մարմին է ճանաչվել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախարարության աշխատակազմի կառուցվածքը նախարարության լիազորություններին համապատասխանեցնելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով փոփոխություններ են կատարվել նախարարության կանոնադրության մեջ, հաստատվել է նոր կառուցվածք:
Ինչ վերաբերում է պրակտիկ աշխատանքին։ Ն. Աղաբալյանն առաջին հերթին կարևորեց 2012թ. մարտի 15-ին ՙԱրցախի ձայն՚ ՓԲԸ-ի ստեղծումը: Մշակութային այդ կենտրոնը, ըստ էության, գործունեության լայն ու բազմազան ուղղություններ է հետապնդում. Արցախի ստեղծագործական ներուժի բացահայտման և զարգացման հնարավորության ստեղծում, շոու-ծրագրերի, համերգների, մշակութային միջոցառումների կազմակերպում, մեդիա արտադրանքի թողարկում և պրոդյուսերական գործունեության պայմանների ապահովում:
Նախարարության 2012թ. մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվել է 20 ենթածրագիր, որից՝ 12-ը մշակութային, 8-ը՝ երիտասարդական, և 267 միջոցառում, որից 224-ը՝ մշակութային, 43-ը՝ երիտասարդական: Մշակույթի ոլորտում ՀՀ և արտերկրի հետ համագործակցության խթանման և մշակութային ինտեգրման ուղղությամբ իրականացվել է միջազգային նախագիծ. ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիում, ՙԱրմմոնո՚ միջազգային թատերական փառատոն, ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոն և ՙՎարպետության դասեր՚: Նշված նախագծերի շրջանակներում համագործակցություն է հաստատվել 12 երկրների հետ: 2012թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Իտալիայի Վոլտերրա քաղաքի քաղաքապետարանում նախարարության հովանու ներքո կազմակերպվել է իտալացի նկարիչ Ռոբերտո Ջիովաննելլիի ցուցահանդեսը: Համատեղ համերգներ են կազմակերպվել Հայաստանի երեք համույթների և արտերկրի երեք մենակատարների և մեկ խմբի հետ: Ապահովվել է արցախցի չորս անհատ կատարողների և 4 մշակութային կոլեկտիվների մասնակցությունը միջազգային մրցույթների ու փառատոների՝ ՀՀ-ում, Լիտվայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում և Ֆրանսիայում:
Անդրադառնալով կադրային խնդիրներին՝ նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ մակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագրով ՀՀ-ում վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել Արցախի երգիչների և գրադարանային աշխատողների համար: Իսկ Արցախի շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Գերմանիայից և Լիտվայից հրավիրվեցին մասնագետներ, որոնց մասնակցությամբ արցախցի պատանի դաշնակահարների, ջութակահարների և վոկալիստների համար կազմակերպվել են վարպետության դասեր, որոնցում ընդգրկվել են Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 29 սաներ:
Նշելով, որ տոն և հիշատակի օրերի նշանավորման ծրագրի շրջանակներում անց են կացվել 11 տոնական և 1 հիշատակի օրվա համերգներ, նախարարը բավականությամբ հաղորդեց, որ աշխատանք արվել է նաև շրջանների ներգրավման ուղղությամբ: Շրջաններում մշակութային կյանքի խթանման նպատակով կազմակերպվել է ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթը, որին մասնակցել է 74 համայնք: Մրցույթի արդյունքներով մրցանակներ և խրախուսական նվերներ են հանձվել համապատասխանաբար 12 և 9 համայնքների։ Կենտրոնացված կարգով հյուրախաղեր են կազմակերպվել հանրապետության 14 համայնքներում:
Վերհիշելով 2012թ. ողջ աշխարհում հանդիսավորությամբ նշվող հայկական գրատպության 500-ամյակը՝  Ն. Աղաբալյանը կարևորեց մշակութային ժառանգության ուսումնասիրության, նյութերի հավաքագրման և քարոզչության նպատակով Շուշիում կազմակերպված ՙՇուշին՝ հայկական մշակույթի օջախ՚ թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը, որի անցկացման օրերին կազմակերպվել են նաև ցուցահանդեսներ, ձեռք են բերվել ոչ նյութական մշակութային ժառանգության նյութական կրիչներ: Հրատարակվել է  հինգ անուն գիրք, այդ թվում՝ մեկ մեթոդական ձեռնարկ: Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Իտալիայում Շուշիի ՙՀակոբ Գյուրջյան՚ քանդակի  միջազգային սիմպոզիումին նվիրված գիրք-ալբոմի հրատարակման ծրագրին:
Գրադարանային գործի զարգացման նպատակով հանրապետական երկու գրադարանների կողմից կազմակերպվել են 148 միջոցառումներ՝ գրական-գեղարվեստական ցերեկույթներ, ընթերցանություններ, գրքային ցուցահանդեսներ, հանդիպումներ արցախցի գրողների, զրույցներ՝  պատանի ընթերցողների հետ, գրքի քննարկումներ, էքսկուրսիաներ և այլն։ 
Մշակութային նոր արտադրանքի ստեղծման նպատակով պետական պատվերով գործիքավորվել են  մեկ օպերա, մեկ սիմֆոնիա, ստեղծվել է հինգ նոր երգ, թողարկվել է մեկ խտասկավառակ, բեմադրվել երեք նոր ներկայացում: Գույք և սարքավորումներ են ձեռք բերվել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի, ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի-պարի պետական համույթի, Արցախի պարի պետական համույթի, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնի, ՙՂարաբաղ՚ պետական էստրադային համույթի, ՙՄռակած՚ պետական կամերային երգչախմբի, ՙԱրցախի ձայն՚ ՓԲԸ-ի, Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնի, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի, Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի, Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, ինչպես նաև պատանի երաժիշտ Դավիթ Հակոբյանի համար:
Անդրադառնալով երիտասարդության հարցերի ոլորտին՝ նախարարը կարևորեց ՀՀ և արտերկրի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը յոթ  տարաբնույթ մրցույթների ՀՀ-ում և ՌԴ-ում: Երիտասարդական հասարակական նախաձեռնությունների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են երիտասարդական ծրագրերի փորձագիտությունն անցած ութ ՀԿ-ների 10 ծրագրեր: Տեղեկատվական ոլորտում երիտասարդության ներգրավման ծրագրի շրջանակներում Տեղեկատվական տեղխնոլոգիաների զարգացման կենտրոնը մայրաքաղաքում և բոլոր շրջկենտրոններում անց է կացրել 13 սեմինարներ և վարպետության դասեր: Երիտասարդության հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրի  շրջանակներում ապահովվել է Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը 10 միջոցառումների Ստեփանակերտում, Շուշիում և հանրապետության 7 համայնքներում: Բանակ-հասարակություն կապերի ամրապնդման նպատակով ՊԲ զորամասերում իրականացվել է քարոզչական ծրագիր, կազմակերպվել է սպա հոգեբանների հավաք-խորհրդակցություն: Առողջ ապրելակերպի, ընտանեկան արժեքների քարոզչության ծրագրի շրջանակներում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի մերձակա տարածքում 16 ընտանիքների ընդգրկմամբ կազմակերպվել է ՙԸնտանեկան ճամբար - 2012՚ ծրագիրը: Երիտասարդության ազատ ժամանցի կազմակերպման ծրագրի շրջանակներում հանրապետության երեք շրջանների չորս համայնքներում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Հանրապետության երիտասարդական ներուժի զարգացման ու համայնքային կյանքի ակտիվացման նպատակով կազմակերպվել է ՙԱրցախի երիտֆորում-2012՚ ծրագիրը:
Վերհիշելով Վաշինգտոն կատարած այցը՝ նախարարն ասաց, որ ԱՄՆ Կոնգրեսում անց են կացվել միջոցառումներ՝ նվիրված Արցախյան շարժման 25-րդ տարելիցին, ինչպես նաև Սումգաիթյան ցեղասպանության 25-ամյակին: Դրանք կազմակերպվել են ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի, Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և ԱՄՆ Հայկական ազգային կոմիտեի և Հայկական Համագումարի նախաձեռնությամբ: ՙԱդրբեջանցիներն ամեն ինչ արել են՝ այդ միջացառումները ձախողելու նպատակով,- պատմում է Ն. Աղաբալյանը։- Կոչ են արել կոնգրեսականներին  չմասնակցել միջոցառումներին, անձամբ ԱՄՆ-ում  Ադրբեջանի դեսպանը նման հայտարարություններով է հանդես եկել։ Սակայն բոլոր այդ քայլերը ոչ միայն չեն խանգարել, այլև ավելի մեծ հնչողություն են հաղորդել միջոցառմանը, որին  մասնակցել են մոտ 10 կոնգրեսականներ՚: Նախարարը կարևորեց նաև Կոնգրեսի արտաքին գործերով հանձնախմբի նորանշանակ նախագահ Էդ Ռոյսի մասնակցությունը միջոցառմանը, որին հնչեցին թե՜ նրանց շնորհավորական խոսքերը Շարժման 25-ամյակի կապակցությամբ, թե՜ Սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող ելույթներ: Այցի շրջանակներում Արցախի Հանրապետության ներկայացուցիչն առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի իր աշխատասենյակում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Դեվիդ Ս. Սեյսիլինի հետ, նահանգ, որ 2012-ին ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նարինե Աղաբալյանին հանձնվլ է նաև միջոցառման իրականությունը հավաստիացնող հավաստագիր: Հայցի շրջանակներում տեղի են  ունեցել հանդիպումներ Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու, Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արա Համբարյանի, աձնակազմի, ԱՄՆ-ում  Հայաստանի դեսպանի և դեսպանատան անձնակազմի հետ: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կայացել են Սուրբ Խաչ և Սուրբ Մարիամ եկեղեցիներում: ՙԲոլոր այդ հանդիպումներին,- նշում է նախարարը,- ներկայացրել եմ այսօր Արցախում ընթացող գործընթացները, երկրի զարգացման իրավիճակը, քննարկվել են փոխհամագործակցության տարբեր ծրագրեր՚: Հանդիպում է կայացել նաև ԱՄՆ գործող ՙՖերմատա՚ արվեստների հիմնադրամի պատասխանատուների հետ: Այդ կազմակերպության հետ արդեն իրականացվել է մեկ ծրագիր, իրազեկեց Ն. Աղաբալյանը, ցուցահանդես՝ ՙԿառուցենք տանիք երկրի վրա՚ խորագրով, Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնում: Նրանց առաջարկությամբ  համագործակցությունը կշարունակվի: ՙՀետաքրքրություն կա այդ հիմնադրամի կողմից Արցախի հանդեպ, և մենք պատրաստ ենք ընդունել, քննարկել նրանց առաջարկությունները՚,- ասաց նախարարը: Տրվել է նաև հարցազրույց ՙԱմերիկայի ձայն՚ ռադիոկայանին: Այս բոլոր նյութերը, տեղեկացրեց նա, կան համացանցում, թե՜ Հայաստանի և թե՜ ամերիկյան պարբերականների կայք-էջերում՝ տեսահոլովակներով, լուսանկարներով, և հետաքրքրողները կարող են տեղեկանալ այդ աղբյուրներից: Այս այցը, ընդհանրացնում է գերատեսչության ղեկավարը, պետք է դիտարկել վերջին շրջանում արտաքին քաղաքականության մեջ իրականացվող ծրագրերի շրջանակում, քանի որ վերջին շրջանում հանրապետության կողմից ակտիվ և տարբեր ձևաչափերով ծրագրեր ու միջոցառումներ են իրականացվում արտերկրում:
Օգտվելով առիթից՝ նախարարը շնորհավորեց երկու պետական թատրոններին՝ Թատրոնի համաշխարային օրվա արթիվ, մաղթեց ստեղծագործական վերելք և վստահեցրեց, որ նախարարության կողմից ամեն ինչ կարվի, որպեսզի մեր թատրոններն ունենան լիարժեք գործելու պայմաններ, ստեղծագործական ուժերով համալրելու հնարավորություն: Այդ երկու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Ինչպես գիտենք, երկու թատրոնների շենքերի պայմանների բարելավման աշխատանքներ են ընթանում: Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնի դահլիճը կառուցվում է և շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Իսկ  Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը տեղափոխվել է Մշակույթի և երիտասարդության պալատ, որպեսզի շենքը նախապատրաստենք կապիտալ նորոգման: Արդեն սկսված են նախագծման աշխատանքները, որն արվում է ճարտարապետ Արթուր Մեշչյանի կողմից: Երկու տարի առաջ բացվել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի նպատակային կուրսը, որի ուսանողները մեր թատրոնների ապագա դերասաները կդառնան: Նրանց և թատրոններում աշխատող դերասանների համար պարբերաբար անց են կացվում վարպետության դասեր: Նախարարության կողմից ֆինանսավորվելու են երկու թատրոններն էլ, հավաստիացնում է նախարարը, պետական աջակցություն կստանան նոր ներկայացումների բեմադրությունների, ինչպես և մանկապատանեկան բեմադրությունների համար, քանի որ, ինչպես ցույց է տալիս կյանքը, մանկական ներկայացումների խիստ կարիք կա:
Լրագրողների հարցերին նախարարը տվեց սպառիչ պատասխաններ։ 
 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ