[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԻԱՑՈՒՄ՚ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում օրերս կայացավ ռեժիսոր Սամվել Թադևոսյանի ՙՄիացում՚ փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրումը (նկարահանված Հայաստանի ազգային կինոկենտրոնում): 
Ցուցադրումից առաջ Ս. Թադևոսյանն ասաց հետևյալը.
- Երկար տարիների աշխատանք է այս ֆիլմը՝ իմ երազանքը, որն իրականացավ Մոսկվայում գործող ՙՀայաստան՚ մշակութային ընկերության տնօրեն Տիգրան Մանասյանի և նրա հոր՝ Լևոն Մանասյանի ֆինանսավորմամբ: Մեծ օգնություն են ցուցաբերել նաև ԼՂՀ պաշտպանության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները, Քաշաթաղի շրջվարչակազմը: Քաշաթաղն ինձ համար հարազատ հող է. այստեղ է նահատակվել եղբայրս՝ Սմբատը:
Ֆիլմն սկսվեց Արցախյան շարժման առաջին օրերի մասին պատմող պատկերներով, այնուհետև անցում կատարվեց պատմական անցյալ, որ Արցախը՝որպես հայկական տարածք, հիշատակվում է դեռևս ուրարտական Սարդուր 1-ին թագավորի սեպագիր արձանագրությունում: Ֆիլմի հեղինակն ընդամենը 50 րոպեի շրջանակներում կարողացել է նկարագրել Արցախի պատմությունը՝ սկսած մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբից, մինչև մեր օրերը: Պատմական էքսկուրսում նրան օգնել են պատմաբաններ Արա Պապյանը (հանդես է գալիս նաև ֆիլմում), Արմեն Այվազյանը և Գևորգ Հարությունյանը: 
Այնուամենայնիվ, ֆիլմում կարևորվում է Արցախի նորօրյա պատմությունը՝ ազատագրումը Ադրբեջանից: Շուշիի, Բերդաձորի և վերջապես՝ Լաչինի ազատագրումով իրականություն է դառնում արցախահայության երազանքը՝ միավորվել Հայաստանին: Ֆիլմում հանդես են գալիս ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի  առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ուրիշներ:
 Ֆիլմում ներառված են հատվածներ Արցախյան նորօրյա գոյամարտից, որ առաջին անգամ են ներկայացվում հանդիսատեսին: Կան նաև կադրեր՝ ադրբեջանցիների կողմից նկարահանված, որոնք պատմում են Խոջալուի մցխեթի թուրքերի՝ իրենց հայրենակիցների կողմից գնդակահարվելու մասին, Լաչինը թողնելու իրողությունը և այլն: Ֆիլմն ավարտվում է արդեն հայացած Քաշաթաղի շրջանի շենացման նորօրյա պատկերներով, և հավատով, որ Արցախն առմիշտ մնալու է հայկական։ Հանդիսատեսը՝ շրջվարչակազմի աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, բժիշկներ, բնակիչներ, ծափողջույններով ընդունեց ֆիլմը: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, շնորհավորելով հեղինակին, հանձնեց պարգևներ՝ շրջվարչակազմի պատվոգիր և Ծիծեռնավանքի հուշանվեր լուսանկարը։ 
Ցուցադրությունից հետո զրուցեցի Սամվել Թադևոսյանի հետ, ով Արցախյան գոյամարտի մասին պատմող բազում ֆիլմերի հեղինակ է (ՙԽոնարհ հերոսներ՚ շարքը, ՙՉկրակված փամփուշտներ՚ և այլն): Նա ասաց, որ Արցախյան գոյամարտի մասին պատմող ժապավենները տրամադրել են 10 օպերատորներ, ովքեր եղել են մարտադաշտերում. նրանցից է նաև ազգությամբ ռուս Կալինսկայան, ով նկարահանել է Խոջալուի մցխեթի թուրքերին, հարցազրույց ունեցել նրանց հետ.
նրանց տեղեկացմամբ՝ հայերն իրենց ճանապարհ են տվել՝ Աղդամ հասնելու համար, սակայն ադրբեջանցիները շատերին գնդակահարել են: Ս. Թադևոսյանը տեղեկացրեց նաև, որ եկող տարի այս օրերին և այս դահլիճում կցուցադրվի բժիշկ-ազատամարտիկ, գրող, Քաշաթաղի բուժմիավորման հիմնադիր և երկարամյա գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի (վախճանվել է 2012թ. հուլիսին) մասին պատմող ֆիլմ, որի աշխատանքներն սկսել է: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր